Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի խափանման միջոցը փոխեցին

Մարտ 01,2007 00:00

\"\"Պաշտպանի՝ նիստից բացակայելու պատճառով

Անցյալ տարվա մայիսի 12-ին քրեական գործ հարուցվեց Անդրանիկ Սարգսյանի նկատմամբ: Կենտրոնի դատախազությունը մեղադրանքն առաջադրելիս, նախաքննության փուլում պարզեց, որ Ա. Սարգսյանը հայտնվել է Չարենցի 2-րդ նրբանցքի 38 տանը: Սարգսյանն ասում էր, որ եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում եւ վերոնշյալ տունն էլ մտել է «բնական կարիքները հոգալու համար»:

Կենտրոնականի ոստիկանները Սարգսյանին տարել էին բաժին, սակայն նրա մոտ խուզարկությամբ ոչինչ չէր հայտնաբերվել: Չնայած, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին գործը ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, Սարգսյանի մեղադրանքում ավելացվել էր, որ նա 200 դոլար եւ 20.000 դրամ է գողացել, ինչպես նաեւ տանտիրուհու՝ Ինեսա Գաբրիելյանի շրթներկն ու թաշկինակը:

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող Կենտոնի դատախազի օգոստոսի 12-ի միջնորդության մեջ (քրգործի նախաքննության ժամկետը երկարացնելու) արձանագրվել էր. «Նախաքննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել Ա. Սարգսյանի կողմից գողությունը կատարելու վերաբերյալ, սակայն հիմնավորվել է, որ նա ապօրինի մուտք է գործել Ի. Գաբրիելյանի տուն»: Եվ հետեւել է մեր իրականությանը բնորոշ հանձնարարականը. դատախազությունը դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին՝ «Ա. Սարգսյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութերի առկայության մասին»: 3 ամիս 15 օր հետո տուժող Գաբրիելյանը, որի հետ մինչ այդ առերեսումներ էր եղել եւ նա ցուցմունք էր տվել, դարձյալ ցուցմունք էր տվել, ասելով, որ «Սարգսյանը ցանկանում էր տաբատները գողանալ»: «Ցանկությունը» վարկաբեկիչ նյութերի մասը կազմեց:

Գործի դատաքննությունն ավելի արտառոց զարգացում ստացավ: Ա. Սարգսյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց ստորագրությունը՝ քաղաքից չբացակայելու համար: Նշենք, որ նա բուժվել է «Հայաստանի բժշկական կենտրոնի» նյարդահոգեբուժական բաժանմունքում, ապա հաշվառվել «Աղի հանքի հոգեբուժարանում»: Նրա պաշտպանությունն իրականացնում էր փաստաբանական պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը: Վերջինս դատական նիստից բացակայել է, քանի որ ծանուցված չի եղել այդ մասին: Դրան հետեւել է սենսացիոն որոշում. պաշտպանի բացակայությունը վկայակոչելով՝ դատարանը Անդրանիկի խափանման միջոցը փոխել է, նրա նկատմամբ հունվարի 29-ին ընտրելով կալանքը: Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» մեկուսարանի հիվանդանոցում: Դատարանն իր որոշման մեջ գրել էր. «Դատական նիստերը (հունվարի 27, հունվարի 29) հետաձգվել են՝ պաշտպանի չներկայանալու պատճառով, դատարանին անհայտ պատճառներով: Վերոգրյալը եւ քրգործով ձեռք բերված նյութերը դատարանին բավարար հիմք են տալիս ենթադրելու եւ փաստելու, որ ամբաստանյալ Ա. Սարգսյանը տարբեր ճանապարհներով փորձում է խոչընդոտել դատարանում գործի քննությանը, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից ու նշանակված պատիժը կրելուց եւ խոչընդոտել դատավճռի կատարմանը»:

Երեկ փաստաբան Ռ. Բալաբանյանն «Առավոտին» ասաց, որ բացարկ է հայտնելու դատավորին: Ըստ նրա, թույլ է տրվել օրենքի խախտում. «Դատավորն իր որոշման մեջ զետեղել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որը հիմք է տալիս ինձ մտածելու, որ դատավոր Պարգեւ Օհանյանն անուղղակի շահագրգռված է այս գործով, կատարելու է նախաքննության մարմնի պատվերը, հետեւաբար չենք վստահում դատավճռի անաչառությանը»: Ռ. Բալաբանյանը նաեւ ասում է, որ առանց ամբաստանյալի համաձայնության, պաշտպանի՝ նիստին չներկայանալու դեպքում նրան մեկ ուրիշ պաշտպանով չեն կարող փոխարինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել