Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ» ԲԱԼԻԿՆԵՐ

Մարտ 01,2007 00:00

\"\"Հետաքրքիր զուգադիպությամբ, դասարանից դասարան «թռչելու» հնարավորություն է տրվում հիմնականում չինովնիկների զավակներին, որոնք սովորում են «էլիտար» դպրոցներում:

Անցյալ տարի առանց լուրջ չափորոշիչների, ընդամենը հարցազրույցով, մոտ 3 տասնյակ երեխա 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակից հետո հայտնվեց 10-րդ դասարանում՝ էքստեռն փոխադրումների կարգի համաձայն: Եվ, ինչպես նշել էինք, այդ երեխաները հիմնականում էլիտար դպրոցների սաներ ու բարձրաստիճան չինովնիկների զավակներ էին: Տեղյակ լինելով ընդունելության քննությունների այս տարվա նոր՝ թեստային համակարգին, վերջիններս խուսափեցին ընկնել «փորձարկման» տակ, քանի որ ավելի հեշտ էր օգտագործել վերջին հնարավորությունը՝ հին մեթոդով, կրկնուսույցների մոտ անգիր արած թեմաներով բուհում քննություն տալը: Այս տարի դպրոցների մանկխորհուրդների որոշմամբ՝ տաղանդավոր որակված աշակերտների հարցազրույցին փոխարինել են կենտրոնացված քննությունները՝ հայոց լեզվից եւ մաթեմատիկայից, որոնք նրանք հանձնել են Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում: Սակայն քննությունները կայացել են ոչ թե առաջին կիսամյակից հետո՝ հունվարին, այլ օրերս, այն դեպքում, երբ 10-րդցիները 2-3 ամսից ավարտելու են դպրոցը:

Այս տարի էլ էքստեռն փոխադրումների կարգով քննություն հանձնող 9-րդ դասարանցիների ցանկում կան բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների զավակներ: Նրանց թվում են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի դուստրը՝ Լուսինեն (Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց), ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության գլխավոր վարչության պետ Իշխան Իշխանյանի դուստրը՝ Մարիամը (ՀՀ ԿԳՆ Երեւանի Շ. Սիմոնյանի անվան թիվ 112 դպրոց), Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Արմեն Քոչարյանի դուստրը՝ Անին (թիվ 55 դպրոց) եւ քրոջ աղջիկը՝ Սվետլանա Օտյանը (Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոց), չճշտված տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանի թոռնուհին՝ Հասմիկ Կարախանյանը (թիվ 200 դպրոց): Նկատենք, որ էքստեռն փոխադրական քննություններին մասնակցողների ցուցակում ընդգրկված են հատկապես ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցների (թիվ 112, «Մարաթուկ» կրթահամալիր) սաները, եւ մեկից ավելի են հայտերը թիվ 114, 112, 132 դպրոցներից:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը իսկապես ժամանակին դեմ է եղել էքստեռն փոխադրումների կարգին. «Մենք այն ներկայացրել էինք արդարադատության նախարարություն, որպեսզի կասեցվի, սակայն այնտեղից պատասխանել էին, որ դա մարդու իրավունքների խախտում է»: Հարցին՝ արդյո՞ք պատճառն այն էր, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ է ժամանակին «թռիչքներով» ավարտել դպրոցը, ԿԳ նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում»: «Ես բավական երկար պարոն Հարությունյանի հետ խոսել եմ էքստեռն փոխադրումների կարգի մասին ու փորձել իրեն համոզել, որ կասեցվի, սակայն նա պատասխանել է, որ ՀՀ օրենսդրությամբ դա չի թույլատրվում: Հիմա փորձել ենք նախարարության պատասխանատվությամբ կենտրոնացված քննություններ անցկացնել»,- ավելացրեց Լ. Մկրտչյանը: Նախարարը շարունակում է մնալ այն կարծիքին, որ հանրապետությունում չի կարող ամեն տարի մի քանի տասնյակ տաղանդավոր երեխա լինել, որոնց հարկ կլինի դասարանից դասարան «թռցնել»: Նա խոստացավ, որ հաջորդ տարիներին քննություններն ավելի բարդեցված կանցկացվեն, իսկ «թռցնելու» հնարավորություն կտրվի միայն լավագույններին, որոնց թիվը 2-3-ից չի անցնի: Նշենք, որ այս տարի 9-ից 10-րդ դասարան են տեղափոխվելու այն երեխաները, ովքեր «լավ» կամ «գերազանց» գնահատականներ են ստացել: «Լավ» համարվում է 14-17 միավոր հավաքելը (՞): Իսկ 14 միավորը ամենեւին էլ բացառիկ ընդունակությունների արտահայտություն չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել