Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄՊԻՉՄԵՆԹԸ՝ ԻԲՐԵՎ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

Մարտ 05,2007 00:00

\"\"Այսպես որակեցին այդ նախաձեռնությունը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երեկ կայացած 2-րդ հանրահավաքում:

Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ ինչպես եւ նախորդ անգամ՝ բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվել են իրենց եթերում վճարովի հիմունքով տեղադրել հանրահավաքի մասին իրազեկող իրենց 20 վայրկյան տեւողությամբ հոլովակը: Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքին այս անգամ ավելի քիչ մասնակիցներ կային, քան նախորդ անգամ՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում: Սակայն հանրահավաքի վերջին ելույթ ունեցողը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե ինչու են քիչ՝ հետեւյալ զուգահեռը տարավ. «Մանանեխի հատիկն ամենափոքրն է սերմերից, բայց նրանից դուրս են գալիս այնպիսի ճյուղեր, որոնց վրա օթեւանում են թռչունները: Մենք այսօր քիչ ենք, որովհետեւ սերմ ենք ցանում»:

Հավելեց նաեւ՝ «Մանանեխի հատիկն ամենափոքրն է, կարտոֆիլի հատիկը՝ ամենամեծը: Կարտոֆիլի հատիկից դուրս եկած ճյուղերի վրա միայն կոլորադյան բզեզներ կարող են օթեւանել: Եվ մենք տեսնում ենք՝ ինչպես են այդ կոլորադյան բզեզները վրա տվել դեռ չծլած այդ հատիկին»:

«Այլընտրանք»-ը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որը հրապարակեց Աշոտ Սարգսյանը: Մասնավորապես հիշեցվում էր, որ «Այլընտրանք»-ը փետրվարի 20-ի հանրահավաքում առաջադրեց իմպիչմենթի խնդրի շուրջ ընդդիմադիր դաշտի համախմբման ծրագիր, եւ ընդդիմադիր ուժերից «ոչ մեկը դրա դեմ չառարկեց, շատերը նույնիսկ ողջունեցին»: Իսկ այժմ «Այլընտրանքը» «խորը ցավով» հայտարարում է. «Ընդդիմադիր ուժերը չկարողացան քաղաքական կամք դրսեւորել, մինչեւ վերջ ազատվել ամբիցիաներից ու կարծրատիպերից, ոմանք՝ նեղ կուսակցական ու անձնական շահերից, ոմանք էլ, թերեւս, գերադասեցին վարչախմբի հետ ունեցած անդրկուլիսյան գործարքները։ Դրա հետեւանքով դժվարացավ կարճ ժամկետում ու արդյունավետ ձեւով հանցավոր այս վարչախմբից ազատվելու, երկրի կործանարար ընթացքը արգելակելու իրական շանսը: Սակայն մեր նախաձեռնությունը ապարդյուն չանցավ: Այն լակմուսի թղթի նման բացահայտեց ու դեռ բացահայտելու է քաղաքական ուժերից ու գործիչներից շատերի էությունը եւ իրական դեմքը՝ հասարակությանն ազատելով նրանց մասին տարածված կեղծ պատկերացումներից ու պատրանքներից: Մեկ գաղափարի շուրջ ընդդիմության չմիավորման պայմաններում վարչախումբը լավագույն պայմաններն ստացավ անարգել բեմադրելու «ընտրություններ» կոչվող հերթական թատերական ներկայացումը»։

«Այլընտրանքի» անդամ, քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ելույթում հայտարարեց. «Գիծ ենք քաշում՝ ով է ռեժիմի խամաճիկը եւ ով է դեմ այս հանցագործ ռեժիմին: Ով կողմ է իմպիչմենթին՝ նա կողմ է Հայաստանի ապագային: Իսկ մնացած խելոք-խելոք կամ դոդ-դոդ բաներ ասողներն ընդամենը օժանդակում են Քոչարյանին»:

Ընդդիմությանը չմիավորվելու կապակցությամբ ամենաշատը կշտամբեց Արամազդ Ղալամքարյանը, որը ելույթում պատմեց, թե անցած շաբաթ «Այլընտրանքի» նախաձեռնող խմբին առաջարկել էր հանդիպել այդ մարդկանց ու նույնիսկ խնդրել՝ միավորվել իմպիչմենթի գաղափարի շուրջ. «Մենք ընդդիմադիր գործիչներին կոչ էինք անում միավորվել եւ միեւնույն ժամանակ՝ պատրաստակամություն էինք հայտնում ծառայել նրանց. անել սեւագործ աշխատանք, դառնալ նրանց թեկնածուների վստահված անձինք, լինել դիտորդներ, չլինել ընդհանուր համամասնական ցուցակում, միայն թե ընդդիմադիր դաշտը միավորվի ու մեկ միասնական ճակատով դիմագրավի սպասվող կեղծումներին: Եվ ի՞նչ: Ի՞նչ արդյունք ունեցան մեր ջանքերը: Ցավով պետք է նշեմ, որ ավանդական ընդդիմությունը չանսաց նոր սերնդի ձայնին: Չնայած առերես համաձայնեց մեր փաստարկների հետ: Նշածս գործիչները որեւէ գործնական քայլ չարեցին՝ գրեթե անպարտելի սցենարը կյանքի կոչելու համար»: Արամազդ Ղալամքարյանը հարց ուղղեց. «Ո՞րն է ավելի լավ, ո՞րն է գերադասելի՝ սրբի իմիջով ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվե՞լ, ավելին, խանգարել իրավիճակը փոխելուն ուղղված «Այլընտրանքի» քայլերին, թե՞ թեւքերը քշտել ու աշխատանքով, ջանքով ու եռանդով փորձ անել փոխել իրավիճակը, թեկուզ այս պահին մարգինալացվածի, մերժվածի եւ մեղավորի պիտակով ու իմիջով: Ո՞րն է ավելի ազնիվ մեր երեխաների ապագայի հանդեպ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հավատա, որ մեզ մեր տներից ու աշխատավայրերից հանել ու հրապարակ է բերել ոչ թե իշխանության կամ վրեժի ծարավը, այլ մտահոգությունը մեր երկրի, մեր երեխաների ապագայով: Անցյալ շաբաթվա ընթացքում ես համոզվեցի, որ նման մտահոգություն չունի մեր ավանդական ընդդիմությունը, իսկ իշխանության մտահոգության առարկան ակնհայտ է՝ վերարտադրվել: Մնում ենք ես ու դու. մենք՝ շարքային քաղաքացիներս»:

Դավիթ Մաթեւոսյանը հանրահավաքին ներկայացրեց «Իմպիչմենթ» դաշինքի անունից առաջարկություններ պարունակող նամակի բովանդակությունը, որը պիտի ուղարկվի ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը եւ ԵԱՀԿ անդամ պետությունների Հայաստանում ներկայացված դեսպանատներին: Այստեղ՝ Հայաստանում «ժողովրդավարության հաստատման համար անարդյունք գումարներ ծախսող միջազգային կառույցներին» առաջարկված է. «Այդ գումարների մի մասով մասնավոր հեռուստաընկերություններում գնել հեռուստաժամ եւ բազմակարծություն ապահովելու նպատակով այն տրամադրել իշխանականից տարբերվող տեսակետներ ունեցող ուժերին»: Մյուս առաջարկն է՝ «պայմաններ ստեղծել միակ անկախ հեռուստաընկերության՝ «Ա1+»-ի հեռարձակման համար»: Եվ վերջապես՝ «Քվեարկության օրը դիտորդական առաքելություն իրականացնելիս ոչ թե շրջագայել, այլ, դիտորդների քանակով պայմանավորված, որոշակի տեղամասերում հետեւել ընտրական գործընթացին սկզբից մինչեւ վերջ: Իսկ հետո դիտորդների մշտական հսկողության տակ գտնվող տեղամասերում արձանագրված արդյունքների եւ մյուս տեղամասերի արդյունքների համեմատությամբ որոշել կեղծիքի իրական մասշտաբը»:

«Այլընտրանքի» հաջորդ հանրահավաքը մարտի 9-ին, ժամը 17-ին է՝ Մատենադարանի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել