Զինծառայող Ներսես Քոչարյանի ծնողներին չեն տալիս իրենց որդու էպիկրիզը
«Առավոտի» տեղեկություններով, պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալ էր վերջերս տեղափոխվել Խոջալուի զորամասի զինծառայող, Երեւանի Կ. Ուլնեցու 51 շենքի 45 բնակարանի բնակիչ Ներսես Քոչարյանը: Ներսեսը մանկուց կարճատես է եղել: Ըստ Ներսեսի հոր՝ գիտաշխատող Ռոմիկ Քոչարյանի, որդին 1994-ին թաղամասային պոլիկլինիկայի ակնաբույժի կողմից ուղարկվել է N1 ակնաբուժական կլինիկա եւ մինչեւ 2004թ. հունիսը գտնվել է դիսպանսեր հսկողության տակ: Քոչարյանը պարբերաբար ստացել է ամբուլատոր եւ ստացիոնար, դեղորայքային եւ ապարատային բուժումներ: «Մեր ընտանիքում կարճատեսությունը ժառանգական է, ինձ մոտ՝ աստիգմատիզմով, կնոջս մոտ՝ բարձր կարճատեսությամբ (-7, -7): Մեր որդու կարճատեսությունը այս տարիների ընթացքում խորացել է. 1993թ. աջ աչքի տեսողությունը եղել է – 4,5, իսկ ձախ աչքինը՝ -3, եւ տասնմեկ տարվա ընթացքում (2004-ին) արդեն այն դարձել էր՝ -7,5, -5,25, առկա էր նաեւ աստիգմատիզմ: Այդ ընթացքում եղել են բարդություններ, դիտվել են աչքի հատակի պղտորություն, ցանցաթաղանթի հետ կապված երեւույթներ»,- «Առավոտին» է պատմում Ռոմիկ Քոչարյանը: Ներսեսին բժիշկներն առաջարկել են նաեւ վիրահատություն, ինչը տեղի չի ունեցել, քանի որ սկսվել է հիվանդության շարունակական խորացման ընթացք: Մինչ բանակ զորակոչվելը Քոչարյանը հաշվառման մեջ էր եւ բժշկական հսկողության տակ: Կատարվում էին նրա աչքի սրսկումներ՝ կարճատեսության խորացման եւ տեսողության վատթարացման ընթացքը մեղմելու եւ կանխարգելելու ուղղությամբ: Ներսես Քոչարյանի համար իրենց տարածքային կլինիկայում բժշկական քարտ էր բացվել, որտեղ արտացոլված էր հիվանդության ընթացքը՝ 1999-2004թթ.: Որքան էլ տարօրինակ է, մինչ օրս ծնողներին չի տրվել իրենց որդու հիվանդության եւ բուժման ընթացքի վերաբերյալ էպիկրիզը:
Արաբկիր-Զեյթուն համայնքների զինկոմիսարիատի ուղեգրով, 2006-ի սեպտեմբերին, թիվ 8 բուժմիավորման ակնաբուժական բաժանմունքի մասնագետի եւ նրա ղեկավարի կողմից զորակոչիկի երկու աչքերի համար տրվեցին նույնական տվյալներ, ինչը զարմացրեց ծնողներին. «Մեր որդու աչքերի միջեւ մշտապես առկա է ամենաքիչը երկու դիոպտրիայի տարբերություն: Զինկոմը, սակայն, մեր որդուն, իսկ հետագայում նաեւ մեզ, հայտնում էր, որ թիվ 8 բուժմիավորման ակնաբույժ մասնագետների կողմից տրված ակտի մեջ գրված է՝ -4, -4, մինչդեռ երկու տարի առաջ թիվ 1 մանկական ակնաբուժական հիվանդանոցի տվյալների համաձայն՝ -7, -5 էր»: Ըստ զինկոմիսարիատի եւ հանրապետական զինվորական բժշկական հանձնաժողովի մասնագետների, Ներսեսը համարվեց շարային զինվորական ծառայության համար պիտանի եւ ուղարկվեց հեռավոր զորամաս:
«Հասկանալով, որ լիովին հնարավոր է մեր որդու աչքերի այդչափ կարճատեսության պարագայում անգամ անարդարությամբ զինվորական ծառայության զորակոչելը, մենք նրա աչքերի կարճատեսությունն ու տեսողությունը, ակնոցների համարները ճշտելու համար դիմեցինք Մալայանի ակնաբուժական կլինիկա, որտեղ նա մանրամասն հետազոտության ենթարկվեց բժշկուհի Դիանա Արտաշեսի Մարգարյանի կողմից: Ըստ այդ հետազոտության արդյունքների՝ աջ աչքը հորիզոնական առանցքով –7 է, ուղղահայաց առանցքով՝ -8, ինչը նշանակում է, որ նրա աջ աչքը ունի բարձր աստիճանի կարճատեսություն եւ առկա է նաեւ աստիգմատիզմ, իսկ ձախ աչքը հորիզոնական առանցքով–4,5 է, ուղղահայացով՝ -6, այսինքն՝ ձախը ունի միջին աստիճանի կարճատեսություն՝ բարձրի սահմանագծին շատ մոտ եւ նույնպես առկա է աստիգմատիզմ»,- պատմում է Ներսեսի հայրը:
2006թ. դեկտեմբերին, երբ Արաբկիր համայնքի զինծառայողների ծնողների հետ հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ներսեսի հայրը հնավորություն ունեցավ բանավոր դիմել նախարարին: Նա հասցրեց նախարարին տեղեկացնել զորակոչի ընթացքում իր որդու աչքերի կարճատեսության հիվանդության վերաբերյալ թիվ 8 բուժմիավորման ակնաբույժի եւ Հանրապետական հանձնաժողովի բժշկի տվյալների անհամապատասխանության մասին: Նախարարը որոշում կայացրեց Ներսես Քոչարյանին ուղարկել բժշկական քննության:
Նախարարի 2007 թ. հունվարի 23-ի հրամանով Ներսեսին ԼՂՀ-ից բերեցին Հայաստան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալի ակնաբուժական բաժանմունք: Ծնողները կրկին դիմեցին ՀՀ առողջապահության նախարարին՝ Մանկական թիվ 1 ակնաբուժական կլինիկայից Ներսեսի բուժման էպիկրիզը ձեռք բերելու նպատակով, եւ փետրվարի 2-ի համար խնդրեցին անձնական ընդունելություն, որն իրականացրեց ԱՆ առաջին փոխնախարարը: Նա հրահանգեց համապատասխան բաժնին՝ դիմել թիվ 1 ակնաբուժական կլինիկայի գլխավոր բժշկին, որպեսզի անձամբ ծնողներին տրամադրվի էպիկրիզը, ինչպես նաեւ դիմեց Ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանին՝ էպիկրիզի համար այդ կլինիկային պաշտոնական հարցում կատարելու խնդրով: Սակայն մեկ շաբաթ անց համապատասխան բաժնի աշխատակցի եւ կլինիկայի գլխավոր բժշկի անմիջական մասնակցությամբ այդ հրահանգի առաջին մասը՝ անձնապես ծնողներին էպիկրիզը տրամադրելու վերաբերյալ, կասեցվեց:
Ներսեսն օրեր առաջ ստուգվել է նաեւ Ժամանակակից բարձր տեխնիկական ճշգրտության ապարատներով հագեցված Կանադական ՕՊՏՕՄԵԴ աչքի դիագնոստիկ կենտրոնում, որի տվյալներն են. աջը՝ –6,5 հորիզոնական եւ -7,75 ուղղահայաց առանցքներով, իսկ ձախը՝ -4,5 հորիզոնականով եւ –5,5 ուղղահայաց առանցքով, եւ առկա է աստիգմատիզմ:
Այսքանից հետո Ներսեսը զինծառայության համար պիտանի կհամարվի՞: