Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիտարի «խերը»

Մարտ 02,2007 00:00

Պանելն ընկել է ու տունն ավերել

Երեկ կեսօրին Արամի փողոցում կառուցվող էլիտարի երկաթբետոնե հսկա սալերից մեկն ընկել է նույն փողոցում գտնվող թիվ 80 տան վրա՝ ավերելով տանիքն ու հյուրասենյակը: Պատահարը հսկայական նյութական վնաս է հասցրել տանտերերին: Բարեբախտաբար, այդ պահին տանը մարդ չի եղել, հակառակ դեպքում, ինչպես տանտերերն են վստահեցնում՝ «դրա տակից մարդ կենդանի դուրս չէր գա»: Տան բնակիչ Նարինե Մարգարյանի ներկայացմամբ, դեպքն իրենց համար այնքան էլ անակնկալ չէր, քանի որ էլիտարի շինարարությունը սկսվելուց ի վեր ժամանակ առ ժամանակ վերամբարձ կռունկի վրայից քարեր են պոկվել ու ընկել տան վրա: «Առավոտի» հետ զրույցում Ն. Մարգարյանն ասաց. «Ամեն անգամ մի բան պատահում է: Մի անգամ էլ տրակտորն է շուռ եկել՝ տրորելով մեր բակի գազոնները, մի խոսքով՝ կյանքներս ամեն րոպե վտանգելով ապրում ենք, ոչ մեկի պետքը չէ»:

Երեկ մեր այցելության պահին Մարգարյանների տունը կիսափուլ վիճակում էր: Նարինեի պատմելով, ծնողները դեպքից ընդամենը մի քանի վայրկյան առաջ էին դուրս եկել սենյակից. «Նրանք իջան ու սալիկն ընկավ»: Դեպքից անմիջապես հետո տանտերերը զանգահարել են Կենտրոն թաղապետարան, քաղաքապետարան, որտեղից պատասխանել են՝ «Եկեք դիմում գրեք»:

Էլիտարների շինարարությունն իրականացնում է «Հերմեք» ՍՊԸ-ն, որը Մարգարյաններին խոստացել է վնասները փոխհատուցել: Ն. Մարգարյանի խոսքերով. «Մեր տունը իրացման գոտում էր, սակայն քանի որ հանդիսանում էր պատմամշակութային կոթող, իրացումից կարողացանք մի կերպ փրկել»:

Նկատենք, այս էլ որերորդ դեպքն է, որ էլիտար շենքերի շինարարության ժամանակ նման պատահարներ են տեղի ունենում, սակայն շինարարություն իրականացնողները պատասխանատվության չեն ենթարկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել