Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԿՈՅԻ «ՀԱԳՈՎ» ՉԷ

Մարտ 02,2007 00:00

\"\"Կոմպոզիտորներից ոմանք նման կարծիք են հայտնում

Մայիսի 12-ին Հելսինկիում կկայանա «Եվրատեսիլ-2007» մրցույթը, որի մասնակիցների օգտին ամեն տարի քվեարկում է ավելի քան 100 մլն հեռուստադիտող՝ շուրջ 40 երկրից: Մասնագետները բազմիցս նշել են, որ այս մրցույթում կոնկրետ չափանիշներ չկան, եւ հեռուստադիտողին ավելի շատ հետաքրքրում է ակնահաճո եւ ունկնահաճո շոուն: Պատահական չէր, որ անցյալ տարի ֆիննական «Lordi» խմբի «հրեշները» դարձան հաղթողներ, կամ Դիմա Բիլանը (ՌԴ) սպիտակ ռոյալով օրիգինալ բեմադրության շնորհիվ երկրորդ տեղը գրավեց, իսկ տասնյակում չհայտնված, թույլ կատարումով հանդես եկած հանրահայտ «Լաս Կետչուպը» (Իսպանիա) հաջողացրեց միավորներ կորզել քիչ թե շատ հաջող բեմադրության ու սափրագլուխ պարուհու շնորհիվ: Այնպես որ, «Եվրատեսիլին» մասնակցող յուրաքանչյուր երկիր փորձում է յուրովի զարմացնել բազմամիլիոնանոց քմահաճ հանդիսատեսին ու հեռուստադիտողին:

«Եվրատեսիլ-2007-ին» Ֆինլանդիայում Հայաստանը կներկայացնի ՀՀ վաստակավոր արտիստ, 2006թ. տարվա լավագույն երգիչ ճանաչված Հայկոն, ում ընտրությունն ի սկզբանե կանխորոշված էր՝ դեռ մինչեւ մրցույթի հայաստանյան փուլի կայացումը: Պատճառը աքսիոմայի նման է՝ Հայկոն նախագահի «ընտանեկան երգիչն» է ու նրա քարոզարշավը «ծաղկեցնողը», նաեւ Հ1-ի «կաստայի» ամենակարկառուն ներկայացուցիչը:

«Առավոտը» ճանաչված կոմպոզիտորներից փորձեց պարզել, թե ինչ են մտածում «Եվրատեսիլ- 2007»-ի, այդ մրցույթում Հայկոյի մասնակցության ու նրա հեղինակած երգի մասին:

Ռուբեն Ալթունյանն ասաց, որ Հայկոն լրիվ արժանի է ներկայացնել Հայաստանը Ֆինլանդիայում, որովհետեւ, կոմպոզիտորի ձեւակերպմամբ՝ բարձր պրոֆեսիոնալ է: «Մյուս կողմից էլ Անդրեից հետո Հայաստանը ներկայացնող երգչի վիճակը ծանր կլինի՝ թե արտաքինի, թե տարիքի, թե երգաձեւի առումով: Հետո Հայկոն ավելի լիրիկական երգիչ է, իսկ «Եվրատեսիլում» լիրիկական երգերով հազվադեպ են տեղեր գրավում»,- ավելացրեց պրն Ալթունյանը:

Արամ Սաթյանն ասաց, որ ուրախ է ոչ միայն Հայկոյի, այլեւ արտերկրում Հայաստանը ներկայացնող բոլոր երգիչների համար: «Աստված տա, ամեն ինչ լավ լինի, թեեւ համոզված եմ, որ ով էլ գնա, առաջին տեղ չի գրավելու: «Եվրատեսիլն» ավելի շատ քաղաքականություն է, քան մրցույթ, եւ պարզ է՝ որ երկրներն են հաղթում: Ինչ վերաբերում է Հակոյի երգին, ճիշտ չեմ համարում այդ մասին խոսելը, որովհետեւ 30 կոմպոզիտորների թվում ինձ էլ էին առաջարկել երգ գրել, իսկ ես հրաժարվել եմ: Ինչո՞ւ, որովհետեւ դեռ այն ժամանակ բոլորը խոսում էին, թե Հայկոն է գնալու՝ իր երգով: Այսինքն՝ կոմպոզիտորների մասնակցությունը այդ մրցույթին ձեւական էր լինելու: Կրկնում եմ՝ արտերկրում մրցույթները քաղաքական, իսկ մեր երկրում՝ անձնական նրբերանգներ ունեն»:

Վարդան Աճեմյանն էլ ասաց, որ Հայկոյի եվրատեսիլյան երգին ծանոթ չէ: Ու կարծում է, որ նման միջոցառումներին պետք է մասնակցեն ոչ թե ինքնուս հեղինակներ, այլ պրոֆեսիոնալներ: «Հիմա պրոֆեսիոնալ-էստրադային ավանդույթները մոռացվել են… Կարծում եմ, «Եվրատեսիլի» երգի համար պիտի պրոֆեսիոնալների մրցույթ հայտարարվեր, կոմպոզիտորներին երգ պատվիրվեր: Անձամբ ինձ չեն դիմել: Մինչդեռ այսօր երգ գրող կոմպոզիտորներ Հայաստանում մի քանիսն են, ու նրանցից մեկն էլ ես եմ»,- նեղսրտեց նա:

Լեւոն Չաուշյանն էլ հայտնեց. «Եվրատեսիլի» անցյալ տարվա մասնակիցների մակարդակն ինձ չէր բավարարում: Եթե առաջին տեղը գրաված «Լորդին» այդքան բացասական տպավորություն էր թողնում, ուրեմն տասնյակում հայտնվածներն ավելի ցածր մակարդակի վրա էին: Նույնն էլ այս տարի է ակնկալվում: Ինչ վերաբերում է Հայկոյին, որն իմ ուսանողն է եղել, որպես մարդ լավ տպավորություն ունեմ, բայց ինչպես մեր էստրադայի մյուս ներկայացուցիչներից, այնպես էլ Հայկոյից գոհ չեմ: Երգը չեմ լսել, բայց մտածում եմ, որ իր մյուս երգերից չի տարբերվի»:

Փոփ-երգիչներ «ձուլող» եւ հայաստանյան շոու-բիզնեսում գլխավոր դերակատարություն ունեցող Արթուր Գրիգորյանը հրաժարվեց խոսել. «Հոգնել եմ, էլ չեմ ուզում այդ պատմություններին խառնվել»: Մինչդեռ օրեր առաջ հեռուստաընկերություններից մեկի եթերում նա կարծիք էր հայտնել, որ Հայկոյին «Եվրատեսիլ» ուղարկելը արդարացված չէ, որովհետեւ այդ մրցույթին գնում են կայանալու համար, իսկ Հայկոն արդեն կայացած է, ավելին՝ ՀՀ վաստակավոր արտիստ է: Գրիգորիչն անուղղակի ակնարկում էր, որ «Եվրատեսիլից» վերադառնալուց հետո, որտեղ Հայկոն դժվար թե առաջին տեղերում հայտնվի, հաստատ հայաստանցի երգչի «նշաձողը» կիջնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել