Ջուրը կրկին պատրաստվում են թանկացնել
«Երեւան ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նոր հայտ է ներկայացրել, որպեսզի 2007-2008-ին ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները փոփոխվեն: Ըստ այդ հայտի, ընկերությունն առաջարկում է սպառողների խմելու ջրի սակագինը 2008-ի հունիսի 30-ից, այսինքն՝ մոտ 1 տարուց 172,8 դրամից դարձնել 181,90 դրամ՝ 1 խմ-ի համար: Ընկերությունն առաջարկել է թանկացնել նաեւ ջրի մեծածախ մատակարարման սակագինը՝ 1 խմ-ի համար 8.64 դրամից դարձնելով 9,35 դրամ:
Նկատենք, որ խմելու ջրի սակագինը ընդամենը 8 ամիս առաջ՝ 2006-ի հուլիսի 1-ին էր թանկացել՝ 125 դրամից դառնալով 172,8 դրամ: Այդ ժամանակ հանձնաժողովը նույնիսկ չսակարկեց մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած ֆրանսիական «Ջեներալ Դեզո» ընկերության առաջարկած սակագինը, քանի որ ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ հաստատված պայմանագրով այդ սակագինն արդեն ֆիքսված էր: Եթե ուզենար էլ՝ հանձնաժողովը չէր կարող ավելի ցածր սակագին հաստատել: Հիշեցնենք, որ թե՛ սակագնի հաստատման օրը, թե՛ վերջերս հրավիրած իր ասուլիսում «Երեւան ջրի» գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը սպառողներին հուսադրել էր, որ ջրի սակագինն առաջիկա 10 տարիների ընթացքում կհասցվի 90 դրամի, այսինքն՝ կէժանանա, իսկ 2016 թվականից սակագինն է՛լ ավելի կնվազի՝ դառնալով 75 դրամ (տես «Առավոտ», 13.07.2006, 15.12.2006): Բացի այդ, դոլարի կուրսի անկման պատճառով սպասվում էր, որ ջրի վարձը դեռ մի բան էլ էժանանալու էր, որովհետեւ ջրի սակագնի հաշվարկման մեջ 30 տոկոսը կազմում է էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ էլեկտրաէներգիան մենք ստանում ենք գազով, որը գնում ենք դոլարով, ուստի դրանից ելնելով՝ սակագինը պետք է նվազեր: Այս առնչությամբ երբ իր վերջին ասուլիսներից մեկում Սերժ Պոպոֆֆին հարցրինք, թե դրամի արժեւորման հետեւանքով չե՞ն պատրաստվում էժանացնել ջրի սակագինը, նա պատասխանեց, որ «դա հանձնաժողովի գործառույթն է»: Հանձնաժողովն այդպես էլ «իր գործառույթը» չկատարեց եւ չէժանացրեց, «Երեւան ջուրն» էլ հանձնաժողովի լռությունն այլ կերպ ընկալեց ու որոշեց ինքը հայտ ներկայացնել՝ գինը բարձրացնելու:
Ինչպես երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պարզաբանեցին, ընթացիկ 10 օրերի ընթացքում հանձնաժողովի մասնագետները դեռ պետք է ուսումնասիրեն Պոպոֆֆի ներկայացրած փաստաթղթերը եւ դրան հաջորդող 80 օրերի ընթացքում նիստ կհրավիրեն ու «Երեւան ջրի»՝ սակագնի բարձրացման հիմնավորումները կա՛մ կընդունեն, կա՛մ կմերժեն: