Երեւան քաղաքի բնակիչ Հովհաննես Ասատրյանն ամեն օր ատլետիկ ցատկերով է մտնում սեփական բնակարան:
Արդեն չորս տարի է՝ Արաբկիր համայնքի թիվ 51 փողոցի 3-րդ շենքի առաջին հարկի 124 եւ 123 բնակարանների բնակիչները համաձայնության չեն գալիս, ինչի արդյունքում թիվ 124 բնակարանի տերերն իրենց տուն պատուհանով են ելումուտ անում: Բանն այն է, որ հարեւաններից մեկը փակել է ընդհանուր օգտագործման միջանցքի մուտքը, որպեսզի իր նոր հարեւանը տունը վերանորոգելու համար շինանյութը միջանցքով չտեղափոխի եւ տարածքը չաղտոտի: Ուստի նոր բնակարանի սեփականատերերն այդպես էլ այս 4 տարիների ընթացքում չեն կարողացել տունը վերանորոգել: Թիվ 124 բնակարանի բնակիչ Հովհաննես Ասատրյանի խոսքերով. «Քանի որ մենք դեռեւս այդ հասցեում չէինք բնակվում, չնկատեցինք, թե ինչպես հարեւանուհիս ընդհանուր մուտքի դռան հետ միասին մեր բնակարանի դուռն էլ է քարերով սվաղել ու փակել: Ու մեզ այժմ ստիպում է լուսամուտը քանդել ու դրա փոխարեն դուռ բացել: Լավ է՝ առաջին հարկում եմ ապրում, թե չէ ստիպված կլինեի ուղղաթիռով տուն մտնել»: Այս խնդրի հետ կապված՝ Հ. Ասատրյանը դիմել է Արաբկիրի թաղապետարան, ոստիկանություն, կադաստր: Առաջին երկու մարմինը խորհուրդ են տվել դիմել դատարան: Կադաստրը Հ. Ասատրյանին տրամադրել է փաստաթուղթ, ըստ որի՝ Ասատրյանների հարեւանուհին իրավունք չուներ տարածքը զավթելու, քանի որ դրանից 2,9 քմ-ն ընդհանուր օգտագործման միջանցք է: Չնայած դրան, որեւէ պատկան մարմին հանձն չի առնում հարեւանուհու անօրինական շինարարությունը քանդել. «Մենք ինչքա՞ն կարող ենք պատուհանով տուն մտնել: Նա բոլորին ասում է, որ մեր բնակարանի դուռը բակի կողմից է: Ինչպե՞ս կարող էին շենքն այնպես կառուցել, որ առաջին հարկի բնակարանի դուռը բակի կողմից լիներ, ոչ մի շենք այդպիսի նախագծով չի կառուցվում»,- «Առավոտի» հետ զրույցում բողոքեց Հ. Ասատրյանը: Ի վերջո, այս պատմությունից հոգնած՝ Ասատրյանները դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որն էլ հայցը քննել է, սակայն ինչ-ինչ պատճառներով երեք ամիս է՝ հետաձգում է վճիռ կայացնելը:
Այս առնչությամբ խոսեցինք նաեւ Հ. Ասատրյանի դուռը փակած հարեւանուհու՝ Քրիստինե Դավթյանի հետ: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ընդհանուր օգտագործման միջանցքն իրենով արել, նա պատասխանեց. «Դատարան է դիմել, թող այդ դատարանն էլ որոշի, թե ում է պատկանում այս տարածքը»:
Հովհաննես Ասատրյանի ներկայացմամբ, ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է եւ իր համար հեշտ չէ «ամեն անգամ ցատկերով տուն մտնել»: