Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասար պայմաններ՝ դպրոցական օլիմպիադաներում

Մարտ 02,2007 00:00

Թեքումով դպրոցների երեխաները մրցել են հանրակրթական դպրոցների սաների հետ

Օրերս ամփոփվեցին 14 առարկաների գծով դպրոցական օլիմպիադաների համայնքային փուլի արդյունքները: Դրանց մասնակցեց Երեւանի հանրակրթական դպրոցների շուրջ 6450 աշակերտ:

«Այս տարի մենք վերջապես հասանք նրան, որ գրականություն առարկայի օլիմպիադային նախորդ տարիների համեմատ ավելի շատ աշակերտներ մասնակցեցին»,- նկատեց քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: Երեւանի հանրակրթական դպրոցների որոշ ուսուցիչների դիտարկմամբ` օլիմպիադաների ժամանակ աշակերտներին բավական դժվար տարբերակներ են առաջարկվել: Ըստ ուսուցիչների, աշակերտները ցածր արդյունք են ցուցաբերել հատկապես բնագիտական առարկաներից: Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում անցկացվել է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի առարկայական օլիմպիադան, իսկ մարտի 5-ին կանցկացվի քիմիայի օլիմպիադայի մարզային փուլը: Այս դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը փաստեց, որ օլիմպիադայի մասնակիցները միջին մակարդակի գիտելիքներ են ունեցել. «Նունիսկ 0 միավոր ստացողներ են եղել: Ամենաբարձր ցուցանիշն էլ 13 միավորն է եղել, այդ պատճառով էլ ընդամենը 5 միավոր հավաքած աշակերտները անցել են քաղաքային փուլ»: Ըստ տիկ. Խոսրովյանի, այս ամենի մեղավորը ոչ միայն թերի գիտելիքներով երեխաներն են, այլեւ նրանց ներկայացված առաջադրանքների չափից ավելի բարդ լինելը եւ հանրակրթական ու թեքումով դպրոցների երեխաների միջեւ մրցակցություն ստեղծելը:

Թիվ 181 դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանը, սակայն, գտնում է, որ դասագրքային ու ծրագրային գիտելիքներով լրիվ հնարավոր է հաղթահարել օլիմպիադայում առաջարկվող առաջադրանքները: Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում անցել է հայերենի առարկայական օլիմպիադան: Տնօրեն Ռուզաննա Կոստանյանը հայտնեց, որ ի տարբերություն հումանիտարների, բնագիտական առարկաներին դպրոցական ծրագրով ավելի քիչ ժամաքանակ է հատկացվում, դրա համար էլ երեխաները թերանում են դրանցից: Նա եւս դժգոհ էր հանրակրթական եւ թեքումով դպրոցների աշակերտների մրցակցությունից. «Եթե այսպես շարունակվի, այսուհետեւ երեխաներ չենք ուղարկի օլիմպիադայի»:

Թիվ 181 դպրոցի տնօրեն Վ. Կիրակոսյանը, ով մաթեմատիկայի առարկայական համայնքային հանձնաժողովի նախագահն էր, այս կարծիքին չէ: «Օլիմպիադան բուհական կամ ընդունելության քննություն չէ, որ խոսենք հավասար պայմաններից: Այն առանձնահատուկ ընդունակությունների տեր երեխաներին բացահայտելու հնարավորություն է տալիս: «Քվանտ» վարժարանում կամ Ֆիզմաթ դպրոցում սովորող երեխաների ու հանրակրթական դպրոցների սաների մրցակցության մեջ որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում»,- կարծում է պրն Կիրակոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել