Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ

Մարտ 05,2007 00:00

ԱԺ առաջիկա ընտրություններում իրար հետ լեզու չեն գտել ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր կուսակցությունները:

Մայիսի 12-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների համար սահմանված վերջնաժամկետն այսօր ժամը 18:00-ին կավարտվի: Ու թեեւ ՀՀ-ում գրանցված են 73 կուսակցություններ, այդուհանդերձ, երեկ ԿԸՀ-ին քաղաքական ուժերի կողմից առաջադրման հայտերը 15-ն էին: Անշուշտ, այսօր հայտեր կներկայացնեն նաեւ հասարակությանը քաջ ծանոթ ՀՀՇ, «Հանրապետություն», «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԿԿ, «Դաշինք» կուսակցությունները: Իր համամասնական ցուցակը կներկայացնի նաեւ ընտրություններին մասնակցող դեռեւս միակ «Իմպիչմենթ» դաշինքը: Ի դեպ, դեռ երեկ ո՛չ վերջինս, ո՛չ ՀՀՇ-ն համառորեն չհրապարակեցին իրենց ցուցակները: Թե արդյո՞ք որեւէ այլ կուսակցություն առաջադրման հայտ այսօր կներկայացնի՝ տակավին պարզ չէ:

Այն, որ համամասնական ընտրակարգով պայքարը թեժ է լինելու առաջին հերթին իշխանական կուսակցությունների մրցակցության պատճառով՝ թերեւս, քչերն են կասկածում: Շատերի համոզմամբ, պառակտված ու ընտրություններին առանձին-առանձին մասնակցող ընդդիմությունը մերձիշխանական կուսակցությունների համար ռեալ այլընտրանք կամ դիմադրող ուժ լինել չի կարող ու այս վիճակում երեւի «հաջողացնի» միայն իրարից ձայներ խլել: Բանն այն է, որ մեծամասնական 41 ընտրատարածքների մի մասում միմյանց հետ մրցակցելու են ոչ միայն ընդդիմադիր ու իշխանամետ գործիչները, այլեւ իշխանական «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, նաեւ՝ ընդդիմությունն ու ընդդիմությունը: Ասել է թե՝ ո՛չ ՀՀԿ-ԲՀԿ-ին հաջողվեց իրար հետ լեզու գտնել մեծամասնական ընտրատարածքներում իրար չխանգարելու շուրջ, ո՛չ էլ ընդդիմությանը, որն ամենաշատն էր խոսում այդ մասին:

Այսպես, երեկ ՀՀՇ-ն արել է իր առաջին առաջադրումը: Մայրաքաղաքի Ավան համայնքի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ առաջինն առաջադրվել է ՀՀԿ անդամ, ԱԺ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը առաջադրվել է նաեւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում իրար հետ «մրցագորգ» են դուրս գալու երկու իշխանական եւ երկու ընդդիմադիր ուժեր: ԲՀԿ-ն այստեղ պաշտպանելու է Հայրապետ Հայրապետյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն՝ երեկ առաջադրված անկուսակցական Զոհրաբ Զոհրաբյանին: Ընդդիմությունն էլ՝ ի դեմս «Ազգային միաբանության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանի եւ ՕԵԿ-ը ներկայացնող Սուրեն Մամիկոնյանի, ձայներ է խլելու ոչ միայն իշխանական թեկնածուներից, այլեւ՝ իրարից: Ի դեպ, այսօր այս ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը:

Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում, որտեղ ավելի վաղ ԲՀԿ-ի կողմից առաջադրվել էին այդ կուսակցության անդամ Վերսանդիկ Հակոբյանն ու ՀԺԿ անդամ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վարդան Մկրտչյանը, երեկ առաջադրման հայտ է ներկայացրել նաեւ ԱԺԴ կուսակցության նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանը: Ի դեպ, պարզվում է, որ ԱԺ պատգամավորական մանդատի համար պայքարն այնքան դաժան է, որ երբեմն նաեւ անհեթեթության հասնող փաստեր են արձանագրվում: Բանն այն է, որ Ա. Սադոյանն այս ընտրատարածքում առաջադրվել է իր սեփական կուսակցության՝ ԱԺԴ-ի կողմից, ու միաժամանակ մասնակցում է նաեւ համամասնական ընտրություններին ԺՈՒԿ-ի ցուցակով, որտեղ նա երկրորդն է:

Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում էլ ՀՀԿ-ի կողմից աջակցություն ստացած ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն է մրցակցելու ԲՀԿ անդամ, «Ծաղկաձոր» գլխավոր մարզահամալիրի գործադիր տնօրեն Մխիթար Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում էլ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն մրցակցելու են միմյանց հետ: Ու թեեւ ԲՀԿ-ն պաշտոնապես այստեղ առաջադրումներ չի արել, բայց հավաստի է այն տեղեկությունը, որ նրա թեկնածուն ԵԿՄ վարչության անդամ Ռուստամ Գասպարյանն է, ով ավելի քան ակտիվ մասնակցություն է ունեցել Արմավիրում ԲՀԿ կառույցների ձեւավորման հարցում: Այստեղ ՀՀԿ-ի թեկնածուն ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:

Երեկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար այլ հետաքրքիր առաջադրումներ եւս եղել են: Այսպես, Դավիթաշենի թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» դեմ թեկնածություն են առաջադրել ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանն ու ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում առաջադրվել է ԺՈՒԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող անկուսակցական պատգամավոր Աղասի Արշակյանը: Նրան առաջադրել է հենց ԺՈՒԿ-ը: Առայժմ միակ առաջադրումն է եղել Վանաձորի թիվ 29 ընտրատարածքում: ՀՀՇ-ն այստեղ առաջադրել է այդ կուսակցության անդամ Անանիկ Նիկողոսյանին: Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում տեղի է ունեցել երկար սպասված առաջադրումը՝ ՀՀԿ կողմից առաջադրվել է կուսակցության անդամ եւ Սերժ Սարգսյանի պատգամավոր եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Նա մրցակցելու է «Դաշինքի» նախագահ Սամվել Բաբայանի հետ: Իսկ Վայոց Ձորի թիվ 39 ընտրատարածքում ՀՀԿ կողմից երեկ առաջադրվել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել