Արարատյան զանգվածում ազատամարտիկների ընտանիքներին հատկացված հողակտորների մեծ մասն արդեն այդ ընտանիքներինը չէ:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի օրոք եւ նրա նախաձեռնությամբ Շուշանիկ Կուրղինյանի փողոցի հողատարածքները հատկացվեցին ղարաբաղյան պատերազմում իրենց ներդրումն ունեցած բնակիչներին եւ ազատամարտիկների ընտանիքներին: Մոտ երկու տարի առաջ, երբ կազմվեցին ապագա հողատերերի ցուցակները՝ համայնքում մեծ կռիվներ սկսվեցին, մարդիկ ցույցեր արեցին՝ բողոքելով, որ չնայած իրենք մեծ ավանդ են ունեցել պատերազմում, բայց ցուցակից ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել: Երեւանի քաղաքապետարանն էլ իր հերթին այդ հողատարածքների մի մասն աճուրդով վաճառեց այլ ընկերությունների, ինչն է՛լ ավելի բորբոքեց ազատամարտիկների ընտանիքներին:
Ներկայումս էլ, թեեւ վաղուց արդեն հողատարածքները բաշխվել են, բայց այդ տարածքների համար կռիվները չեն դադարել: Օրինակ՝ համայնքի բնակիչ Հայկ Հունանյանը մինչ օրս էլ դիմումներ է գրում քաղաքապետարան՝ պահանջելով պատասխանել, թե Շուշանիկ Կուրղինյան փողոցի հողատարածքները բաժանելիս ինչո՞ւ իրեն չեն հիշել: Հ. Հունանյանն անձամբ պատերազմին չի մասնակցել, բայց իր խոսքերով՝ «Արցախի ու Երեւանի միջեւ ամբողջ սվյազն ապահովել եմ, իմ շնորհիվ են տեղափոխվել հանրապետությունից հանրապետություն»: Մինչդեռ Արարատյան զանգվածի հողատարածքների մեծ մասը, ըստ նրա, բաժանել են այնպիսի մարդկանց, ովքեր պատերազմի երես չեն տեսել. «պատահական լակոտները դառան հողատեր, ես մնացի»:
Մեր տեղեկություններով, թեեւ եղան ազատամարտիկների ընտանիքներ, որոնք օգտվեցին Վահան Զատիկյանի օրոք նախաձեռնած հողհատկացումից, սակայն նրանք էլ ջրի գնով իրենց հողատարածքները վաճառեցին մեծահարուստներին: Ներկայումս Շուշանիկ Կուրղինյան փողոցը վերածվել է շքեղ առանձնատներով «էլիտար» թաղամասի: Ընդհանրապես ողջ Արարատյան զանգվածում, հատկապես՝ Մալաթիայի հիվանդանոցի շրջակայքում, վերջին երկու տարվա ընթացքում երկու-երեք հարկանի մեծ առանձնատներ են կառուցվել, որոնք պատկանում են տարբեր տրամաչափի պաշտոնյաների ու գործարարների: