Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՔՍԻՍՏԸ «ՇԻՐԽԱՆԻ» ՉԻ ԵՐԳԻ

Մարտ 05,2007 00:00

\"\"Հոր պարտադրանքով բժիշկ դարձած Դավիթ Հակոբյանը մանկուց օպերային արվեստի սիրահար է

Հանրային հեռուստատեսությունը առաջիկայում կներկայացնի հանրահայտ «Երկու աստղ» նախագծի հայաստանյան տարբերակը, որտեղ դուետով հանդես են գալու պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիներ՝ անվանի մարդկանց հետ: Օրինակ, Ալլա Լեւոնյանը կերգի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի հետ, եթե, իհարկե, հաջողվի: Որովհետեւ Օ. Միրզոյանը հեռուստատեսությամբ ասում էր, թե ավելի շուտ Ալլան ծանրություն կբարձրացնի, քան ինքը կերգի: Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ երեկ կայացել է առաջին փորձը, մասնակիցները ստացել են համապատասխան հանձնարարություններ: Պարզեցինք, որ չնայած հեռուստագովազդում հնչած անուններին, որոշ դուետներ ենթակա են փոփոխության: Օրինակ, ինչ-ինչ պատճառներով երգչուհի Նառան չի երգի Կարմիր խաչի հիվանդանոցի ղեկավար Մխիթար Մնացականյանի հետ: Ամենակոլորիտով զույգը՝ Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու երգչուհի Աիդա Սարգսյանը երեկ չեն կարողացել փորձել իրենց երգերը՝ կուսակցական գործչի գերզբաղվածության պատճառով: Երգչուհին տեղեկացրեց, որ իրենց դուետը կատարելու է «Շիրխանի», «Քեզ սիրեցի», «Պաստոյ, պառավոզ», «Ջան իմ Երեւան» հայտնի երգերը: Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է բացակայել առաջին փորձից: Նա «Առավոտին» պարզաբանեց, որ այժմ նախընտրական փաստաթղթային հոգսերով է զբաղված. «Ժամանակ չեմ ունեցել ոչ միայն փորձին ներկայանալ, այլեւ նույնիսկ իմ, այսպես ասած՝ զուգընկերուհուն տեսնել-ծանոթանալ: Ափսոս, վաղն էլ Իջեւան եմ գնալու՝ 41-րդ ընտրատարածքում իմ առաջադրման հարցերով: Բայց առաջիկայում անպայման կաշխատեմ փորձերին ներկա լինել»: Երբ պարոն Հակոբյանին ծանոթացրինք իր երգացանկի հետ, նա նեղսրտեց. «Անկախ իմ զուգընկերուհու ցանկություններից եւ ճաշակից, ես միայն դասական ռեպերտուար կերգեմ: Ազգային, կոլորիտային ժանրը ինձ երբեք հոգեհարազատ չի եղել, ոչ էլ ժամանակակից էստրադայի հետ կապված հոգեբանական պաթոս ունեմ: Ես դասականի կողմնակից եմ»: Պարոն Հակոբյանից հարցրինք՝ իսկ իրեն երգչի դերում պատկերացնո՞ւմ է: «Ես երաժշտական կրթություն ունեմ, նվագում եմ մի քանի գործիքների վրա: Դպրոցական տարիներին նույնիսկ հակումներ ունեի օպերային երգարվեստի հանդեպ, բայց հայրս, որ բժիշկ էր, պարտադրեց իր ճանապարհով գնալ: 40 տարեկանից հետո էլ մորիցս ժառանգած՝ քաղաքական ճանապարհով գնալու ջիղը աշխատեց… Երբեք չենք կարող հասկանալ, թե ինչ կթմբկահարի ճակատագիրը: Այնպես որ, խոսքս կավարտեմ Շիրազի հայտնի տողերով՝ ապրենք հույսով, վաղվա լույսով»: Հաջորդ հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր նորամուտը երգարվեստ կընկալվի իբրեւ նախընտրական քարոզչություն, ինչը ժամանակին պատահեց մոսկովյան նույնանուն նախագծում հանդես եկած երգիչ Սերյոգայի եւ Վլադիմիր Ժիրինովսկու պարագայում, Դ. Հակոբյանը պատասխանեց. «Ամենեւին ոչ: Քարոզարշավը սկսվում է ապրիլից: Հետո էլ, ես ռեկլամից եմ իմացել, որ պետք է երգեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել