Երկքաղաքացիությանն առնչվող օրենսդրական փաթեթին առնչվող հարցերը թվարկելու համար չի բավարարի լրագրային տարածքը:
«Չպետք է բարդացնել երկքաղաքացիության ինստիտուտը, եւ ես նկատում եմ, որ ոչ միայն քաղաքական գործիչներն են նշում, այլեւ մամուլի որոշակի հրապարակումներում ասվում է այն մասին, որ մնացել են որոշ հարցականներ եւ այլն, եւ այլն։ Ոչ մի հարցական էլ չի մնացել»,- փետրվարի 27-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը։ Ակնհայտ էր, որ նա պատասխանում էր «Առավոտի» նույն օրվա հրապարակմանը, որը վերնագրված էր. «Երկքաղաքացիությունն ընդունվեց. հարցականները մնացին»: Փորձենք հիմնավորել մեր տեսակետը:
Հարց 1. Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ-ն հակասահմանադրական հռչակեց եւ ընդվզեց օրենքի այն լրացման դեմ, թե Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացիները չեն մասնակցում քվեարկություններին: Մինչդեռ տեւական ժամանակ շրջանառության մեջ գտնվող երկքաղաքացիության օրինագծի վերաբերյալ ՀՅԴ հեղինակած հայեցակարգով իսկ (այն հիմա էլ տեղադրված է www. yerkir.am կայքէջում) նախատեսվում էր, թե ընտրական իրավունքից «երկքաղաքացիները կօգտվեն ՀՀ-ում առավելապես եւ անընդմեջ բնակություն հաստատելուց հետո: Ինչպես վկայում է այս հարցի շուրջ իրավական կարգավորման միջազգային պրակտիկան, պետք է նշել, որ ոչ միայն երկքաղաքացիներին, այլեւ օտարերկրացիներին թույլատրվում է օգտվել իրենց քաղաքական իրավունքներից՝ որոշակի սահմանափակումներով, որն իրավաչափ է դիտվում միջազգային հանրության կողմից: Օրինակ՝ մասնակցել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը, այն էլ՝ երկքաղաքացիություն տրամադրող պետությունում որոշակի ժամանակ բնակություն հաստատելուց հետո»։
Հարց 2. Նույն հայեցակարգում վկայակոչված էր. «Որոշ պետություններում երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ ոչ միայն ընտրովի, այլեւ նշանակովի պաշտոններ զբաղեցնելու հարցում»: Ինչո՞ւ ընդունված փաթեթում չնախատեսվեց որեւէ սահմանափակում նշանակովի պաշտոնների վերաբերյալ եւ համառորեն մերժվեցին ՄԱԿ-ի առաջարկները, որ սահմանափակվի նաեւ ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների համար երկքաղաքացի լինելու հնարավորությունը: Ի դեպ, առկախ մնաց արդեն ընտրված ԱԺ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցը, եթե նրանք ընդունեն նաեւ այլ երկրի քաղաքացիություն:
Հարց 3. Որեւէ ստույգ պատասխան ստացա՞վ այն հարցը, որ անգամ իսկ քվեարկությունից անմիջապես առաջ էլ հնչեցրեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը. «Վերջապես եկեք ճշգրտենք՝ ՀՀ տարածք մենք համարո՞ւմ ենք մեր դիվանագիտական հաստատությունները, թե՞ ոչ»: Հարցը վերաբերում էր այն իրողությանը, որ ըստ փաթեթի՝ նախատեսվում է այսուհետ ընտրություններն անցկացնել միայն ՀՀ տարածքում: Մինչ այժմ ընտրական տեղամասեր էին կազմավորվում նաեւ արտերկրում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Արդյոք այստեղ ընտրություններ չանցկացնելը չի՞ խախտում Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը: Եվ էլի հարցեր՝ ավելի շատ ընտրություններին մասնակցո՞ղ կստանանք այս փոփոխությունների հետեւանքով (մանավանդ որ՝ երբեւէ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ընթացքում կամ այլուր որեւէ սփյուռքահայ չի բողոքել, թե իրենք ցանկանում են ունենալ Հայաստանում ընտրություններին մասնակցելու իրավունք), թե՞ մի շատ ավելի լայն խավ կզրկվի ընտրություններին մասնակցության իրավունքից:
Հարց 4. Սահմանվեց, թե յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել ՀՀ քաղաքացիություն uտանալու համար, «եթե ծագումով հայ է, այսինքն՝ ունի հայ նախնիներ»: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մեկն առաջին ընթերցման քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե ո՞րն է այդ պետական մարմինը, որը հավաստելու է հայազգի լինելը: Հարակից զեկուցողը պատասխանեց, թե նաեւ եկեղեցու ծխական մատյանները կարող են հիմք դառնալ: Սա բավարա՞ր է: Գուցե ծագումը որոշելու համար (ինչպես հեգնել էր «Տարեգիրը») ստեղծվելու են հայերի ԴՆԹ-ագիտության կենտրոննե՞ր: Եվ այս հարցերին դեռ չենք հավելում, թե ընդունված չէ էթնիկ սկզբունքով քաղաքացիություն տալը՝ եթե օրենքը պայմաններ է դնում, դրանք ընդունող յուրաքանչյուր ոք կարող է դառնալ քաղաքացի:
Հարց 5. «Մենք իրավունք չունենք խտրականություն մտցնելու»,-պատասխանեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առաջարկեց օրինագծից հանել այն դրույթը, ըստ որի՝ անձինք, որոնք 1995-ից հետո իրենց դիմումի համաձայն «դուրս են եկել ՀՀ քաղաքացիությունից»՝ կարող են այն վերականգնել պարզեցված կարգով: Նման հնարավորություն ընձեռելու ջատագովներն իրոք վստա՞հ են, որ իրենց ՀՀ քաղաքացիությունը պարզեցված կարգով չեն վերականգնի մեր երկրից հեռացած ադրբեջանցիները:
Հարց 6. Ոչ թե ԱԺ նիստերի դահլիճում, այլ, ցավոք, միայն ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը որպես չլուծված խնդիր մատնանշեց. «Պարզ չէ. եթե մարդը երկու պետության քաղաքացի է, եւ այդ երկրները հակամարտության մեջ են, ապա ո՞ր պետության նկատմամբ պետք է կատարի իր պարտքը երկքաղաքացին»։
Հարց 7. Բանավեճի ընթացքում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց՝ «Կուսակցությունների մասին» օրենքով արգելվում է օտարերկրյա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ֆինանսական աջակցությունը կուսակցություններին. «Այդ դեպքում ինչպե՞ս պետք է աշխատեն կուսակցությունները, եթե Հայաստանից դուրս գտնվող երկքաղաքացիների իրավունքները չեն սահմանափակվում կուսակցություններին անդամակցելու մասով»: Դավիթ Հարությունյանն այս հարցին ի պատասխան մեզ հայտնեց, թե կուսակցություններն էլի՛ չեն կարող դրսից ֆինանսավորվել, ունենալ անդամներ արտերկրում: Արդյոք այս առումով հակասություն չկա՞:
Հարց 8. Թերեւս ամենակարեւոր հարցականն է՝ եթե իրոք չկային քաղաքական նպատակներ, ի՞նչ կարիք կար նման կարեւորագույն խնդիրը քննարկել այս շրջանում, երբ պատգամավորներն արդեն ամբողջապես տարված էին նախընտրական հովերով, երբ քննարկումներն անցնում էին դատարկ դահլիճում, եւ երկքաղաքացիությունն ամրագրող փաթեթն էլ ընդունվեց ընդամենը 66 ձայնով ու կեղծված քվեարկությամբ: