Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԸ՝ ՎԿԱ

Մարտ 05,2007 00:00

\"\"Վրաստանի հայկական Գյուլիբաղ գյուղի բնակիչները՝ Լոռու մարզի իրավապահների դեմ

Վրացականի սահմանն անցնելուց հետո 1 ժամ պահանջվեց հասնելու հարեւան պետության տարածքում գտնվող հայաբնակ Գյուլիբաղ գյուղ: Այնտեղի բնակչին՝ Գագիկ Չատինյանին 1 (մեկ) ծառ «կտրելու» համար ադրբեջանցի մաքսավոր Մեհմեդի օգնությամբ Ալավերդու ոստիկանները առեւանգել են Բագրատաշենից: «Առավոտը» տեղեկացրել էր, որ Գագիկը գտնվում է Վանաձորի քրեակատարողական հիմնարկում:

Գյուլիբաղում, ուր ապրում են 260 հայաբնակներ, մեզ դիմավորեցին հուզմունքով: Գյուղի բնակիչները մտադիր են Հայաստան գալ եւ հանդիպել Վրաստանի դեսպանին, իսկ «Առավոտի» միջոցով խնդրեցին, որ Գագիկի նկատմամբ կատարվածը քննեն ոչ թե Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, այլ՝ Երեւանում:

\"\"Գյուլիբաղցիների գնահատմամբ, իրենք «գերի են դարձել թե՛ վրացիներին, թե՛ հայերին»: Նրանք ասում են, որ հայաստանյան վառելափայտը իրենց գյուղի միջով տեղափոխվում է Վրաստան, ադրբեջանաբնակ գյուղեր: «Մեզ եթե մի մեքենա են թողնում, ազերիներին՝ 10»,- ասում է 50 տարվա մանկավարժ, Վրաստանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Հովսեփյանը: 81-ամյա Կոլյա Հովսեփյանն էլ, որը նախկինում ոստիկան է եղել, Հայաստանից ինձ հետ Գյուլիբաղ այցելած փաստաբան, Գագիկ Չատինյանի պաշտպան Արմեն Մանուկյանին ասում է. «Գյուղում հանցագործ չկա: Չի եղել: Որպեսզի անտառապահը իր կաշին փրկի, կատարվածը Գագիկի վրա է գցել»: Գյուղի բնակիչ Սուրեն Խաչատրյանն էլ պնդում է՝ «Անտառը խոջոռնեցի Տիգրան Ղարիբյանով, անտառապահով պետք է ստուգել»:

«Հանցագործ» Գագիկն ունի անչափահաս երկու երեխա՝ Տաթեւիկն ու Յուրիկը, իսկ կինը քաղցկեղով հիվանդ է, մեկ տարի է՝ ինչ մեկուսացված է իր ընտանիքից: Երեխաները մեր այցելության ժամանակ վերադարձել էին գյուղի միակ դպրոցից, լսելով հոր անունը՝ լաց եղան: Դեմքներն էին պահում, որպեսզի արցունքոտ աչքերը թաքցնեն: Ըստ Չատինյանների հարեւանի՝ 75-ամյա Սարո Վարդումյանի, Գագիկի ընտանիքը «գյուղի քյասիբ ընտանիքն է: Ամեն ինչին դժվարությամբ էր հասնում»: Զրուցակիցս խնդրում է, որ իրեն նույնպես հրավիրեն Հայաստան՝ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան՝ որպես վկա: Սակայն «Ծառի գործի» նախաքննությունը չի ավարտվել, գործը դատարան չի ուղարկվել: Գագիկ Չատինյանի գործը, ըստ գյուլիբաղցիների, «սարքել» են Ջամալ Դավթյանը, Արկադի Վերմիշյանը, Գագիկ Սարգսյանը, Տիգրան Ղարիբյանը, Գուրգեն Դավթյանը: Անտառի պատասխանատուները, որոնք «թուրքից փողը վերցնում, հայերին թակարդն են գցում»:

\"\"Չատինյանի հայրը, որը հայտնի է իր հայրենասիրությամբ, Անդրանիկի նկարը գլխավերեւում՝ կուչ էր եկել: Մեզ հետ ոչ մի բառ չփոխանակեց՝ նեղացած էր: Գագիկի կինը՝ Անահիտ Ղարիբյանը ամուսնուն մեկ անգամ է տեսակցել: Նա տեղեկացնում է, որ ամուսնուն 6 օր Ալավերդու ոստիկանությունում են պահել:

Անահիտը հավատում է, որ երեւանաբնակ փաստաբան Արմեն Մանուկյանը ամուսնու արդարացման համար միջոցներ կգտնի: Մեկ անգամ խափանման միջոցը փոխելու միջնորդություն փաստաբանն արդեն արել է: Ապարդյուն:

Վրաստան, Գյուլիբաղ Հ. Գ. Գյուլիբաղում լարային հեռախոսներ չկան: Միակ կապն ապահովվում է «ՎիվաՍելլի» միջոցով, այն էլ միայն Վանաձորի հետ: Այս գյուղում քչերը հեռուստացույց ունեն: Հայաստանի 1-ին ալիքը կարողանում են նայել: Գյուղի հողերը պատկանում են Վրաստանի պատրիարքարանին: Գյուղն ունի 1 դպրոց, որը կառուցվել է 1934 թվականին: Այն Վրաստանի պետությունը չի կառուցել, այլ՝ Սերգո Թունյանը, որին 1937-ին գնդակահարել են: 2000-ին դպրոց այցելած ՀՀ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Գեւորգ Գեւորգյանը գրատախտակներ էին նվիրել: Այս գյուղը յուրօրինակ անցուղի է. ճանապարհով անցնում է վրացին, ադրբեջանցին, հայը: Առեւտուրն արվում է լարիով, դրամով, ռուսական ռուբլով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել