Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՆՈՏԱՐԻՆ

Մարտ 05,2007 00:00

\"\"Կառավարությանը՝ ո՛չ նոտարների կյանքն ու անվտանգությունն է անհանգստացնում, ո՛չ էլ հարմարավետությունը:

Տարեսկզբին Վանաձորի նոտարական գրասենյակում պետական նոտարի՝ Սոնյա Վերանյանի սպանությունը մեկ անգամ եւս վկայեց, որ նույնիսկ իրենց աշխատասենյակներում նոտարները պաշտպանված չեն: Թեեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի չորրորդ կետը սահմանում է, որ «Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի՝ օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով»: Օրենքի այդ կետը միանգամայն արդարացված է, քանի որ նոտարներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում հակակրանք, երբեմն էլ նույնիսկ ատելություն են առաջացնում իրենց հետ շփվող մարդկանց մեջ:

Նոտարական գրասենյակներից եւ ոչ մեկում ոստիկան չկա: Մարզերի նոտարական գրասենյակներում խառնաշփոթն ու անկարգություններն այնքան տեսանելի են, որ խոսք անգամ չի կարող լինել անվտանգ եւ բնականոն աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ մոտակա տարիներին պետությունը հնարավորություն չի ունենա նոտարական գրասենյակներում անվտանգության աշխատակիցներ պահել: «Եթե այդպես նայենք, ուրեմն պետք է քաղաքացիության ակտերի գրասենյակներին էլ անվտանգության աշխատակիցներ կցենք, բայց դա հնարավոր չէ, մենք նույնիսկ չենք հասցրել դատարաններն ապահովել անվտանգության աշխատակիցներով: Բայց դրա կարիքն էլ այսօր չեմ տեսնում, Վանաձորում նոտարի սպանությունը հասարակ սպանություն է եղել, որն իրենից հասարակական մեծ վտանգավորություն չի ներկայացնում եւ կապված չի եղել նոտարի մասնագիտական գործունեության հետ»,- ասում է Ռ. Պետրոսյանը:

Հանրապետության գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանն էլ նշեց, որ թեեւ վատ չէր լինի, որ նոտարների անվտանգությունն ապահովեին անվտանգության աշխատակիցները, բայց եւ նշեց, որ դա էլ չէր օգնի նոտարներից դժգոհ քաղաքացիների դեմն առնելուն: «Օրենքը թույլ է տալիս նոտարներին իրենց գրասենյակներում անվտանգության աշխատակիցներ պահել, բայց քանի որ 2002-ից նոտարները կառավարությունից ոչ մի աջակցություն չեն ստանում՝ նույնիսկ մեկ գրիչ, ուստի դժվար է իրենց հաշվին աշխատակից պահելը: Անվտանգության աշխատակիցներն էլ նոտարների առջեւ հարց են դնում, որ իրենց ապահովեն առանձին սենյակով ու հարմարություններով, ինչը հնարավոր չէ, քանի որ հենց նոտարներն ունեն տարածքի խնդիր»,- ասում է Մ. Գաբոյանը: Նրա խոսքերով, ոստիկանության միջին պատրաստվածության աշխատակիցներն ամսական պահանջել են նվազագույնը 150 հազար դրամ աշխատավարձ, ինչը նոտարների համար մեծ գումար է:

Նշված եւ այլ խնդիրների մասին փորձեցինք զրուցել Էջմիածնի նոտարական գրասենյակի նոտար Ալեք Ավետյանի հետ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Պրն Ա. Ավետյանը նախ պատճառաբանեց, թե շատ զբաղված է եւ նույնիսկ «քիթ սրբելու» ժամանակ չունի, հետո էլ մատնանշեց «Նոտարիատի մասին» օրենքի հոդված 5-ը. «Գնացեք հոդվածը կարդացեք, կտեսնեք, որ իրավունք չունեմ ձեզ տեղեկություններ տալու, ինչո՞ւ չեք գնում նախարարություն, այնտեղից ձեզ տեղեկություններ կտան»: Նոտարը, ըստ նշված 5-րդ հոդվածի՝ «Պարտավոր է գաղտնի պահել իր կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները»: Սակայն «Առավոտը» բացարձակապես մտադրված չէր նոտարից նման տեղեկություններ կորզելու, այլ պարզապես ուզում էր ընթերցողին ներկայացնել նոտարի աշխատանքի յուրահատկությունները:

Էջմիածնի նոտարական գրասենյակում անվտանգության կանոնները պահպանված չեն: Չկան հարմարություններ տարածքում աշխատող երկու նոտարների համար: Գրասենյակի տարածքն այնքան փոքր է, որ նոտար Ղարիբյանի սենյակում շարժվել անգամ չի լինում, իսկ միջանցքում բազմաթիվ քաղաքացիների գտնվելն արդեն կարող է խոչընդոտել նոտարների աշխատանքը, քանի որ մուտք ու ելք անել չի լինում, իսկ աղմուկը խանգարում է լսել դիմացինին:

Օրենքով սահմանված է, որ նոտարական գործողությունների իրականացումը եւ նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով եւ չափով: Այն, որ նոտարական գործողությունների իրականացումը վճարովի է՝ մեծ-մեծ տառերով գրած եւ փակցված է հայտարարությունների համար նախատեսված անկյունում, իսկ այն հատվածը, որը վերաբերում է վճարման կարգին եւ չափին՝ գրված է մանր տառերով եւ փակցված է ցուցատախտակի վերին մասում, ինչն էլ լուրջ դժգոհություններ է առաջացնում հատկապես մեծահասակների շրջանում, քանի որ նրանք նույնիսկ ակնոցով չեն կարող կարդալ. «Ո՞վ է տեսել նման խայտառակություն, գիտենք, որ ծառայությունը վճարովի է ու խոշոր տառերով էլ գրել են, որ տանենք իրենց փող տանք: Դա այնքան անշնորհք ձեւով են անում, որ նույնիսկ վճարման ենթակա գների ցուցակը մեզ համար տեսանելի չեն դարձնում, ինչ է, անպայման պիտի 180 սմ հասա՞կ ունենանք, որ կարողանանք կարդալ»,- «Առավոտին» դժգոհեց մի տարեց կին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել