Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵՑԻՆ

Մարտ 01,2007 00:00

Երեկ ժամը 21-23-ը տեւեց ՀՀԿ խորհրդի նիստը, որը, մասնակիցների հավաստմամբ, անցավ «ջերմ, ընկերական, աշխատանքային» մթնոլորտում: Փոքր-ինչ զարմանալի հավաստում էր սա, քանի որ քննարկվում էր ՀՀԿ-ի թեկնածուների առաջադրման հարցը եւ կային ընտրատարածքներ, որտեղ առաջադրվելու մտադրություն ունեին երկուական հանրապետականներ: Մեր զրուցակիցները նշեցին, թե այդ խնդիրը լուծված է՝ կուսակցությունն ամեն ընտրատարածքում պաշտպանում է միայն մեկ թեկնածուի, եւ արդեն (թերեւս՝ անգամ մինչեւ այս նիստը) հստակ որոշվել է, թե որտեղ՝ ում: 41 մեծամասնական ընտրատարածքներից 27-ում ՀՀԿ-ն ունենալու է իր թեկնածուները:

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակն այս տեսքն ունի: 1. Անդրանիկ Մարգարյան, 2. Սերժ Սարգսյան, 3. Տիգրան Թորոսյան, 4. Հովիկ Աբրահամյան, 5. Կարեն Կարապետյան, 6. Ռազմիկ Զոհրաբյան, 7. Գալուստ Սահակյան, 8. Հրանուշ Հակոբյան, 9. Հարություն Փամբուկյան, 10. Գագիկ Մինասյան:

Հաջորդում են կառավարության անդամ հանրապետական նախարարները՝ Դավիթ Հարությունյանը, Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Այվազյանը, Վարդան Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը, քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը: ՀՀԿ համամասնական ցուցակում է նաեւ «Համերաշխություն» կուսակցության նախագահ, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա այստեղ միակ այլ կուսակցության ներկայացուցիչը չէ: Ցուցակում 39-րդը ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանն է:

Հանրապետականները տեղ են հատկացրել նաեւ հայրենակցական միությունների ղեկավարներին: Բացի «Արցախ» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանից, որը 26-րդն է, այս անգամ ցուցակում ընդգրկվել է նաեւ «Վիրահայերի միասնություն» կազմակերպության ղեկավար Տաճատ Վարդապետյանը՝ նա 37-րդն է: Համամասնական ցուցակից կցկտուր այլ մանրամասներ էլ են հայտնի, որ Սամվել Նիկոյանը 24-րդն է, ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը՝ 54-րդը, վարչապետի օգնական, ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շերմազանովը՝ 62-րդը: Ցուցակն այսօր կտեղադրվի ՀՀԿ կայքէջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել