Դալարի գյուղապետի գործը՝ դատարանում
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի, քննչական վարչությունում ավարտվել է Դալար գյուղի համայնքապետ Տիգրան Պետրոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Գեղամ Բադալյանը, 1996-2005թթ. աշխատելով Արարատի մարզի Դալար գյուղի համայնքապետ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2004-2005թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ գյուղապետարանում հողի հարկից, հողի վարձակալությունից, գույքահարկից, գույքի վարձակալությունից, գույքի օտարումից եւ տեղական տուրքերից հավաքագրված 10.981.700 դրամից 1.891.800 դրամը յուրացրել է:
2005 թ. դեկտեմբերին Դալարի նորընտիր համայնքապետ Տիգրան Պետրոսյանը, գյուղապետարանում կատարված գույքագրման ընթացքում հայտնաբերելով Գ. Բադալյանի կողմից թույլ տրված չարաշահումները, այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին, ապա 2006 թվականի հունիսին՝ վարձակալած հողատարածքների չվճարված վարձավճարների բռնագանձման հայցեր ներկայացրել Արարատի մարզի առաջին ատյանի դատարան, որի պատճառով Գ. Բադալյանը որոշել է վրեժխնդիր լինել եւ սպանել Տ. Պետրոսյանին:
2006 թ. օգոստոսի 30-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գ. Բադալյանն իր ավտոմեքենայով հետապնդելով աշխատանքի գնացող Տ. Պետրոսյանին՝ Դալարի գյուղապետարանի վարչական շենքի բակում իրեն պատկանող ՄՑ 21-12 տեսակի 7279 համարի ողորկափող մեկփողանի ինքնալիցք հրացանից չորս անգամ կրակել է ավտոմեքենայում գտնվող Տ. Պետրոսյանի վրա, որը որովայնի եւ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Քրեական գործը ուղարկվել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան։
Փաստաբանի ասուլիսը
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին անցյալ տարվա դեկտեմբերի 7-ից կալանքի տակ պահելու միակ հիմնավորումը նրա օտարերկրյա քաղաքացի լինելու հանգամանքն է»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց նրա պաշտպանը՝ Վահե Գրիգորյանը: Վերջինս հիշեցրեց, որ մինչեւ ձերբակալվելը իր պաշտպանյալը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար բազմիցս դիմել է հանրապետության նախագահին: Մինչդեռ, ըստ փաստաբանի, ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն, ազգությամբ հայ օտարերկրացիները ստանում են ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով, ինչը, սակայն, չի գործում Ժ. Սեֆիլյանի պարագայում:
Վերջնագրի նման
Փետրվարի 24-ին ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Ոսկանյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Վարդան Խաչատրյանին գրություն է ուղարկել, ըստ որի՝ հայտնել է, թե կուսակցությանը բազմիցս հնարավորություն է տրվել Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող «Ժառանգության» գույքը (մի քանի համակարգիչ, սեղաններ եւ գրապահարաններ) տեղափոխել:
«Սակայն կուսակցությունը հրաժարվել է՝ տեղափոխությունն իրականացնելու համար պահանջելով «անողջամիտ» ժամկետ՝ 10 օր, մինչդեռ մեկ աշխատանքային օրը լրիվ կբավականացնի այդ տեղափոխությունը կատարելու համար»,- նշվում է ԱՆ պատասխանի մեջ: Նամակով ԱՆ-ն կարծեք «վերջնագիր» է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությանը՝ նրան կանգնեցնելով երկընտրանքի առաջ. կամ փետրվարի 26-ից 28-ը ընկած ժամանակահատվածում՝ ցանկացած օր, կուսակցությունը գույքը կտեղափոխի, կամ այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից: