Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մարտ 01,2007 00:00

\"\"Փետրվարի 27-ին կայացած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը սկսվեց հաճելի արարողությամբ: \"\"

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը 2006 թվականին շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթողի կոչումը նվաճելու համար «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալների արժանացրեց գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանին, Սմբատ Լպուտյանին, Արտաշես Մինասյանին, Կարեն Ասրյանին, Գաբրիել Սարգսյանին, Լեւոն Արոնյանին, Տիգրան Նալբանդյանին եւ Արշակ Պետրոսյանին: Արոնյանը, Պետրոսյանը եւ Նալբանդյանը հարգելի պատճառներով բացակայում էին քաղաքից: Նրանք մեդալները կստանան ավելի ուշ: Գ. Ծառուկյանը նշեց, որ ի պատիվ մեր շախմատի հավաքականի տարած այդ պատմական հաղթանակի, ինքն Աբովյանում շախմատի մեծ դպրոց է կառուցել, որի բացումը նախատեսվում է մոտ ժամանակներս եւ որին կհրավիրվեն վերոնշյալ բոլոր գրոսմայստերները:

Օրակարգի երկրորդ հարցը նվիրված էր ՀԱՕԿ-ի 2006 թվականին կատարած աշխատանքներին, որոնք թե ՄՕԿ-ը, թե ԵՕԿ-ը եւ թե տարբեր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներ բարձր են գնահատում: Այս մասին իր զեկուցման մեջ նշեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նշվեց, որ 2007-2008 թվականները պատասխանատու են «Պեկին-29» ամառային օլիմպիական խաղերի համար: Հավաքական թիմերի մարզիչները, սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության կենտրոնը, թիմերը սպասարկող գիտական խմբերը, մարզական կազմակերպությունները, ազգային ֆեդերացիաները, Սպորտպետկոմը եւ ՀԱՕԿ-ը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծեն մարզական արդյունքների բարձրացման, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին հաջող մասնակցությունն ապահովելու համար:

Կարեւոր էր «Պեկին-2008»-ին նախապատրաստվող Հայաստանի մարզիկների պլան-պարտավորությունների մասին» հարցը: «Մենք պետք է իմանանք, թե ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակներով,- ասաց պարոն Ծառուկյանը:- Այս տարիների ընթացքում պետությունը, կառավարությունը, օլիմպիական կոմիտեն Խաղերին հաջող մասնակցելու համար ստեղծել են բոլոր պայմանները, սկսած մարզաբազաների, մարզադպրոցների հիմնանորոգումից ու կահավորումից, վերջացրած մարզիչներին ու մարզիկներին բարձր հավելավճարներ հատկացնելով: Այսօր հավաքականների գլխավոր մարզիչները $800-ին համարժեք դրամ թոշակ են ստանում, չհաշված իրենց աշխատավարձը: Սրան ավելացնենք՝ արդյունքներ լինելու դեպքում, ՀԱՕԿ-ի եւ տարեվերջին՝ հանրապետության նախագահի տված խոշոր պարգեւները: Այս ամենի դիմաց արդեն կոնկրետ արդյունքներ ենք պահանջում: Մեր թուլությունը մարզիչներն են: Այս փաստաթղթով նախատեսվում է, որպեսզի հավաքականների գլխավոր մարզիչները հաշվետու ժամանակահատվածում կոնկրետ պարտավորություններ ստանձնեն, թե ի՞նչ ցուցանիշներ են ապահովելու 2007-2008 թվականների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, որպեսզի գիտենանք, թե օլիմպիական խաղերում ի՞նչ հույսեր կարող ենք ունենալ: Պարտավորությունները չկատարողները ինքնըստինքյան պետք է տեղը զիջեն: Անփոխարինելի մարդիկ չկան: Հնարավոր է, որ մարզիչը «ոսկի» խոստանա, բայց «արծաթ» կամ «բրոնզ» բերի: Դա՝ ոչինչ: Սպորտում նման բաներ լինում են: Բայց մրցանակային տեղ չզբաղեցնելն արդեն անհաջողություն է գնահատվում: Առաջարկում եմ, որ այն մարզիչներին ներկայացվի եւ ստորագրվի 10-օրյա ժամկետում»: Գործկոմի անդամները միաձայն հավանության արժանացրին առաջարկը:

Հաջորդ հարցով գործկոմը հաստատեց «Պեկին-2008» օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքական թիմերի աշխատանքները համադասող շտաբի կազմը, որտեղ ընդգրկվեց 29 անդամ:

Օլիմպիական խաղերին նախորդող ժամանակահատվածում եւ Խաղերի բուն ընթացքում յուրաքանչյուր երկիր ՄՕԿ-ի եւ կազմկոմիտեի հետ սերտ կապերն ու ամենօրյա հարաբերություններն իրականացնում է շեֆ միսիայի միջոցով: Գագիկ Ծառուկյանի առաջարկով ամառային 29-րդ օլիմպիական խաղերում այդ պաշտոնը վստահվեց ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրեն Դերենիկ Գաբրիելյանին:

Գործկոմը 2007 թվականի փետրվարին Ջակայում (Իսպանիա) անցկացված Եվրոպայի երիտասարդության ձմեռային օլիմպիական փառատոնին ՀԱՕԿ-ի մարզական պատվիրակության մասնակցությունը գնահատեց բավարար՝ հաշվի առնելով, որ համեմատած նախորդների հետ, Հայաստանի մարզիկների ցուցանիշները զգալիորեն աճել են:

Օրակարգային վերջին հարցով փոփոխություններ կատարվեցին ՀԱՕԿ-ի կազմում, կապված որոշ անդամների՝ կյանքից կամ հանրապետությունից հեռանալու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել