Ռամիլ Սաֆարովը ցմահ դատապարտված է
Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում փաստաբան Նազելի Վարդանյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրին փետրվարի 22-ին Հունգարիայի վերաքննիչ դատարանում կայացած՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի դատավարությունը: Ն. Վարդանյանը փաստեց, որ Սաֆարովի պաշտպան Մադյար Դորջը շարունակ պարզունակ մեթոդներով փորձել է պահանջել, որ նոր փորձաքննություն նշանակվի: Նա ասել է, որ Սաֆարովը ցուցմունքները տվել է ռուսերեն, ուստի լավ չի հասկացել, թե ինչ է ասում: Արդյունքում՝ փոխվել են ցուցմունքները, եւ դատարանը արժանահավատ չի համարել վերջիններս՝ հիմք ընդունելով առաջին ցուցմունքները (առաջին ցուցմունքներում Սաֆարովը հայտնել էր, որ կանխամտածված սպանություն է կատարել): Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Ռ. Սաֆարովին դատապարտել ցմահ ազատազրկման:
Ն. Վարդանյանը տեղեկացրեց, որ Մ. Դորջը դատարանում հայտարարել էր, որ Սաֆարովը այլ մշակույթի կրող է, եւ հունգարացիները չեն կարող հասկանալ, թե ադրբեջանցին ինչու է հայ սպանում, քանի որ Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չէ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը փաստեց, որ Սաֆարովի ներկայացուցչի՝ ադրբեջանական մշակույթի մասին վերոնշյալ մեկնաբանությունը պարզապես շոկ է առաջացրել դատարանում:
Սաֆարովի պաշտպանի ելույթից հետո խոսքը տրվել է դատախազ Էդիտ Բագիին, որը դատարանին խնդրել է դատավճիռը անփոփոխ թողնել եւ հաշվի առնել այն փաստը, որ հանցագործությունը ծայրահեղ դաժանությամբ է կատարվել, ու Սաֆարովը այդպես էլ չի զղջացել:
Ն. Վարդանյանը տեղեկացրեց, որ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդ, հունգարացի ներկայացուցիչ Գաբրիելա Գասպարը շեշտել է, որ Սաֆարովը հանցագործությունը կատարել է հերոսանալու նպատակով, եւ իր երկրում իսկապես հերոսացել է, ինչպես Թուրքիայում՝ Հրանտ Դինքի սպանությունն իրականացնողը:
Հայկ Դեմոյանը երեկվա ասուլիսում անդրադարձավ նաեւ դատավարության քաղաքական կողմին: «Եվրոպական դատարանում Հրանտ Դինքի եւ Գուրգեն Մարգարյանի սպանությունների միջեւ զուգահեռ է անցկացվել եւ հնչել «ցեղասպանություն» եզրը: Այսինքն, 2 սպանությունները դիտարկվել են որպես էթնիկ պատկանելության հիման վրա կատարված հանցագործություններ: Հավանաբար թուրքերը կանխատեսել էին, որ Դինքի սպանության մասին եւս կխոսվի, դրա համար էլ այս անգամ դատական նիստերին թուրքական դեսպանատան ներկայացուցիչները բացակայում էին»:
Հ. Դեմոյանը կարծում է, որ Հունգարիայի վերաքննիչ դատարանի որոշումից հետո ադրբեջանցիները խելամիտ կգտնվեն եւ չեն դիմի Հունգարիայի գերագույն կամ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Ն. Վարդանյանն էլ համոզված է, որ ադրբեջանցիները հունգարական գերագույն դատարան կկարողանային դիմել միայն այն դեպքում, եթե վերաքննիչ դատարանում թույլ տրված լինեին դատավարական եւ իրավական նորմերի կոպիտ խախտումներ. «Իսկ ադրբեջանցիների՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների պաշտպանության դատարան դիմելու դեպքում, հայերը կրկին կշահեն, քանի որ եվրոպական մեկ այլ երկրում էլ ադրբեջանցիները կխոսեն իրենց ազգային «մշակույթի» մասին, ըստ որի՝ ազգային պատկանելության հողի վրա մարդ սպանելը հանցագործություն չէ»: