Լրահոս
Օրվա լրահոսը

Լատինո ռիթմեր՝ վրացական մատուցմամբ

Փետրվար 28,2007 00:00

6 ամիս է, ինչ «Դիլա լատինա» վրացական խումբը աշխատում է երեւանյան ակումբներում

Երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր վրացական «Դիլա լատինա» կիթառահարների խմբին, որը հիմնականում լատինո ռիթմեր է հնչեցնում: Կոլեկտիվը ստեղծվել է 1997 թվականին:

«Դիլա լատինա» վրացերենից թարգմանվում է «լատինական առավոտ»: Արդեն կես տարի է, ինչ խումբը հանդես է գալիս երեւանյան ակումբներում՝ հրամցնելով լատինո եւ իրենց ազգային երաժշտությունը:

«Դիլա լատինայի» անդամները հավաստիացրին, որ Երեւանում արդեն հասցրել են երկրպագուների մեծ բանակ ձերք բերել. «Նրանց մեջ ձեր էլիտար հասարակությունից էլ մարդիկ կան: Անընդհատ զանգահարում-հետաքրքրվում են՝ երբ եւ որտեղ ենք ելույթ ունենալու»:

Երաժիշտները համեմատեցին երեւանյան ակումբները Թբիլիսիի ժամանցի վայրերի հետ: Ու ասացին, որ Երեւանում ակումբային կյանքն ավելի ակտիվ է ու բարձրաճաշակ, քան իրենց մոտ: Նրանց ներկայացմամբ, թբիլիսյան ակումբները քիչ են ու միանման՝ արտաքնապես եւ մատուցվող երաժշտությամբ: Երաժիշտները խոստովանեցին, որ այնքան շատ են հավանել մեր մայրաքաղաքը, որ «մինչեւ դուրս չանեք, չենք հեռանա»: Պարզվեց՝ նրանցից ոմանք ընտանիքներով են տեղափոխվել ու ժամանակավորապես հաստատվել Երեւանում:

«Դիլա լատինայի» անդամները հայտարարեցին, որ որոշել են Հայաստանում եւս հայտնի դառնալ ու ապացուցել, որ վրացիները ոչ միայն վրացերեն, այլեւ իսպաներեն կարող են փայլուն երգել: Խմբի անդամներից մեկն էլ փաստեց, որ վերջին շրջանում կարծես սառել են հայ-վրացական հարաբերությունները: Եվ պատճառը, ըստ վրացի կիթառահարի, երկու երկրների արվեստագետների փոխայցելությունների սակավությունն է:

Երգիչ-կիթառահար Ռոման Բիմերիձեն անկեղծորեն խոստովանեց. «Սկզբում հայ հանդիսատեսը մեզ այնքան էլ չսիրեց, հետո կամաց-կամաց ընտելացավ, որովհետեւ այստեղ լատինո երաժշտությունը սիրում են: Մեր կարճատեւ հայաստանյան գործունեության ընթացքում համոզվել ենք, որ ձեզ մոտ 90 տոկոսը ունկնդրում եւ պարում է փոփ երաժշտության տակ, մինչդեռ լատինո ռիթմերն ավելի պարային եւ աշխույժ են: Նկատել ենք նաեւ, որ լատինո խմբեր կարծես չունեք»:

Հարցին՝ ինչո՞ւ է «Դիլա լատինան» բաղկացած միայն տղամարդկանցից եւ արդյո՞ք չեն ցանկանում կին երաժիշտներ «ներմուծել», խմբի անդամներից մեկը պատասխանեց. «Կանանց շատ ենք սիրում, բայց նրանց հետ աշխատելուն կտրականապես դեմ ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել