Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՆՏԻՐՈՋԸ ՀԱՐԿԱԴԻՐՆԵՐԸ ՊԱՏԱՆԴ ԷԻՆ ՎԵՐՑՐԵԼ

Մարտ 02,2007 00:00

 Պատգամավորին եւ օմբուդսմենի գրասենյակի իրավաբաններին տարածք չթողեցին

\"\"Մարիետա Հախվերդյանը պատանդ էր մնացել. նա դրսում հավաքվածների հետ հաղորդակցվում էր պատուհանով:

\"\"Ոստիկանները խանգարում են կանանց, որոնք ուզում էին օգնել պատանդ վերցված տանտիրուհուն:

 

\"\"Բախումներից մեկը բարեբախտաբար առանց զոհերի եղավ:

\"\"Շտապօգնությունը բուժօգնություն է ցույց տալիս Լուիզային:

 

\"\"Ահա թե ինչ է հարկավոր պետությանը իր կարիքները հոգալու համար. ԴԱՀԿ, շտապօգնություն եւ գույքը տեղափոխող բեռնատար:

Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Աստաֆյան 5/1 8-րդ տանը: Դատական ակտերի հարկադիր կատարողները՝ թվով 20 հոգի, առավոտյան ժամը 10-ին մտել էին Մարիետա Հախվերդյանի բնակարան եւ առանց կատարողական թերթիկը ցույց տալու՝ սպառնացել էին «տապչկաներով դուրս շպրտել փողոց»: «Առավոտը» առաջին լրատվամիջոցն էր, որին ԴԱՀԿ-ականները դիմավորեցին «դուրս եկեք» բացականչություններով, իսկ ինչ-որ մեկը, իմանալով, որ լրագրող եմ, պահանջեց լիազորագիր ցույց տալ: Ուսադիրավորին հարկ եղավ բացատրել, որ լրատվամիջոցը որեւէ լիազորագիր չունի եւ փորձեցի ցույց տալ վկայականս: Այդժամ հարկադիրները հայտարարեցին, որ իրենք ընթերակաների հետ միասին իրականացնում են կատարողական վարույթ, որի ժամանակ, բացի ընթերականերից եւ հարկադիրներից, ներսում ոչ ոք չպետք է լինի: Չնայած՝ հասարակական կարգի պահապան ոստիկանները նույնպես գտնվում էին բնակարանում: Վտարման օպերացիան իրականացնում էր Սուրեն Թադեւոսյանը, որը քաշքշել էր տանտիրուհու աղջկան՝ Լուիզային, արհամարհանքով ասելով՝ «ընկել եք Հյուսիսային պողոտայի ադվակատների խելքին», ավելին, ցույց տալով ծոցագրպանը, ասել էր. «այ, զապիս ա արվում, վրեդ գործ կսարքեմ»: Քիչ հետո Լուիզային հարկադիրները իսկապես հողաթափերով դուրս շպրտեցին եւ ներս չէին թողնում անգամ այն ժամանակ, երբ լրատվամիջոցները միջամտեցին, թե տանտերն է: Մարիետա Հախվերդյանը պատանդ էր մնացել. նա դրսում հավաքվածների հետ հաղորդակցվում էր պատուհանով, ու երբ «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության անդամներն օգնության եկան, կանայք փորձեցին աստիճաններ դնել, որովհետեւ այդ պահին Մարիետա Հախվերդյանը վատ էր, իսկ նրա աղջկա՝ Լուիզայի համար հրավիրվեց շտապօգնություն: Բուժքույրերը ասացին, որ իրենք Պռոշյանի շտապօգնության հիվանդանոցից են, թեեւ երբ նրանք փորձեցին Լուիզայի ճնշումը չափել, այնքան էին շփոթված, որ թեւն էլ չբացեցին: Լուիզան տեղեկացրեց, որ ծանր ապրումներից վիժել է: Նրան առաջարկվեց ներարկումներ անել: Փողոցում դա հնարավոր չէր: Անգամ ջրի բաժակ չկար, որ սրտի կաթիլներ տային:

Շտապօգնությունից հետո եկավ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մկրտչյանը, որին դարձյալ ներս չէին թողնում, որովհետեւ հարկադիրները դուռը փակել էին եւ տանտիրոջ գույքն էին հավաքում՝ այլ դուրս շպրտելու համար: Տանտիրուհին լաց էր լինում, օգնություն խնդրում, իսկ նրա ամուսինը՝ երաժիշտ Սամվել Ղարիբյանը չէր կարողանում անգամ սեփական տուն մտնել, ոտքով փորձ արեց կոտրել դուռը, սակայն՝ ապարդյուն: Քիչ անց տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորը կապվել է արդարադատության նախարարի հետ: Վերջինս նրան հրավիրել էր նախարարություն: Մինչ պատգամավորը կգնար բանակցելու նախարարի հետ, օմբուդսմենի գրասենյակի երեք իրավաբան՝ Արման Խաչատրյանի գլխավորությամբ, ներկայացան տունը շրջափակած ոստիկաններին, սակայն վերջիններս երդվում էին, որ իրենք կապ չունեն ներսում կատարվող գործողությունների հետ եւ ընդամենը հասարակական կարգն են պահպանում: Տուժողները ամոթանք էին տալիս «անիրավներին», հայտարարելով, որ «իշխանությունները մեր արյունը խմում են», իսկ օմբուդսմենի գրասենյակին էլ տեղեկացրին. «Բարբարոսներից 20-ը ներսում են»: Երբ նորից փորձ արվեց աստիճան դնել օգնելու տանտիրուհուն, ոստիկանները սկսեցին քաշքշել կանանց:

Ի վերջո վերադարձավ ԱԺ պատգամավորը եւ խորհրդակցելով այդ պահին սրտի նոպա տարած Հախվերդյանի ամուսնու՝ Ղարիբյանի հետ, մտան բնակարան: Ապա դուրս գալով, «Առավոտին» տեղեկացրեց, որ տանտերերը համաձայնել են գույքը հավաքել, հաշվառել եւ տեղափոխել: Նշենք, որ պետական կարիքի անվան տակ խլվող այս տունը գնահատվել է 25.000 դոլար, իսկ 9 շնչից բաղկացած այս ընտանիքի դատական գործը գտնվում է Սահմանադրական դատարանում, եւ այն պետք է քննության դրվի մարտի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել