Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը պատերազմը «տաքանում» է

Մարտ 05,2007 00:00

Վերջին շրջանում ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում նկատվող սառնությունը կարծես թե որակական նոր փուլ է մտնում: Հայտնի իրադարձությունների այն շարքը, որը մեծ թվով արեւմտյան եւ ռուսական դիտորդների ստիպել էր քաղաքագիտական ակտիվ բառապաշար վերադարձնել «սառը պատերազմ» արտահայտությունը, լրացավ եւս մեկ ուշագրավ փաստով:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը նախօրեին հայտարարել է, թե Արեւմտյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղաբաշխման ծրագրի շրջանակում ԱՄՆ-ն մտադիր է ռադիոտեղորոշիչ կայան (ռադար) տեղակայել նաեւ Կովկասում: Ընդ որում, ինչպես փոխանցում է «Ռոյթերը», գեներալը չի նշել, թե Կովկասի հատկապես որ հատվածում կտեղակայվի ռադիոտեղորոշիչը: Օբերինգը հաղորդել է նաեւ, որ Արեւմտյան Եվրոպայում ՀՀՊ տեղաբաշխմամբ, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Հյուսիսամերիկյան աերո-տիեզերական Boeing Co կոնցեռնը:

Հիշեցնենք, որ Վաշինգթոնը մտադիր է Լեհաստանի տարածքում տեղակայել հակահրթիռային 10 համակարգ: Ծրագրվում է ռադիոտեղորոշման կայանք տեղադրել նաեւ Չեխիայում: Փետրվարի 24-ին Լեհաստանի կառավարությունը Վարշավայում ԱՄՆ դեսպանությանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀՊ շուրջ բանակցությունները սկսելու համաձայնության մասին: Պաշտոնական Պրահան, սակայն, այդ հարցի կապակցությամբ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել:

ԱՄՆ-ի այս ծրագրերին, ի դեպ, նկատելի դժկամությամբ է վերաբերվում նաեւ Եվրոպան: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հանձնակատար Խավիեր Սոլանան օրերս հայտարարել է, թե Եվրամիությունը մտադիր չէ մասնակցել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղաբաշխման ամերիկյան նախագծին: Ընդսմին, նա ընդգծել է, որ Եվրամիության անդամ երկրները կարող են ինքնուրույն որոշում կայացնել այդ հարցում Վաշինգթոնի հետ համագործակցելու վերաբերյալ: «Մենք, որպես եվրոպացիներ, շահագրգիռ չենք նման համակարգի տեղակայմամբ»,- հայտարարել է Սոլանան ԵՄ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: AP-ի փոխանցմամբ, նա նշել է նաեւ, թե ԵՄ-ն կասկածում է Եվրոպայի երկրների դեմ բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարձակման սպառնալիքի առկայությանը: Նույն հանդիպման ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը պետք է քննարկեն Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղաբաշխման նպատակահարմարությունը, ընդգծելով, որ ԵՄ-ի համար կարեւոր է Մոսկվայի հետ լավ հարաբերությունների պահպանումը: Ավելորդ է ասել, որ ԱՄՆ-ի այս ծրագրերը, մեղմ ասած, զայրացրել են Մոսկվային: Վերջինս, սակայն, առայժմ բավարարվում է քարոզչական հակահարվածներով: Մինչդեռ սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ Կովկասում եւս ռադիոտեղորոշիչ տեղադրելու մտադրության մասին ամերիկացի գեներալի հայտարարությունը Կրեմլին կմղի առավել լուրջ դեմարշների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել