Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողներին խոչընդոտողները չեն պատժվում

Մարտ 05,2007 00:00

Հանցագործները հաճախ ազատվում են չնչին տուգանքով

Ըստ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության վերջերս անցկացրած ուսումնասիրությունների, Հայաստանում 2006-ին լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող 16 դեպք է արձանագրվել. այդ թվում՝ դանակահարվել է «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Դավիթ Ջալալյանը, հրկիզել են «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի եւ քարկոծել «Լոռի TV»-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի մեքենաները, հոսանքազրկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը, ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, հայհոյանքներով եւ սպառնալիքներով նամակներ են ուղարկվել որոշ լրագրողների:

Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ «Ինտերնյուսի» իրավաբանական բաժնի պետ Դավիթ Սանդուխչյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ լրագրողական աշխատանքի խոչընդոտումը Հայաստանում քրեական հանցագործություն է համարվում. «Մինչդեռ կիրառվող պատիժները բավական մեղմ են: Մենք պետք է գիտակցենք, որ պաշտպանելով լրագրողին, պաշտպանում ենք ողջ հասարակությանը, նրա տեղեկատվություն ստանալու իրավունքը»: Կազմակերպության իրավաբան Օլգա Սաֆարյանը նշեց, որ սա «Ինտերնյուսի» կողմից իրականացված երկրորդ ուսումնասիրությունն է, իսկ առաջինը կատարվել է 2005-ին, որտեղ ամփոփվել են 2003-2005թթ. միջադեպերը: «Իրավիճակը նախորդ տարիների համեմատությամբ գրեթե չի փոխվել: Թե անհատների, թե պետության կողմից լրագրողները շարունակում են ճնշումների ենթարկվել»,- հայտնեց Օ. Սաֆարյանը: Նա փաստեց, որ ՀՀ ԶԼՄ-ների մասին օրենքում հստակ նշվում է, որ արգելվում է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը, նույն օրենքում ասվում է, որ լրագրողը իր մասնագիտական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ: «2003-ի օգոստոսից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն, լրագրողի գործունեությունը խոչընդոտելը դիտվում է որպես հանցագործություն, այն քրեորեն պատժելի է: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ 2003-2005-ին ընդամենը մեկ անգամ է հարուցվել քրեական գործ տվյալ հոդվածով (խոսքը Աննա Իսրայելյանի դեմ իրականացված հանցագործության մասին է): Իսկ 2006-ին 164 հոդվածը միայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով է կիրառվել, երբ նրա մասնագիտական աշխատանքները խոչընդոտելու պատճառով քրեական գործ է հարուցվել, սակայն այս գործը կարճվել է, հետեւաբար ոչ ոք չի պատժվել»:

Ըստ Դ. Սանդուխչյանի, լրագրողի պաշտպանության համար այսօր անհրաժեշտ է խստացնել գործող օրենքները. «Դա կզսպի այն անձանց, ովքեր կփորձեն ոտնահարել խոսքի ազատությունը»: Նա ցավով նշեց, որ մինչ օրս իրավապահ մարմինների ներկայացուցիչները իշխանությունների կողմից օգտագործվում են որպես լրագրողների վրա ճնշում գործադրելու գործիք, ինչը եւս անպատժելիության արտահայտություն է:

Երեկ «Ինտերնյուսը» ցուցադրեց նաեւ «Լրագրողների իրավունքները» ֆիլմը: Նկարը պատմում էր այն լրագրողների մասին, ովքեր իրենց պրակտիկայում հանդիպել են տարբեր խոչընդոտների ու բռնությունների, սակայն դրանց հեղինակները ընդամենը տուգանվում են 50000-100000 դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել