Ընդդիմության՝ միասնական դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու շուրջ բանակցությունները վերջնականապես տապալվեցին:
Նախօրեին եւ երեկ եւս շարունակվել են ընդդիմադիր չորս կուսակցությունների միջեւ վերջերս սկսած բանակցությունները, որոնք երեկ, ըստ էության, վերջնականապես տապալվեցին: Խոսքը «Հանրապետություն», ԱԺՄ, «Ժառանգություն» եւ ՀՀՇ կուսակցությունների միջեւ բանակցությունների մասին է: Արդյունքում որոշում է կայացվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին կա՛մ ընդհանրապես չմասնակցել՝ ինչպես ԱԺՄ-ի դեպքում է, կա՛մ մասնակցել միայնակ՝ սեփական համամասնական ցուցակներով: Երեկ երեկոյան ՀՀՇ-ում հաստատեցին ընտրություններին մենակ մասնակցելու մասին այդ կուսակցության մտադրությունը: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այն դեռ ձեւավորման ընթացքում է, իսկ մեծամասնական առաջադրումների մասով ՀՀՇ-ն երեկ դեռ որոշում չէր կայացրել: Երեկ իր համամասնական ցուցակի վրա աշխատում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը:
Այդուամենայնիվ, ինչո՞ւ ընդդիմությանը չհաջողվեց միավորվել: Այս հարցի պատասխանը երեկ փորձեց տալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ հիմնական պատճառը եղել է մասնավորապես ընդդիմադիր առանձին գործիչների անձնական հավակնությունը, եսապաշտությունը, պատգամավորական մանդատի համար կռիվը եւ այլն: «Կարծում եմ, ե՛ւ լրագրողները, ե՛ւ մեր ժողովուրդը հստակ գիտեն ու հավատում են, որ գոնե «Հանրապետություն» կուսակցությունը չի փորձել մանդատի խնդիր լուծել»,- հայտարարեց Ս. Այվազյանը:
Նրա փոխանցմամբ, թեեւ ընդդիմադի ր ուժերի միջեւ միասնական ճակատով ընտրությունների գնալու բանակցային գործընթացը բավականին երկար տեւեց, բայց քանի որ ո՛չ միասնական ճակատով եւ ո՛չ էլ համամասնական ցուցակով ընտրությունների գնալու, նրա բնորոշմամբ, «միանշանակ հաղթող» ծրագիրը չստացվեց, «Հանրապետությանն» այլ բան չէր մնում, քան որոշում կայացնել ընտրություններին մենակ եւ իր համամասնական ցուցակով մասնակցելու մասին: Ի դեպ, այս ցուցակը բաղկացած է 60 հոգուց, իսկ առաջին տասնյակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ապա հաջորդաբար գալիս են՝ Սմբատ Այվազյանը, Սուրեն Աբրահամյանը, Գեղամ Հարությունյանը, Սուրեն Սուրենյանցը, Արտակ Զեյնալյանը, Ռաֆիկ Մկրտչյանը, Հովիկ Արսենյանը, Արա Կետիկյանը եւ Ռուզան Գեղամյանը:
Ս. Այվազյանի համոզմամբ, եթե ընտրություններն արդար լինեն, կուսակցությունը խորհրդարանում ներկայացուցչական տեղ զբաղեցնելու բոլոր հնարավորություններն ունի, եւ այդ իմաստով ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական ռեսուրսի պակաս չունի: Ըստ Ս. Այվազյանի՝ ի տարբերություն իշխանական կուսակցությունների, որոնք հարյուրավոր միլիոն դոլարներ պետք է ծախսեն 5 տոկոսի շեմը հաղթահարելու համար, «Հանրապետության» դեպքում ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն կլինի քարոզչության փուլում՝ տպագրական խնդիրներ լուծելու համար, ինչը կուսակցությունն ի զորու է անել:
Ինչ վերաբերում է այս կուսակցության անդամների՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելուն, ապա հայտնի է, որ իրենց թեկնածությունն առաջադրելու են Ս. Այվազյանը՝ թիվ 7 ընտրատարածքում, եւ Ռաֆիկ Մկրտչյանը՝ կա՛մ Աշտարակի, կամ Աջափնյակի ընտրատարածքներից մեկում:
Նախօրեին ՀԺԿ պատգամավորները ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեցին, թե ՀԺԿ-ն 3-4 կուսակցությունների առաջարկել է դաշինք ձեւավորել, ինչին այդ կուսակցությունները չեն համաձայնել: Մենք փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ այդ առաջարկին չի համաձայնել մասնավորապես «Հանրապետությունը»: Ս. Այվազյանը հրաժարվելով մանրամասնել ՀԺԿ առաջնորդի առաջարկության մանրամասները՝ ասաց, թե իրենց համար դա անընդունելի է եղել: Այդուհանդերձ, մամուլում արդեն գրվել է Ստեփան Դեմիրճյանի առաջարկի էության մասին: Այն է՝ 3-4 կուսակցություններ ընդգրկող դաշինքը պետք է կոչվի «Արդարություն», դաշինքի համամասնական ցուցակի 50 տոկոսը պետք է կազմված լիներ ՀԺԿ-ականներից, մնացած 50 տոկոսը՝ դաշինքի անդամ մյուս կուսակցությունների ներկայացուցիչներից, նաեւ պայման է առաջադրվել, որ այդ՝ արդեն մեկ անգամ տապալված «Արդարությունը» 2008-ի նախագահական ընտրություններում պետք է պաշտպանի Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը: Ս. Այվազյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այս տեղեկությունը: «Ես չեմ ցանկանում մանրամասնել այդ բանակցությունները: Բայց կարող եմ ասել, որ մենք կողմ ենք եղել, որ նախընտրական դաշինքում բոլոր կուսակցությունները հավասարազոր հնարավորություններ ունենան եւ հավասար պայմաններով դաշինք ձեւավորեն՝ համարելով, որ դրանից դուրս որեւէ այլ մոտեցման դեպքում դաշինքը հեռանկար չի կարող ունենալ»,- ասաց կուսակցության ներկայացուցիչը: