Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Մարտ 05,2007 00:00

Հարգելի պարոն նախագահ, 100-ից ավելի նամակներ եմ ուղարկել ձեզ եւ ՀՀ վարչապետին, ու այդպես էլ որեւէ պատասխան չեմ ստացել:

Ձեզ դիմելու անհրաժեշտությունը բխում է զանազան հայ պաշտոնյաների՝ էներգետիկայի կարեւոր հարցերում ունեցած անզորությունից եւ անտարբերությունից, որի օրինակներից մեկն էլ ԿԳ նախարարության նամակ-պատասխանն էր՝ ինձ ուղղված: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ստորագրությամբ նամակում խոստովանվում էր այն ամոթալի, բայց եւ օբյեկտիվ իրողությունը, որ «ոչ ԵՊՀ-ում, ոչ ԳԱԱ-ի համակարգում էներգետիկայի համար ջերմային շարժիչների բնագավառում նեղ մասնագետներ չկան»։ Դուք ինժեներական մասնագիտություններում քաջատեղյակ եւ հայրենական լուծումներում ամենաշահագրգիռ երկրի առաջին դեմքն եք։ Իսկ ես իմ առաջարկների օգտակարության հարցում չեմ կարող սխալվել, քանի որ գրեթե 10 տարի մասնագիտական փորձառություն եմ ստացել ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովի կողմից ղեկավարվող կոսմիկահրթիռաշինական՝ տեխնիկայում եւ էներգետիկայում անգերազանցելի ձեռնարկությունում, Հայաստանում միակ ինժեներն եմ, որ մշակել ու արտոնագրել է ամենաբարձր մասնագիտական ատյանների հավանությանը արժանացած 40 գյուտ, որից 17-ը վերաբերում է միանգամայն նոր սկզբունքով աշխատող (հեղուկ աշխատանքային մարմնի, ջերմամեխանիկական հիշողությամբ մետաղների օգտագործմամբ եւ այլն) ցանկացած ջերմային աղբյուրի՝ էլեկտրաէներգիայի վերածման հնարավորությամբ, էկոլոգիապես մաքուր ջերմային շարժիչներին։ Այդ շարժիչներից 4-ը նախկին համամիութենական գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի կողմից ճանաչվել են «հրապարակման ոչ ենթակա»՝ պետական գաղտնիք։

Ձեր ծանուցմանը ներկայացնելով տեխնիկայում աննախադեպ հեղուկ աշխատանքային մարմնով աշխատող շարժիչներից մեկի սխեմատիկ գծագրերը (անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ նաեւ մանրամասն տեխնիկական բացատրությունը)՝ խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա հազվագյուտ ունակության՝ արեւային ճառագայթների օգտագործման՝ Հայաստանի համար կարեւոր հատկանիշի վրա, ինչը չի կարելի ապահովել գազային շարժիչներում՝ դրանց հազարապատիկ մեծ ծավալների պատճառով։ Մինչեւ օրս այդ նպատակներով կիրառվող կիսահաղորդչային սարքերը իրենց բարդությամբ, թանկությամբ եւ անհուսալիությամբ չեն կարող համեմատվել նշված շարժիչի հետ։

Բայց արի ու տես, որ հայ էներգետիկները, որոնցից ոչ ոք իմ ստեղծած 17 շարժիչի դիմաց չի արել գոնե մեկ ջերմային կամ էլեկտրական շարժիչ, հարկ համարեցին աքսիոմատիկ հասկացությունների մերժման գնով բացառել որեւէ դրական հատկանիշ իմ այն աշխատանքներում, որոնք ժամանակին ստացել են պետական գաղտնիք համարվող արտոնագրեր, արժանացել մեկ ռուս եւ երկու հայ ակադեմիկոսների, 16 հայրենական եւ այլազգի մասնագիտական ատյանների հավանությանը։ Էներգետիկայի շուրջ տրամաբանված երկու խոսք ասելու մեջ անընդունակ մարդիկ՝ էներգետիկայի նախարարությունից, չխորշեցին «օբյեկտիվ քննարկումների» անվան տակ յուրային «մասնագետների» օգնությամբ կազմակերպել թատերականացված խեղկատակություն՝ 30 դոկտոր֊պրոֆեսորների մասնակցությամբ, որի նպատակն էր էներգետիկայում իրենց իմացությունների եւ բարոյականության պակասի քողարկումը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում պարզաբանեցին, որ ջերմային շարժիչի գոնե մեկ նմուշի պատրաստումը (որը կօգներ համապարփակ գնահատանք ձեւավորել շարժիչի հնարավորությունների մասին) բավականին մեծ միջոցներ պահանջող գործ է, որի համար նախարարությունը չունի ֆինանսներ։ Իսկ ԿԳ նախարարը՝ չնայած խոստմանը, հարկ չհամարեց հանդիպել գիտության եւ կրթության գործում ոչ քիչ վաստակ ունեցող մասնագետիս հետ, ով գալու էր բացատրելու դաշնակցական նախարարին՝ գիտաարտադրական միջոցների ներդրմանը նպաստելու միջոցով իր ժառանգական ազգասիրությունը դրսեւորելու ձեւերի մասին։

Իմ այն ակնարկին, որ իմ կողմից ստեղծված, արտոնագրված եւ փորձարկված են նաեւ 5 հայկական առաջին գլուխկոտրուկները (որոնցից մեկը իր ազգային խորհրդանիշների առկայությամբ եւ հետաքրքիր ու բարդ լուծումներով շահել է ամենաբարձր մրցանակները խաղալիքների համամիութենական մրցություններում), որոնք կարող են երաշխավորել մեծ պահանջարկ եւ մեծ շահույթներ (հիշենք, որ Ռուբիկ-կուբիկը իր բազմաթիվ արտադրողներին ամբողջ աշխարհում բերել է 7,5 մլրդ դոլարի եկամուտ), եղավ պատասխան՝ «Մենք լուրջ նախարարություն ենք եւ մանկական խաղալիքներով չենք զբաղվում…»: Խնդրում եմ քայլեր ձեռնարկեք այս խնդիրների լուծման հարցում եւ ապացուցեք, որ խրախուսում եք հայրենիքի զորացման համար ցանկացած նախաձեռնություն, այլ ոչ թե ընտրությունների, կուսակցությունների, կաշառակերության, գործազրկության եւ այլնի մասին օրեցօր հասարակության մեջ ընդարձակվող վեճերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել