Այս երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, պետական կարգավիճակի բարդույթ չունի:
«Հովեր» կամերային երգչախումբը պատրաստվում է առաջիկայում նշել իր հիմնադրման 15-ամյակը: Ոչ պետական այս կոլեկտիվը վաղուց իր հաստատուն տեղն ունի հայաստանյան երաժշտական կյանքում: Այն բազմիցս մասնակցել է արտերկրում կայացած երգչախմբային փառատոների: Կոլեկտիվի երգացանկը ընդգրկուն է՝ հայ հոգեւոր երաժշտություն (այդ թվում՝ Կոմիտաս՝ «Պատարագ»), հայ կոմպոզիտորների խմբերգային երկեր (Երկանյան, Բաբաթորոսյան, Ազիզյան, Շարաֆյան եւ այլք), իմպրեսիոնիզմի շրջան (Ռավել, Դեբյուսի եւ այլն), բարոկկո (Պյորսել, Լոտտի, Պալեստրինո եւ մյուսներ), ժամանակակից խմբերգային երաժշտություն (Լիգետտի, Գոտենուար եւ ուրիշներ):
«Հովերի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես ժամանակին, այնպես էլ այսօր իրենք չեն տառապում պետական կարգավիճակ ստանալու բարդույթով: «Պետական կարգավիճակն ունի իր եւ դրական, եւ բացասական կողմերը: Դրականն ակնհայտ է. պետությունից ստանում ես կայուն, թեեւ նվազագույն ֆինանսավորում: Բացասական կողմն էլ ենթադրում է ազատ ստեղծագործելու սահմանափակում, այդ թվում՝ պարտադրված համերգներ, այս կամ այն կոմպոզիտորի երկերի կատարում եւ այլն»,- նշեց ղեկավարը: Իսկ մեր այն մտահոգությանը, որ պատմություն են դարձել խորհրդային տարիներին անցկացվող երգչախմբային փառատոները եւ այն փաստը, որ Հայաստանում այսօր գործում է ընդամենը մեկ պետական երգչախումբ, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, երգչախմբային կոլեկտիվները քչացել են, ապապետականացվել, բայց հետեւելով համերգներին, պետք է ասեմ, որ հետաքրքիր են ներկայացվող ծրագրերը, որոնք մատուցվում են կատարողական բարձր մակարդակով: Այսուհանդերձ, գտնում եմ, որ պետությունը գոնե մեկ կամերային երգչախումբ պետք է ունենա»: Անդրադարձ եղավ նաեւ հայաստանյան եկեղեցիներում երգչախմբային համերգների բացակայությանը:
Ս. Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը դեմ չէ դրանց (ժամանակին Էջմիածնի տաճարում կայացել է միայն աշխարհահռչակ Հիլիարդի վոկալ կվինտետի համերգը): «Հովերի» գեղարվեստական ղեկավարը այս առիթով էլ հայտնեց. «Ես տեղյակ չեմ հայաստանյան եկեղեցիներն ինչպես են վերաբերվում երգչախմբային համերգներին, բայց համոզված եմ, որ այդ ձեւը հետագայում այստեղ էլ մեծ տարածում կստանա: Մենք Եվրոպայում բազմիցս հանդես ենք եկել եկեղեցիներում եւ ներկայացվող ծրագիրը՝ հոգեւոր երաժշտություն, միանշանակ սիրով է ընդունվել ունկնդրի կողմից, ինչը պատահական չէ՝ Աստծո տաճարում՝ հոգեւոր երաժշտություն»: