Հակառակ դեպքում, ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանին ցավագին կատակլիզմներ են սպասվում:
– Ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական փուլը:
– Նախորդ շրջանում արձանագրված ժամանակի լուրջ կորուստը հանգեցրել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության խոր ճգնաժամի: Այն ունի համակարգային բնույթ, այսինքն՝ ընդգրկում է նախ եւ առաջ՝ արտաքին քաղաքականությունը, որն այլեւս չի կարող չհստակեցվել, քաղաքական դաշտը, որը չի կարող մնալ ներկա դոնդողանման վիճակում, տնտեսությունը, որը չի ցանկանում լինել քաղաքական անկատար համակարգի պատանդը, բարոյա-հոգեբանական վիճակը, որի վատթարացումը հասել է կրիտիկական սահմանագծին: Դրա հետեւանքով առկա լրջագույն մարտահրավերների հաղթահարումը՝ առկա կլանային համակարգի պայմաններում, գործնականում անհնար է դարձել: Հետեւաբար՝ նախընտրական փուլում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումները հստակեցնելու են ընդամենը մեկ խնդիր. հնարավո՞ր է, արդյոք, խաղաղ ու անցնցում փուլային իշխանափոխություն, որովհետեւ Ղարաբաղի հարց ունեցող երկրի համար մյուս ճանապարհը շատ մեծ շքեղություն է լինելու: Հակառակ պարագայում՝ ներքաղաքական իրադարձությունները ծավալվելու են ջրապտույտի տրամաբանությամբ:
– Ի՞նչ ջրապտույտ, եթե Քոչարյանը վաղուց արդեն հրապարակել է այն ուժերի անունները, որոնց ցանկանում են տեսնել խորհրդարանում, իսկ ընդդիմությունը չկարողացավ միավորվել:
– Այդ ամենը նախընտրական խճանկարի միայն երեւացող կողմն է, քանի որ ճգնաժամը միայն երկրի ներսում չէ, այլեւ նրա շուրջը: Այն աշխարհաքաղաքական դաշտը, որի արանքում իշխանավորները վերջին տարիների ընթացքում զբաղվում էին ժամանակ ձգելով եւ իրենց անձնական խնդիրները լուծելով, այժմ ենթարկվում է հիմնարար փոփոխությունների: Հայաստանում առկա կլանային համակարգը չի դիմանա արտաքին հզորագույն ազդակների ուղղակի կամ միջնորդավորված ներգործությանը: Եվ դա տեղի կունենա շատ արագ, քանի որ ոչ ոք չի նստելու եւ սպասելու՝ մինչեւ իշխանությունը հասկանա, որ ընտրությունների կեղծումը ոչ թե սոսկ կապակայունացնի ներքին իրավիճակը, այլ երկիրը կկանգնեցնի միջազգային մեկուսացման կամ՝ Ղարաբաղի հարցով անցանկալի փաստաթուղթ ստորագրելու երկընտրանքի առջեւ: Հենց սա է այն իրական ծուղակը, որը բոլորիս, այդ թվում՝ իշխանություններին, պարտադրում է ազատ ու արդար ընտրությունների միջոցով էվոլյուցիոն զարգացման ճանապարհն ընտրելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է նաեւ, որ առկա կլանային համակարգը չի կարող ապահովել նույնիսկ իր կողմից սրբություն սրբոց համարվող Ղարաբաղի հարցի լուծման ձգձգումը: Ընդ որում՝ որպես ընտրությունները հնարավոր կեղծող կողմի, իշխանություններին կառաջարկվեն շատ ավելի ստորացուցիչ պայմաններ, որոնք չկատարելու դեպքում միջազգային հանրությունը կդիմի կոշտ քայլերի՝ վարկերի եւ օգնությունների կրճատման ու միաժամանակ մեր գլխին կթափվի հակահայ բանաձեւերի հեղեղ: Ի՞նչ են անելու այդ պարագայում իշխանությունները` մեր երկիրը վերածելու են Բելառուսի՞, թե՞ Հյուսիսային Կորեայի: Հայաստանը նման անընդունելի այլընտրանք չունի, քանի որ զուրկ է ոչ միայն ծովից, այլեւ բնական լուրջ ռեսուրսներից: Ավելին, ստեղծված իրավիճակից արագորեն կօգտվեն մեր հակառակորդները: Հետեւաբար՝ ազգային-պետական շահերը պահանջում են ազատ ու արդար ընտրությունների միջոցով իշխանափոխության անցնցում, էվոլյուցիոն գործընթացի ապահովում, որի այլընտրանքը լինելու են ներքին երկարատեւ ու ցավագին կատակլիզմները եւ արտաքին ջրապտույտի մեջ տարուբերվելու անհույս փորձերը:
– Բայց չէ՞ որ այդ նույն՝ ձեր ասած կլանային համակարգը կարող է նաեւ երկարաձգել իր գոյությունը՝ կտրուկ կերպով փոխելով իր արտաքին-քաղաքական նախապատվությունները: Իզուր չէ, որ վերջերս ռուսական մամուլում հրապարակվեցին հոդվածներ՝ «Անվար Սադաթ – 2» գործողության մասին:
– Դրանք մակերեսային կանխատեսումներ են, քանի որ եթե այսօրվանից հայտնի է, թե ով է ցանկանում դառնալ «Անվար Սադաթ 2-ը», ապա դա ավելի շատ նման է Շպիոն Օնոյի մասին հայտնի անեկդոտին: Ավելին, արտաքին քաղաքականության ցանկացած կտրուկ փոփոխություն՝ անկախ նրանից, թե որ ուղղությամբ է այն իրականացվելու, նույնպես անհնար է՝ կլանային համակարգի գոյության պայմաններում, որը հենվում է ոչ թե ժողովրդի կամքի, այլ անձերի ու ապարատային խաղերի վրա: Դա սոսկ նոր ցնցումների եւ «ի շրջանս յուր» վերադարձի ճանապարհ է: Մինչդեռ, ստեղծված արտաքին բարդ կացության պայմաններում իրական խնդիրը երկրի ներքին անխոցելիության ապահովման մեջ է, որից հետո երկրաչափական պրոգրեսիայով մեծանալու է արտաքին զորաշարժերի դաշտը: Իսկ նման անխոցելիությունը, այսինքն՝ ջրապտույտից խուսափելու հնարավորությունը, կարող են ապահովել միայն ազատ ու արդար ընտրությունները:
Ներքաղաքական առումով Հայաստանին թերեւս սպասում է ոչ թե «բռնապետությո՞ւն, թե՞ հեղափոխություն» դասական երկընտրանքը, այլ արտաքին մեկուսացման ու ներքին՝ շուրջ 1-ամյա ցնցումների երկարատեւ, ցավագին եւ ուժասպառ անող գործընթացը, որի արդյունքում, միեւնույն է՝ 2008-ին կլանային համակարգը չի կարողանալու ինքնավերարտադրվել: Ուրեմն՝ պարտադիր է, որ դրա ապամոնտաժումը սկսվի այսօրվանից, քանի որ 2008-ին իշխանությունները եւս ի վիճակի չեն լինելու գտնել իշխանության փոխանցման բանաձեւ: Ավելին, անգամ այսօր, երբ թվում է, թե գործ ունենք «կլանային մոնոլիտի» հետ, իրականում իշխանությունների ներսում ընթանում է «երրորդն ավելորդ է» հարցի ճշտումը: Որովհետեւ ԱԺ ընտրությունների կեղծվելու դեպքում իշխանություններն իրենց տեսանկյունից կփորձեն բաժանել երկու աթոռները: Մինչդեռ դրանց ֆավորիտները երեքն են: Իսկ ահա 2008-ին բաժանվելիք աթոռների թիվը լինելու է ընդամենը մեկը: