Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿԵԼ ԷՐ ԻՄ «ՀԱՄԼԵՏԻ» ԺԱՄԱՆԱԿԸ»

Փետրվար 28,2007 00:00

\"\"Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում օրերս կայացավ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության պրեմիերան, որ բեմադրել էր ռեժիսոր Արթուր Սահակյանը: Համլետի դերակատարն է Հրաչյա Հարությունյանը:

– Դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ 1981-ին ներկայացվել էր «Համլետը»՝ Վլադիմիր Մսրյանի դերակատարմամբ, որն իր նորամուծություններով, կերպարի հանդեպ ավանդական պատկերացումների ժխտումով՝ իր դեմ էր հանել թատերական մտքի ներկայացուցիչներին (Հենրիկ Հովհաննիսյան, Ռուբեն Զարյան): Ձեզ չէ՞ր վախեցնում նախադեպի կրկնությունը:

– Ես հիանալի եմ հիշում Մսրյանի Համլետը: Հենց այդ ներկայացմամբ եմ 30 տարի առաջ մուտք գործել Դրամատիկական թատրոն: Այդ «Համլետի» մասսայական տեսարաններից մեկում ներգրավված էի ձեռնածուների խմբում (Հ. Հարությունյանը ավարտել է նաեւ Երեւանի կրկեսային ստուդիան եւ ժամանակին աշխատել «Հայհամերգում»- Ս. Դ.): Հիշում եմ, թե ինչ աղմուկ հանեց բեմադրությունը ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում ու Մոսկվայում: Ուզում եմ՝ իմ «Համլետից» հետո էլ ե՛ւ լավ խոսքեր, ե՛ւ քննադատություն հնչի: Վերջինս տարիներ շարունակ Հայաստանում վերացած է: Այսօր TV-ները ամեն ինչի մասին հայտնում են, բացի մշակույթից, մասնավորապես՝ թատրոնից: Իսկ մեր ժողովուրդը, ցավոք, դերասանի մասին հաճախ պատկերացում ունի միայն գովազդային տեսահոլովակներից:

«Համլետի» երրորդ ներկայացումն ենք խաղացել, որին թատերագետները դեռ չեն անդրադարձել, իսկ կանդրադառնան, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բայց մի բան փաստեմ՝ ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Այս ամենից հետո, երբ վերադառնում էի տուն, միացնում «արկղը» (նկատի ունի հեռուստացույցը), ինձ թվում էր, թե ժամեր առաջ այլ մոլորակում էի:

– Մասնագետներից շատերի համոզմամբ, բեմադրիչ Արթուր Սահակյանը վերջին տարիներին ներկայացնելով իր բեմադրությունները՝ «Խաթաբալադա», «Իմ մեղքը» եւ այլն, հեռացել է լուրջ ռեժիսուրայից: Դուք՝ որպես գլխավոր դերակատար, վստահություն ունեի՞ք այդ բեմադրիչի հանդեպ:

– Այո, Արթուրին վստահում էի: Ինքս եմ մոտեցել եւ հայտնել, որ ուզում եմ իր բեմադրությամբ Համլետ խաղալ: Վաղուց եկել էր իմ Համլետի ժամանակը: Գիտեի, թե ինչ բեռ եմ վերցնում ուսերիս, բայց որոշեցի, այնուամենայնիվ, հենց Արթուր Սահակյանի հետ իրականացնել մտահղացումս: Գիտեմ, որ ցանկացած հանդիսատես ուզում է բեմում տեսնել իր պատկերացրած Համլետին, այնպես որ՝ ծանր չենք տանի, եթե բոլորի համար ընդունելի չլինենք:

– Վերջին տարիներին «Համլետի» բազմաթիվ մեկնաբանություններ են եղել, այդ թվում՝ Մել Գիբսոնի հայտնի ֆիլմը: Հետաքրքիր է, ի՞նչ նոր բան պիտի ասեր Հրաչյա Հարությունյանը…

– Ուսումնասիրել եմ Սմոկտունովսկու, Գիբսոնի եւ մյուսների աշխատանքները, բայց իմ «Համլետի» փորձերից առաջ դրանք միանգամից մոռացել եմ: Իմ առջեւ խնդիր չեմ դրել լինել լավ կամ վատ Համլետ: Պարզապես փորձել եմ ներկայացնել իմ եսը: Եվ գուցե բեմադրությունը տապալվեր, եթե իմ տեսած- հավանած «համլետներից» ծաղկաքաղ անեի:

– Մշտապես հանդես եք գալիս Արմեն Խանդիկյանի բեմադրություններում («Ռոմեո եւ Ջուլիետ», «Հիսուս Նազովրեցի եւ երկրորդ աշակերտը» եւ այլն), փաստորեն նրա գեղագիտության դերասան եք…

– Ասվածի հետ համամիտ եմ: Կան դերասաններ, որ «շրջագայում» են թատրոնից թատրոն: Իսկ ես Խանդիկյանի գեղագիտությունից չեմ կարող փախչել, քանի որ այն ընդունել եմ դեռ 30 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել