Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներն ավարտեցին 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարի առաջին հատվածը, որն ընթանում էր Մեքսիկայի Մորելիա քաղաքում:
Վեցերորդ տուրում Մագնուս Կարլսեն-Պետեր Լեկո, Ալեքսանդր Մորոզեւիչ-Պյոտր Սվիդլեր, Լեւոն Արոնյան-Վեսելին Տոպալով, Վիշվանաթան Անանդ-Վասիլի Իվանչուկ զույգերը բաժանեցին միավորը, իսկ պայքարի մեքսիկական հատվածի եզրափակիչ տուրն անհամեմատ մարտական ստացվեց: Հունգարացի Լեկոն սպիտակներով պարտվեց հնդիկ Անանդին, բուլղարացի Տոպալովն առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Մորոզեւիչի նկատմամբ: Ցավոք, այս մրցաշարում առաջին պարտությունը կրեց նաեւ Լեւոն Արոնյանը: Նա սեւերով զիջեց ուկրաինացի Իվանչուկին: Եվ միայն ռուսաստանցի Սվիդլերի եւ նորվեգացի Կարլսենի մրցամարտն ավարտվեց խաղաղ արդյունքով:
Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի: 1-2. Մագնուս Կարլսեն, Վիշվանաթան Անանդ՝ 4,5-ական միավոր, 3. Վասիլի Իվանչուկ՝ 4,0, 4-5. Լեւոն Արոնյան, Պյոտր Սվիդլեր՝ 3,5-ական, 6-7. Պետեր Լեկո, Վեսելին Տոպալով՝ 3,0-ական, 8. Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 2,0:
Հիմա բոլոր մասնակիցները տեղափոխվել են Իսպանիա: Մեկ շաբաթ կլիմայափոխվելուց հետո նրանք մարտի 2-ին պայքարի երկրորդ մասը կշարունակեն Լինարես քաղաքում: Ութերորդ տուրում միմյանց հանդիպելու են Լեկոն եւ Իվանչուկը, Անանդը եւ Տոպալովը, Արոնյանը եւ Սվիդլերը (նրանց առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի), Մորոզեւիչը եւ Սվիդլերը:
Գրինը Միրանդային գրազ է առաջարկում
«Առավոտն» իր ընթերցողներին տեղեկացրել է, որ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (մինչեւ 72,6 կիլոգրամ) հանդես եկող կոլումբիացի Էդիսոն Միրանդան (28 մենամարտ, 27 հաղթանակ, որից 24-ը՝ նոկաուտով, 1 պարտություն), ով անցած տարվա սեպտեմբերին մրցավարների միաձայն որոշումով պարտվեց աշխարհի չեմպիոն հայաստանցի Արթուր Աբրահամին, մարտի 3-ին Պուերտո-Ռիկոյում հանդիպելու է ամերիկացի Ալան Գրինի հետ (23 մենամարտ, 23 հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով):
Դատելով Միրանդայի հերթական հայտարարություններից, կոլումբիացի բռնցքամարտիկն ատում է ոչ միայն իրեն հաղթած Արթուր Աբրահամին, այլեւ ապագա բոլոր մրցակիցներին: Մասնավորապես, Գրինի հետ կայանալիք մենամարտի մասին նա ասել է. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ տղային իմ հասցեին ասած բոլոր սրիկայությունների համար: Դրանք ինձ օգել են մարտին նախապատրաստվելու ընթացքում: Ես նրան ոչնչացնելու եմ: Աշխատեք մեր մենամարտի ժամանակ երեխաներին թույլ չտալ մոտենալ հեռուստացույցին: Դա դաժան տեսարան է լինելու: Մարտի ավարտից հետո Գրինն այլեւս երբեք իմ մասին վատ բան չի ասի»:
Բնական է, որ ամերիկացին անմիջապես արձագանքել է Միրանդայի խոսքերին. «Մինչ նա երեխաներին նախազգուշացնում է մեր մենամարտը չդիտել, ես առաջարկում եմ. թող այդ օրը պարտվողը մանկական բարեգործական հիմնադրամներից մեկին 150 հազար դոլար փոխանցի: Ինձ նրա արտահայտությունները չեն անհանգստացնում: Դրանք միայն խորացնում են նրա ստանալիք ծեծը»: