Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՍՊԱՌՈՒՄ Է ԻՐ ՕՐԱԿԱՐԳԸ

Փետրվար 28,2007 00:00

\"\"Քառօրյա նիստերի օրակարգում մնում են ԱԺ փոխնախագահի ընտրության եւ քվեարկությունների կեսից ավելիին անհարգելի բացակայածների հարցերը:

Փետրվարի 26-ին խորհրդարանը շուրջ 40 րոպե շուտ ավարտեց իր աշխատանքը: Իսկ փետրվարի 27-ի առավոտյան ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց նախօրեին քննարկված շուրջ 2 տասնյակ հարցերը: Քննարկեցին եւս մի քանի օրինագիծ ու ստիպված էին 30 րոպեով ընդհատել աշխատանքը՝ մինչեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կգար խորհրդարան: Եկավ, դատարկ դահլիճի առջեւ ասաց մի քանի նախադասություն, եւ ԱԺ-ն դարձյալ ստիպված էր ընդհատել աշխատանքը: Ըստ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի՝ «Օրակարգում շատ քիչ հարցեր են մնացել, սակայն զեկուցողները տեխնիկական պատճառներով չեն կարողանում ներկայանալ»: Չբացատրեց, թե որոնք են այդ պատճառները:

Կարելի է կանխատեսել, որ եթե ԱԺ-ին հաջողվի վերջին մի ջանքով քվորում ապահովել եւ այսօր էլ նիստ գումարել, ապա թերեւս միայն Տիգրան Սարգսյանի խաթեր, որը խիստ է կարեւորում «Ապահովագրության մասին» օրենքի ընդունումը:

Մինչդեռ օրակարգում իրոք դեռեւս մնացել են չքննարկված հարցեր: Դրանց շարքում են, մասնավորապես, ՀՅԴ նախաձեռնությունը՝ «Պետական օրհներգի մասին» օրինագիծը կամ կառավարության նախաձեռնությունը՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը: Սակայն ամենաուշագրավն օրակարգից օրակարգ անցած հետեւյալ հարցերն են՝ «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2005 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը», ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունը եւ ԱԺ 3-րդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիին անհարգելի բացակայած պատգամավորների հարցը: Բավարար հումորի զգացումի դեպքում խորհրդարանականները կարող էին ինչ-որ մեկին հրաժեշտի նվեր՝ լավություն անել եւ ընտրել այլեւս չգործող ԱԺ-ի փոխնախագահ, կամ էլ ոմանց վատություն անել եւ զրկել մանդատներից՝ բացակայությունների համար: Սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մեր հարցին, թե կարո՞ղ է այսօր ընտրություն անցկացնեն, քննարկեն բացակայողների հարցը եւ վերջապես՝ ինչպե՞ս են ավարտելու խորհրդարանի գործունեությունը՝ առանց քննարկելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2005-ի հաղորդումը՝ երկար ժպտալուց հետո պատասխանեց. «Թվարկված հարցերից, կարծում եմ, ամենաիրականը, որ հավանական է՝ կքննարկվի այս քառօրյայում, միայն այդ հաղորդումն է»:

Իսկ երեկ ժամը 17-ին ԱԺ-ն, այնուամենայնիվ, վերսկսեց աշխատանքը, եւ պատգամավորները հանդես եկան հայտարարություններով: Շատերը չէին կանխատեսել, որ նման բան հավանական է, ուստի ընդամենը 10 հոգի վերջին անգամ օգտվեց այդ հնարավորությունից: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե իր կուսակցությունը գտնում է, որ խիստ հրատապ է կանաչ ճարտարապետության մասին օրենքը: Գուցե գիտակցելով այս խնդրի կարեւորությունը՝ պատգամավորները կթողնե՞ն իրենց նախընտրական հոգսերը ու կզբաղվե՞ն այդ օրենքի մշակմամբ: Արշակ Սադոյանը թեեւ հայտարարության մեջ նշեց, որ բոլորի ուղեղներում այժմ ցուցակներ ու տոկոսներ են, չդավաճանելով իր մշտական թեմային՝ դարձյալ խոսեց «ԱրմենՏելի» մասին: Թեեւ ինքն էլ պատմեց, որ երբ արծարծում է այս հարցերը՝ իրեն ասում են. «Դե, լա՜վ էլի՝ «ԱրմենՏելը» ծախին էլ, չպրծա՞ն քեզնից»: Հովհաննես Մարգարյանը դարձյալ արժանի հակահարված տվեց ՕԵԿ-ի դեմ հակաքարոզչությամբ «կեղտոտ ու տմարդի, անգրագետ» պատվերներ կատարողներին, որոնց «ճոռոմ ելույթները» լսելիս հիշում է «կլուբի մեյմուններին»: Չհստակեցրեց, թե ովքեր են այդ մեյմունները:

Ուշագրավ էր ընտրություններին այլեւս մասնակցելու մտադրություն չունեցող Թաթուլ Մանասերյանի հայտարարությունը, թե նախաձեռնում է պատգամավորի անձեռնմխելիությունը վերացնելուն ուղղված ստորագրահավաք, եւ հրապարակելու է դրան միացածների անունները: Ըստ նրա՝ «արհեստավարժ օրենսդիրներն այսօր բացարձակ փոքրամասնություն են կազմում, իսկ վաղը գուցեեւ դառնան նմուշներ», եւ դրա պատճառն այն է, որ «անպատժելիությունը մեր երկրում օրինական ձեւակերպում ունի. դա պատգամավորական մանդատն է, եւ դրանով է պայմանավորված նաեւ չհայտարարված փողի մրցույթը՝ տիրանալու այդ մանդատին»: Թաթուլ Մանասերյանը նշեց, թե Սահմանադրության 66-րդ հոդվածը փոխելու՝ անձեռնմխելիությունը վերացնելու հարցը պետք է մայիսի 12-ին՝ ընտրությունների օրը, դրվի հանրաքվեի:

Այս գումարման խորհրդարանում վերջինը հայտարարությամբ հանդես գալու պատմական բախտը վիճակվեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին, որն ազդարարեց, թե իր կուսակցությունը որոշել է միայնակ մասնակցել ընտրություններին: Հիշարժան է նաեւ, թե ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ինչպես խոսք տվեց ՀԴԿ նախագահին. «Արամ Սարգսյան. վերջին հայտարարությունը: Ես նկատի ունեմ՝ ա՛յս անգամ: Նկատի չունեի, թե սա Ձեր վերջին ելույթն է: Ձեր առջեւ փայլո՛ւն ապագա ունեք»: «Ձեզ հետ միասին՝ պրն Հովհաննիսյան»,- իշխանության ներկայացուցչին պատասխանեց ընդդիմության ներկայացուցիչը՝ փոխադարձ սիրալիրության եւ հանդուրժողականության նման ծեսով ավարտելով ԱԺ աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել