Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունելի է Հակոբ Հակոբյանի գործառույթը»

Մարտ 05,2007 00:00

Այս գումարման ԱԺ-ում մեր վերջին փորձը՝ հասկանալ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայերենը

Երեկ խորհրդարանական վերջին ճեպազրույցների ընթացքում խնդրում էինք կուսակցությունների ներկայացուցիչներին որոշակի թիվ նշել, թե իրենց կարծիքով՝ քանի՞ մանդատ կունենան մայիսի 12-ից հետո ձեւավորվելիք ԱԺ-ում: Սակայն որեւէ մեկն այդպես էլ չնշեց հստակ տվյալ: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ, որ ՄԱԿ-ի ներկայությունը ապագա խորհրդարանում կգերազանցի այն ծավալը, որով ներկայացված է այժմ»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասաց. «Վերջին տարիներին մեր կուսակցության վարկանիշն աճել է, եւ հույս ունենք ավելացնել մեր ներկայությունն ԱԺ-ում»: Իսկ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը միայն պատասխանեց, թե անպայման «լավ ներկայացված» կլինեն:

Թվում էր, թե ավելի որոշակի կլինի զրույցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, որին հիշեցրինք ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանի բացահայտումը, թե ՀՀԿ խորհրդի կարծիքով՝ համամասնական ցուցակից պետք է մոտ 40-45 մարդ անցնի խորհրդարան: «ՀՀԿ-ի անունից կարող է խոսել ղեկավար կազմը,- ի պատասխան նախ նշեց պրն Սահակյանը, եւ հավելեց.- Այն, ինչ ունենք, կարծում ենք, որ արդեն հաստատուն է, իսկ ավելիին պարզապես ձգտում ենք»: Այս ԱԺ-ում ՀՀԿ անդամների թիվը 56-ն է:

Գալուստ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փաստարկների հիման վրա ՀՀԿ խորհուրդը որոշեց թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի փոխարեն պաշտպանել անկուսակցական Սեյրան Սարոյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե արտահայտում է միայն իր կարծիքը. «Դա, ըստ երեւույթին, կապված է վերջին շրջանում Հակոբ Հակոբյանի դրսեւորումների հետ»: Ճշտեցինք՝ նկատի ունի քրեական գո՞րծը: «Բնականաբար,- պատասխանեց պրն Սահակյանը:- Բայց մեզ համար, շատերիս համար ընդունելի է Հակոբ Հակոբյանի գործառույթը, իհարկե՝ չբացառելով նաեւ Սեյրան Սարոյանին: Բավականին լուրջ զորավիգ է եղել հենց Հանրապետականին: Իհարկե, այստեղ կա քաղաքական խնդիր: Բայց ոչ թե փոխվել է Հակոբ Հակոբյանի նկատմամբ դրսեւորումը, այլ պարզապես հանգամանքներ կան, որ քաղաքական ուժը, չասեմ պարտադրված, բայց վերլուծելու խնդիրներ ունենում է»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չգնահատեց Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութի) ծառայությունները, որը պարտաճանաչորեն սեղմում էր 1-ի փոխարեն 2-3 կոճակ, ու նա էլ ստիպված ընդգրկվեց «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակում: «Ես այդ կարծիքին չեմ, որ նա գալիս-գնում էր ու 3 կոճակ էր սեղմում»,- պատասխանեց պրն Սահակյանը: Փորձեցինք պարզել, թե իբրեւ օրենսդիր այդ ի՞նչ արժանիքներ ունեն, ասենք, ԱԺ-ում խիստ հազվադեպ հայտնվող Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) կամ Տիգրան Արզաքանցյանը, որ ոչ միայն ընդգրկվել են ՀՀԿ ցուցակում, այլեւ կուսակցությունը նրանց պաշտպանում է նաեւ մեծամասնական ընտրակարգով: Գալուստ Սահակյանն ի պատասխան ասաց. «Վատ եւ լավ պատգամավոր չի լինում, յուրաքանչյուրը իր դերակատարումը իր ձեւով է կատարում: Եվ շատ քաղաքական խնդիրներ են եղել, եւ նաեւ օրենսդրական գործունեության հետ կապված բավականին տհաճ եւ դյուրալի խոսակցություններ եղել են: Այնպես չէ, որ չի եկել ԱԺ, կամ քիչ է եկել: Կամ ինչի՞ չենք խոսում հակառակ կողմի մասին. կոնկրետ այսօրվա, երեկվա խորհրդարանում էլ խոսացող պատգամավորներ կան, որ ես նրանց ակտիվ չեմ համարում, պարզապես մեջընկան եմ համարում: Ավելի շատ դրա՛նք են վտանգավոր, քան նա, ով գալիս է եւ փորձում իր քաղաքական թիմի տեսակետը խորհրդարանում քվեարկությամբ ապահովել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել