Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 3-ՐԴ ՏԵՂԻՆ

Մարտ 02,2007 00:00

\"\"Միավորված աշխատանքային կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների մեծամասնությունն այդպես է գնահատում իրենց ներուժը:

ՄԱԿ-ը միակ կուսակցությունն է, որը մամուլի ներկայացուցչին հնարավորություն ընձեռեց ներկա գտնվել իրենց քաղաքական խորհրդի ընդլայնված նիստին, որտեղ երեկ քննարկվում էր կուսակցության համամասնական ցուցակի հարցը: Եվ բնավ այդպես չէ, թե 88 հոգի ընդգրկող ցուցակն արդեն կազմ ու պատրաստ էր, իսկ քաղխորհուրդը միայն միաձայն հաստատեց այն. քննարկման ընթացքում ե՛ւ 1-2 հոգի ինքնաբացարկ հայտարարեցին, ե՛ւ տարածքային մի կառույցի ղեկավարի պնդմամբ՝ իրենց ներկայացուցիչը առաջ քաշվեց ցուցակում: Սա այն պայմաններում, երբ, ինչպես հայտնեց ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը՝ ցուցակը ձեւավորվել է նաեւ հաշվի առնելով տարածքային կառույցների առաջարկները եւ երաշխավորությունները, որոնք ստացվել էին դեռ ամիսներ առաջ:

Սակայն մինչ ցուցակը քննարկելը՝ Գուրգեն Արսենյանն անդրադարձավ թերթերից մեկի երեկվա հրապարակմանը, թե իշխանությունները ներքին օգտագործման սոցհարցում են պատվիրել եւ պարզել, որ ՄԱԿ-ի փոխարեն հասարակությունը բոլորովին այլ ուժ է ցանկանում տեսնել ԱԺ-ում՝ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությանը: «Ու դրա համար «Օրինաց երկրի» մնացորդ հանդիսացող մի խումբ պատգամավորների տեղափոխել են ԺԿ շարքերը, քանի որ նրանք են անցնելու»,- հոդվածը հեգնանքով վերաշարադրեց պրն Արսենյանը, ու ՄԱԿ տարածքային կառույցների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գնահատում իրենց ուժերը: Միջանկյալ նշենք, որ ըստ Գուրգեն Արսենյանի՝ կուսակցությունն այժմ ունի 20 հազարից ավելի անդամ եւ ներկայացված է բոլոր մարզերում: Հարցին ի պատասխան, թե տվյալ տարածաշրջանում ձայների քանակով ո՞ր տեղը կգրավի ՄԱԿ-ը՝ ամենաշատը, շուրջ 20 անգամ հնչեց «առնվազն 3-րդ տեղը» պատասխանը: 5-6 կառույցների ղեկավարներ վստահ էին, թե իրենց տարածքում ՄԱԿ-ն իր ձայների քանակով կլինի անգամ առաջինը: «Աշխատում ենք մրցանակային 3-րդ տեղի համար,- հարցախույզի արդյունքներն ամփոփեց կուսակցության նախագահը եւ հավելեց:- Ձեր բոլոր ասածներից մի նիշ ներքեւ կարող եք հավաքել՝ սա հնարավոր ու թույլատրելի վերջին սահմանն է»: Եվ կեսկատակ հայտարարեց. «Այս լավատեսական տրամադրությունների լույսի ներքո՝ առաջարկում եմ խորհրդով որոշում ընդունել, որ համենայնդեպս՝ ունենք հնարավորություն մասնակցելու ԱԺ ընտրություններին»: Մեղրիի կառույցի ղեկավար Հարություն Բաղդասարյանը (Արսենյանը նրան բնորոշեց իբրեւ ՄԱԿ-ի ամենաարմատական ընդդիմադիր) ծոր տվեց. «Բայց դա որոշա՞ծ չէր: Ես տենց գիտեի, թե որոշա՛ծ է»:

Սեփական նախաձեռնությամբ որոշել են, որ ցուցակում այլեւս չեն ընդգրկվելու ՄԱԿ խմբակցության ներկայիս պատգամավորներ, ՄԱԿ քաղխորհրդի անդամներ Արթուր Պետրոսյանը եւ Լեւոն Պողոսյանը: Նրանց որոշումը պրն Արսենյանը ներկայացրեց իբրեւ «օրենսդրական աշխատանքի գնահատման իրենց անձնական ռեւիզիայի» արդյունք, եւ հայտնեց, թե նրանք իրենց տեսնում են գործադիր ու տնտեսական համակարգերի զարգացման ասպարեզներում: Ինքը՝ Արթուր Պետրոսյանը սեփական որոշումը միայն այսպես մեկնաբանեց. «Այդպես եմ ճիշտ գտնում՝ այդպես եմ անում»: Իսկ «Մշակ» ընկերության ղեկավար Լեւոն Պողոսյանը (որը, հիշեցնենք, դեռ ԱԺ գործունեության ընթացքում էր հայտարարել մանդատը վայր դնելու մասին, սակայն չպնդեց մտադրությունը) ասաց. «Ապագա խմբակցության շահերից է բխում իմ որոշումը: Ինձ թվում է՝ մենք ունենք օրենսդրական դաշտում առավել արդյունավետ աշխատելու հնարավորություն ունեցող մարդիկ: Ինքս ինձ տեսնում եմ այլ ասպարեզում, որտեղ ավելի արդյունավետ եմ գործում»: Մինչդեռ պրն Արսենյանը նշեց, թե ոչ ոք չի վիճարկում Լեւոն Պողոսյանի աշխատանքի արդյունավետությունը. «Նրանք աշխատել են շատ արդյունավետ եւ օգտակար» եւ այսուհետ էլ մնալու են ՄԱԿ-ի հետ, բայց ոչ խորհրդարանում:

ՄԱԿ-ի համամասնական ցուցակում, ըստ պրն Արսենյանի՝ «Չկան մարդիկ, որոնք կապ չունեն կուսակցության հետ», ընդգրկված անկուսակցականներն անգամ ՄԱԿ-ի ակտիվի անդամ են, համակիրներ, «որոնք գտել են, թե մի որոշ ժամանակ իրենք պետք է մտածեն՝ մինչեւ կուսակցության անդամ դառնալը»: Ցուցակը, բնականաբար, ղեկավարում է Գուրգեն Արսենյանը: 2-րդը Գրիգոր Ղոնջեյանն է: Կուսակցության ղեկավարի՝ «Չունե՞ք առարկություններ» հարցին՝ Մասիսի տարածքային կառույցի ներկայացուցիչը պատասխանեց. «Չունենք»: Նրա կողքին նստած Ղոնջեյանն ուղղեց, թե պետք էր պատասխանել. «Շատ ուրախ եմ»: Ու սկսվե՜ց… դրանից հետո ցուցակում տեղ գրաված գրեթե բոլոր անունների ազդարարմանը՝ մեղրեցի ընդդիմադիրն ու մյուսներն արձագանքում էին. «Շա՜տ, շա՜տ ուրախ ենք», «Ջա՜ն, ջա՜ն»:

Ցուցակում 3-րդը Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանն է, 4-րդը՝ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը, 5-րդը՝ սոցապ փոխնախարար Թամարա Գեւորգյանը («Կապրենք, կտեսնենք, թե ուրիշ ո՞ր ցուցակի առաջին հնգյակում կլինեն երկու կին գործիչներ»,- ասաց պրն Արսենյանը), 6-րդը՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը, 7-րդը՝ Անկախության բանակի հիմնադիրներից մեկը՝ Սմբատ Աղայանը, 8-րդը՝ ՀՀ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը, 9-րդը՝ «Բժիշկներ առանց սահմանի» հայ-բելգիական կազմակերպության ղեկավար Անահիտ Հովհաննիսյանը, եւ 10-րդը՝ ԵԿՄ վարչության անդամ Սամվել Հովսեփյանն է («Ադմիրալ Սամոն»):

Մշակույթի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանը ցուցակում 16-րդն է: Ներկա նախարարը, որին առաջադրել էր ՄԱԿ-ը՝ չկա ցուցակում: «Նա ՄԱԿ անդամ չէ,- հիշեցրեց Գուրգեն Արսենյանը:- Մենք նաեւ հայտարարել էինք, թե չենք պատրաստվում կուսակցականացնել մշակույթը»:

Այլ ուշագրավ մանրամասներ ցուցակից՝ 37-րդն Ալիկ Հարությունյանն է (ՄԱԿ խմբակցության ղեկավարի օգնականն ԱԺ-ում), 38-րդը՝ Հայկ Գեւորգյանը (Արտաշատից), 47-րդը՝ Հակոբ Հակոբյանը (Վայոց ձորից) եւ ցուցակը եզրափակում է Կարեն Կարապետյանը (անհատ ձեռներեց՝ Մեծամորից):

Քաղխորհրդի նիստը երեկ որոշեց նաեւ ԿԸՀ-ում ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի գործադիր վարչության ղեկավար Վիգեն Խաչատրյան (նախկինում՝ ԼԴԿ նախագահ) եւ Հարություն Խաչատրյան (նախկինում՝ ՀՀՇ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել