Երեւանում հասարակական տրանսպորտից օգտվել՝ նշանակում է ամեն անգամ վտանգի ենթարկել սեփական կյանքը:
Այսօր մայրաքաղաքում ուղեւորների համար նախատեսված մի շարք կանգառներ վերածվել են որոշ երթուղային տաքսիների կայանատեղիի: Ուղեւորները հասարակական տրանսպորտից օգտվելու համար ստիպված կանգնում են փողոցի երթեւեկելի հատվածում: Իսակովի պողոտայում գտնվող կենտրոնական ավտոկայանի դիմացի կանգառը զբաղեցնում են թիվ 15 եւ թիվ 68 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները (թիվ 15 երթուղին պատկանում է «Դավիթ» ՍՊԸ-ին, թիվ 68-ը՝ «Սարգիս եւ քույրեր» ՍՊԸ-ի ղեկավար Կարապետ Դադասյանին): 15-20 մեքենաներն իրար կպած շարվում են հենց մայթին՝ խոչընդոտելով թե՛ մարդկանց անցուդարձին եւ թե՛ փողոցի երթեւեկությանը: Իսակովի պողոտան ծանրաբեռնված է մարզերից եկող-գնացող ավտոմեքենաներով, ուստի հատկապես օրվա երկրորդ կեսին փողոցի այդ հատվածում մեծ խցանումներ են լինում, քանի որ երթեւեկելի հատվածը՝ կայանած միկրոավտոբուսների պատճառով, զգալի կրճատվում է:
Նման մի իրավիճակ էլ մայրաքաղաքի կենտրոնական մասում է՝ «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ գտնվող Ավետիք Իսահակյանի արձանի դիմացի կանգառում: Ուղեւորների համար նախատեսված այս կանգառն արդեն մի քանի տարի «շահագործվում» է որպես ավտոկանգառ: Այս կանգառի տարածքը թիվ 69 երթուղին սպասարկող «Գազելների» վերջնական հանգրվանն է: Այս երթուղին սպասարկում է «Լուսավառ» ՍՊԸ-ն, որի ղեկավարն է Մարատ Աշյանը: Մետրոյի շրջակայքում մի քանի խոշոր բուհեր, տասնյակ խանութներ, սպասարկման օբյեկտներ են գտնվում, եւ հատկապես «պիկ» ժամերին, երբ ուսանողները դասերից տուն են գնում, պատահում է՝ այդ կանգառում 150-200 մարդ է լինում, ուստի իսկական խառնաշփոթ է սկսվում: Կանգառը ձգվում է 30 մետր, եւ տրանսպորտի սպասողները ստիպված են լինում փողոցի կենտրոն դուրս գալ ու կտրել երթուղայինների առաջը, որ կանգնեցնեն ու նստեն:
Քաղաքային իշխանություններն էլ են խոստովանում, որ այս կանգառն իրենց համար լուրջ գլխացավանք է դարձել: Այս առնչությամբ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եդիգարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունն ու Հարկային ծառայությունը կարգուկանոն հաստատելու համար հայտարարել են ստուգումների միամսյակ, որի արդյունքում՝ փետրվարի 28-ի դրությամբ, կազմվել է շուրջ 1150 արձանագրություն: Արձանագրություններից 753-ը վերաբերել են միայն միկրոավտոբուսներին: 341 արձանագրություն է կազմվել գերծանրաբեռնված երթեւեկելու, 98-ի դեպքում էլ՝ կանգառից դուրս կայանելու համար: Կ. Եդիգարյանի տվյալներով, արձանագրվել եւ դադարեցվել է շուրջ 21 միկրոավտոբուսի շահագործումը, որոնք չեն ունեցել երթուղայինը գազով աշխատեցնելու համապատասխան թույլտվություն:
Ըստ Կարեն Եդիգարյանի, այս խառնաշփոթ իրավիճակը կարգավորելու միակ տարբերակը քաղաքի նոր երթուղային ցանցի շահագործումն է, որն իր վերջնական տեսքին կբերվի 2011 թվականին: Ըստ այդմ՝ մայրաքաղաքում կերթեւեկեն 1500 միկրոավտոբուս, 600-700 ավտոբուս, 200 տրոլեյբուս եւ մետրոպոլիտենը: