Հայաստանում այս մայիսին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որից հետո, հաջորդ փետրվարին՝ նախագահական ընտրություններ: Թե ինչպես մենք կանցկացնենք ընտրությունները, որոշելու է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ապագան, այլ նաեւ ողջ Կովկասյան տարածաշրջանի:
Ես եկա Վաշինգթոն պարզ ուղերձով եւ մի քանի գաղափարներով, որոնք, կարծում եմ, կարող են օգնել՝ բերելու կայունություն եւ բարեկեցություն Հայաստանին եւ ավելի լայն առումով՝ հարավկովկասյան տարածաշրջանին: Միայն լեգիտիմ քաղաքական համակարգը, որը հենված է ժողովրդավարությանը խիստ նվիրվածության վրա, այն պլատֆորմն է, որը կառաջնորդի մեզ դեպի տեւական կայունություն: Մենք կարիք ունենք, որ Միացյալ Նահանգները պաշտպանի այս աքսիոմը մեր տարածաշրջանում:
Հարավային Կովկասը կամուրջ է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ: Այն դարպաս է դեպի կասպյան էներգակիրները եւ տրանզիտ միջանցք եվրոպական եւ չինական շուկաների միջեւ: Մեր գրավիչ աշխարհաքաղաքական դիրքը գուցե նաեւ մեր անեծքն է, քանի որ մեր տարածաշրջանում արտաքին մրցակցության աստիճանը շատ մեծ է:
Գոյատեւելու եւ մրցելու համար մենք թափանցիկ եւ ունակ ինստիտուտների կարիք ունենք: Ես համոզված եմ, որ տնտեսական առաջընթացը, հակամարտությունների կարգավորումը եւ տարածաշրջանային ինտեգրացիան բխում են առողջ ժողովրդավարական համակարգից:
Մենք մեր տարածաշրջանում ժողովրդավարության կարիք ունենք ոչ թե որպես կարգախոս, այլ որպեսզի լուծենք մեր սառեցված հակամարտությունները, կոռուպցիայի եւ անապահովության խնդիրները: Հայաստանը, նախ եւ առաջ, ազատ եւ արդար ընտրությունների կարիք ունի, որոնք կայուն եւ առաջադեմ հասարակության հիմքն են:
Չպետք է մոռանալ, որ կա ուղիղ կապ քաղաքական լեգիտիմության եւ դիվանագիտական փոխզիջման միջեւ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի լուծում, փաստորեն, որոշ լուծումներ արդեն առաջարկվել եւ մերժվել են, ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են անարդարացի կամ ոչ գործնական, այլ որովհետեւ մեր տարածաշրջանում քաղաքական գործընթացները շատ թույլ են:
Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը ունի մանդատ եւ մանեւրելու տարածք՝ փոխզիջումային լուծում փնտրելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Այսպիսով, անմիջական առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանում ժողովրդավարության կառուցումը, որը հենվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրությունների վրա:
Հայաստանը պետք է դառնա օրենքի իշխանության վրա հիմնված հասարակություն: Օրենքը սոսկ ուղի չէ, այն հիմնարար սկզբունք է, որը պետք է պաշտպանվի, եւ որին պետք է ենթարկվել եւ հետեւել: Ես չեմ հավատում օրենքի կամայական կիրառությանը, եւ իմ կուսակցությունը՝ «Օրինաց երկիրը», հետեւողական է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու խնդրում:
Հասունացել է ժամանակը նորմալացնել հայ-թուրքական հարաբերությունները, բացել հայ-թուրքական սահմանը եւ թույլատրել ապրանքների, կապիտալի եւ մարդկանց ազատ հոսքը:
Սահմանի բացումը եւ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության հաստատումը կարեւոր է Հայաստանի համար եւ անհրաժեշտ է մեր հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացիայի համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմությունը երբեմն եղել է ողբերգական, ինչպես օրինակ՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը, սակայն մենք պետք է նայենք ապագային, քանի որ մեր քաղաքացիներն ավելի լավ կյանք են ցանկանում վաղը: Եվ ես կարծում եմ, որ մենք մեր հարաբերությունները պետք է կառուցենք՝ հենվելով ավելի ընդգրկուն մոտեցման վրա, առանց նախապայմանների՝ միաժամանակ չմերժելով եւ ազնվորեն նայելով անցյալին: Հավանաբար, եկել է ժամանակը Թուրքիայի եւ Հայաստանի համար սկսել կառուցել հարաբերություններ՝ հիմք ընդունելով եվրոպական առաջնահերթությունները:
Նմանապես, Ադրբեջանի հետ բարելավված հարաբերություններն անհրաժեշտ են մեր երկարաժամկետ էներգետիկ կայունության համար, որը կարող է բխել միայն էներգետիկ դիվերսիֆիկացիայից: Ես աջակցում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ հենված փոխադարձ զիջումների վրա, եւ ես աջակցում եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանը:
Հայաստանի ապագան կապված է եվրոպական ինտեգրացիայի եւ NATO-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու հետ: Սակայն Արեւմուտքի հետ հարաբերությունները չպետք է հակադրվեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Մենք հավասարակշռված արտաքին քաղաքականության կարիք ունենք: Մենք նաեւ Իրանի հետ դրական հարաբերությունների կարիք ունենք: Իրանի միջուկային խնդիրը մտահոգիչ խնդիր է, սակայն ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը Իրանի հետ երկխոսության կարիք ունի:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Washington Times, 28 փետրվարի