Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԵՍՏԻՑ ԷԼ ԵՆ ՎՏԱՐՈՒՄ

Փետրվար 28,2007 00:00

\"\"Շուտով Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը կմնա անօթեւան \"\"

Արդեն մեկ ամիս է՝ ընտանիքի լույսն ու ջուրը կտրել են, այժմ էլ աշխատանքներ են տարվում նրանց տնից վտարելու համար: Բանն այն է, որ Գեւորգյանները բնակվելու տեղ չունենալու պատճառով 13 տարի առաջ զբաղեցրել են Արաբկիր համայնքի Մալխասյան 1/7ա հասցեում գտնվող «Հիդրոմասնագետ Շին» պետական ձեռնարկության երկու սենյակից բաղկացած պահեստը: Պահեստում բնակվելու գրավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել ձեռնարկության տնօրեն Հենրիկ Սիմոնյանի հետ, որն իր համաձայնությունն է տվել, որպեսզի Գեւորգյանները մինչեւ ընկերությունից հերթագրման կարգով բնակարան ստանալը ապրեն պահեստում՝ պայմանով, որ կատարելու են բոլոր կոմունալ վճարումները եւ տարածքն ու պահեստի շենքը բարեկարգելու են: Այժմ, ընտանիքի հոր՝ Սուրեն Գեւորգյանի խոսքերով, իրենց վտարում է հենց նույն տնօրենը՝ Հենրիկ Սիմոնյանը, որը 2004-ին «Հիդրոմասնագետ Շինը» սեփականաշնորհել է՝ դարձնելով «Հիդրոսիմ» ՍՊԸ. «Նա չեղյալ է համարում մեր միջեւ կնքված պայմանագիրը եւ հորդորում է տարածքը լքել»:

ՍՊԸ-ի տնօրենը պատճառաբանում է, որ տարածքն այլեւս պետությանը չի պատկանում, մասնավոր է, ուստի ընտանիքը, ուզած թե չուզած, պետք է դուրս գա:

«Բայց ո՞ւր գնանք, 18 տարի գործարանում հորատող եմ աշխատել՝ հույս ունենալով, որ շուտով հերթս կհասնի եւ տուն կստանամ, սակայն երկիրը քանդվեց եւ մեր տան հարցը մնաց օդում: Այժմ սա մեր միակ կացարանն է: Այստեղ մենք բավականին վերանորոգման աշխատանքներ ենք կատարել, շենքում դուռ-լուսամուտ ենք տեղադրել, տարածքը բարեկարգել ենք, մեր միջոցներով գազ ու հեռախոս ենք անցկացրել ու 13 տարի գործարանին պահակություն ենք արել: Գործարանում 45 տարի էլ հայրս է աշխատել եւ, կարելի է ասել, հիմնադիրներից է եղել: Հորս նվիրված աշխատանքի համար այսօր փոխհատուցում են նրա թոռներին փողոց շպրտելո՞վ»,-«Առավոտին» նեղսրտած պատմեց Ս. Գեւորգյանը: Նրա խոսքերով, երբ վերջնականապես հույսը կտրել է պետականորեն բնակարան ստանալուց, ձեռնարկության տնօրենի միջնորդությամբ դիմել է ՀՀ կառավարություն, Երեւանի քաղաքապետարան՝ գոնե պահեստի շենքը սեփականաշնորհելու: Սակայն այդ երկու գերատեսչություններն էլ հարցով ըստ էության չեն զբաղվել եւ միայն բանավոր կարգով «դաբրո» են տվել, որ Գեւորգյանների ընտանիքը մինչեւ բնակարան ձեռք բերելը շարունակի ժամանակավորապես ապրել պահեստում:

Երեկ մեր այցելության պահին Գեւորգյանների բնակարանում անմարդկային պայմաններ էին. նրանք ոչ հոսանք ունեին, ոչ ջուր եւ այդ պատճառով անգամ զուգարանից չեն կարողանում օգտվել. «Մեր տանը համաճարակ է սկսվել: Էս ձմեռ օրով տան դուռը բաց ենք թողնում, որ օդափոխվի, քանի որ բաղնիք-զուգարանից անտանելի հոտ է գալիս»: Գեւորգյանների երեխաներից երկուսն անչափահաս է: Աղջիկներից մեկն էլ ամուսնացել է եւ ամուսնու հետ ապրում է հոր տանը: Չնայած մեր ձեռքի տակ կա ձեռնարկության տնօրենի եւ Ս. Գեւորգյանի միջեւ կնքված պայմանագիրը, Հ. Սիմոնյանը հերքեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի՝ հավելելով, որ «Գործարանն այլեւս ինձ չի պատկանում՝ վաճառված է: Ես նրանց հետ գործ չունեմ: Ձեռնարկությունը մասնավոր սեփականություն է, եւ այդ մարդիկ ուզեն-չուզեն պետք է լքեն»:

Գեւորգյանները պնդում են, որ իրենց վտարողը հենց Հ. Սիմոնյանն է, որն էլ տարածքի սեփականատերն է. «Մեզ նույնիսկ 4 հազար դոլար գումար է առաջարկում, որ դուրս գանք, բայց դրանով անգամ հեռավոր մարզում տուն չես գնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել