Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բռնացնեն էլ՝ չեն ապացուցի

Մարտ 01,2007 00:00

Հարկային մարմինները թերթերում տպագրված հայտարարություններից բյուջե չեն լցնի

Վերջերս մեր թերթի գովազդային բաժնում մասնավոր պարապմունքի մասին հայտարարություն էր տպագրվել, որում ասվում էր. «Պարապում եմ ռուսերեն»: Այդ հայտարարությունը տպագրվելուց հետո Հարկային պետական ծառայության աշխատակիցները պարապող ուսուցչին օր ու արեւ չեն տալիս, անընդհատ նրան անհանգստացնում են՝ պահանջելով բիզնես անելու համար հարկ վճարել:

Հարկային տեսուչների նման հետեւողական աշխատանք, իհարկե, օրենքի շրջանակներում է. քաղաքացին, փաստորեն, բիզնես է անում եւ պարտավոր է դրա համար հարկ վճարել: Հարկային պետական ծառայությունից էլ այս առնչությամբ պարզաբանեցին, որ «հարկային օրենսդրությունը թույլ է տալիս օգտագործել երրորդ անձանցից ստացված տեղեկությունը՝ պարզելու համար, թե գործունեությամբ զբաղվողը պետական գրանցում ունի՞, թե՞ ոչ, եկամուտներ ստանո՞ւմ է, եթե ստանում է՝ հարկեր վճարո՞ւմ է»: Ըստ հարկայինի, մամուլում տպագրված հայտարարությունը հանդիսանում է այդպիսի տեղեկատվություն եւ եթե նշվում են կոնկրետ հասցեներ՝ հարկային մարմիններն օգտվում են այդ աղբյուրներից. «Դա սպառողների շահերը պաշտպանող հանգամանք է եւ տվյալ դեպքում օրինական է»:

Նկատենք, որ ընդհանրապես բոլոր թերթերում միասին օրական հարյուրավոր մարդիկ տարբեր բնույթի հայտարարություններ են տպագրում՝ առաջարկելով տորթերի ձեւավորման, հարսանիքների, կնունքների, քեֆ-ուրախությունների նկարահանման եւ մոնտաժման, բախտագուշակության եւ նման ամենատարբեր բնույթի ծառայություններ: Եթե Հարկային պետական տեսուչները թերթերում զետեղված բոլոր հայտարարությունների հետքերով գնան՝ բյուջեն կրկնակի- եռակի շատ կհավաքագրեն: Բայց խնդիրն այն է, որ հարկայիններն այս դեպքում հայտարարություններին ընտրողաբար են մոտենում: Երբ մենք տարբեր թերթերում զետեղված նմանատիպ հայտարարություններ տված մի քանի ռեպետիտորներից հետաքրքրվեցինք, թե հարկային տեսուչները նրա՞նց էլ են հարկային դաշտ հրավիրել, պարզվեց՝ ոչ, նրանց ոչ ոք չի անհանգստացրել, թեեւ նրանցից ոմանք արդեն քանի տարի է՝ ռուսերեն, անգլերեն պարապելու հայտարարություններ են զետեղում եւ աշակերտ հավաքում: Այս դեպքում անհասկանալի է, թե հարկահավաքներն ի՞նչ սկզբունքով են հայտարարությունների մեջ ընտրություն կատարում:

Բացի այդ, թեեւ հարկային մարմիններն օրենքի շրջանակներում են գործում, բայց նրանց՝ բիզնեսմեններին հարկային դաշտ բերելու մեխանիզմները թերի են: Բանն այն է, որ տվյալ դեպքում լեզուներ պարապող ուսուցիչը կարող է ամիսներ շարունակ հայտարարություն տալ, բայց այդպես էլ հարկային տեսուչին չհաջողվի պարզել՝ աշակերտ գտա՞վ, թե՞ ոչ: Եթե նույնիսկ հարկային մարմինը մասնավոր պարապմունքի ժամանակ ուսուցչին ու աշակերտներին տեղում բռնացնի էլ՝ չի կարող ապացուցել՝ նա բիզնե՞ս է անում, թե՞ իր բարեկամի, հարեւանի երեխաների հետ անվճար է պարապում: Նույնն էլ վարձով տրվող բնակարանների դեպքում է: Ամեն օր թերթերում վարձու բնակարանների մասին տասնյակից ավելի հայտարարություն կա: Ռեալ չէ, որ հարկային տեսուչները դրանց բոլորի հետքերով կգնան ու բոլորի բիզնեսը կկարողանան հարկել, քանի որ վարձատուն նորից նույն սկզբունքով կարող է տեսուչին ասել, որ ոչ թե վարձակալ է գտել, այլ՝ բարեկամին լավություն է արել: Ուստի հարկայինի՝ նմանատիպ հայտարարությունների հետքերով գնալը, ճիշտ է՝ օրենքով է, բայց՝ բախտի հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել