Հայկական կոնյակի եւ գինու շուկան կարգավորող նոր օրենք է քննարկվում
Այսօր շուկայում, սկսած նույնիսկ 2000 դրամից, վաճառվում է հայկական կոնյակների մեծ տեսականի: Երբեմն այդ կոնյակների շշերն ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան դրա պարունակությունը: Շուկայում վաճառվող հայկական կոնյակների պիտակի վրայի մակնշումներին ծանոթանալիս կարելի է կարծել, որ դրանք առաջին կարգի 5-աստղանի կոնյակներ են, մինչդեռ շշի պարունակությունը հեռու է կոնյակի չափանիշներից եւ խիստ կասկածելի բաղադրությամբ է: Երբեմն կոնյակի անվան տակ վաճառվում է ընկույզի մուրաբայի հյութ՝ սպիրտով բացած կամ պարզապես թեյի գույնով գունավորված հեղուկ, որն արտաքինից մոտ է կոնյակի գույնին: Որպեսզի նման կոնյակները սպառվեն, արտադրողներն ավելի շատ շշի դիզայնով են փորձում գնորդներին գրավել. կա՛մ պիտակի, կա՛մ անմիջապես շշի վրա Հայաստանը խորհրդանշող սիմվոլներ են քանդակում, որը շատ է գայթակղում հատկապես սփյուռքահայերին:
Արտադրողների այսպիսի մեքենայությունները հայկական կոնյակի բարի համբավն ու անունը գցել են թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում: Ներկայումս մեր երկիրը չունի որեւէ օրենք, որը կկարգավորի խաղողի հումքից պատրաստվող ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու վաճառքը: Չնայած, որ կոնյակի, գինու արտադրության վերաբերյալ տարբեր կազմակերպությունների կողմից մի շարք օրենսդրական նախագծեր են մշակվել, բայց արդեն քանի տարի է՝ այդ օրենքի ընդունումն ինչ-ինչ պատճառներով տապալվում է: Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվող բազմաթիվ պաշտոնյաներ ու պատգամավորներ կան, որոնք ամեն կերպ խոչընդոտում են օրենքի ընդունմանը:
Այժմ կառավարությունը քննարկում է Հայ գինեգործների միության մշակած «Խաղողի հումքից պատրաստված ոգելից խմիչքների մասին» նոր օրինագիծը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, օրինագիծը հաստատվելու դեպքում հստակ չափորոշիչներ կսահմանվեն, թե որ խմիչքն իրականում կարող է կոչվել կոնյակ կամ գինի, որը՝ ոչ: Հիմա տեղական արտադրողները կոնյակն ու գինին պատրաստում են սովետական նորմերով, մինչդեռ օրինագծում առաջարկվում է խաղողի հումքից ալկոհոլային խմիչքը պատրաստել ոչ թե խորհրդային տարիներից պահպանված ավանդական եղանակով, այլ՝ միայն ու միայն եվրոպական ժամանակակից տեխնոլոգիաներով: «Վաղուց արդեն ժամանակն է անցում կատարել խմիչքի արտադրության նոր մեթոդների: Այդ պարագայում միայն ամբողջությամբ կվերահսկվեն կոնյակի եւ գինու պատրաստման եղանակները»,- ասաց պարոն Հարությունյանը: Սպասվում է, որ ԱԺ-ում այս օրենքի քննարկումը մեծ բախումների տեղիք կտա հատկապես ոգելից խմիչքով զբաղվող պատգամավորների շրջանում, որովհետեւ նրանք օրենքի ընդունման դեպքում չափանիշներին չհամապատասխանող խմիչքի արտադրության, վաճառքի եւ արտահանման հետ կապված դժվարություններ կունենան:
Մինչ խաղողի հումքից խմիչքների պատրաստման համար պահանջներ ներկայացնելը, օրենքը նախ մանրամասն սահմանում է, թե հայկական կոնյակի, գինու, խաղողի բրենդիի եւ օղու համար արտադրական ձեռնարկության ընդունած խաղողն ինչ սորտի, քանի տարեկան ու կոնկրետ որ շրջաններից պետք է հավաքված լինի: Օրինակ՝ գինի արտադրելու համար Նոահ, Օթելլո, Իզաբելա, Ջաքեզ, Քլինթոն սորտերը չի կարելի օգտագործել: Բացի այդ, օրենքի նախագծով արգելվում է խաղողի հյութն օգտագործել գինենյութի ստացման համար, ավելացնել գինենյութին կամ ենթարկել այն սպիրտային խմորման՝ գինի ստանալու համար: Արգելվում է նաեւ գինի պատրաստել խաղողի կնճեռից, գինու նստվածքից կամ դրանց թորումից ստացված սպիրտներից: Սա, ըստ մասնագետի, կնպաստի, որ հայկական գինու որակը բարձրանա: Ու որպեսզի շուկայում էլ խաղողի հումքից պատրաստվող խմիչքների վաճառքը կանոնակարգվի, օրինագիծը նախատեսում է ստեղծել մի առանձին լիազոր մարմին, որը կվերահսկի այդ շուկան:
Հայաստանի գինեգործների միության նախագահը չբացառեց, որ օրինագծի ընդունումից հետո էլ հնարավոր է շուկայում հայտնվեն թեյով լցավորված «կոնյակներ»: Նրա խոսքերով՝ «էականն օրենքի առկայությունը չէ, այլ՝ նրա ճիշտ վերահսկումը, այսօր շուկան բարձիթողի վիճակում է, իսկ թե վաղը նոր օրինագծի հաստատումից հետո որքանո՞վ կվերահսկվի՝ կախված է նորընտիր իշխանություններից ու խորհրդարանի աշխատանքներից»: