Ո՞ւմ զավակներն են վաղաժամկետ քննություններ հանձնում
Անցյալ տարի 9-րդ դասարանցի 27 աշակերտ առաջին կիսամյակի ավարտից հետո ընդամենը հարցազրույցով երկրորդ կիսամյակից սկսեց սովորել 10-րդ դասարանում՝ Էքստեռն փոխադրումներ եւ ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն:
Երեկ էլ Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցում է անցկացվել էքստեռն փոխադրական քննություն: Հայոց լեզվից թեստային եղանակով քննություն է հանձնել 9-րդ դասարանցի 25 աշակերտ՝ Երեւանի, Գեղարքունիքի եւ Գյումրիի դպրոցներից: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 4 աշակերտ (2 հոգի թիվ 114 դպրոցից, մեկ աշակերտ թիվ 195-ից, մեկն էլ թիվ 62 դպրոցից) չի մասնակցել այս քննություններին: «Հավանաբար փոշմանել են»,- ասաց տիկ. Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտնեց, որ Ձերժինսկու անվան դպրոցում կկայանան 25 աշակերտների մաթեմատիկայի կենտրոնացված քննությունները: Իսկ մյուս քննություններն իրենց դպրոցներում հանձնելուց հետո տաղանդավորները «կնստեն» միանգամից 10-րդ դասարան: Անցյալ տարվա տաղանդավորների ցանկում էին ՀՀ կառավարության կրթության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանի որդին՝ Սարգիսը, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի որդին՝ Հայկը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի դուստրը՝ Նաթելլան, Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի որդին՝ Լեւոնը, դատական համակարգի պաշտոնյաների երեխաներ եւ այլք: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այս տարվա ցանկում կարծես թե չկան երեւելի պաշտոնյաների զավակներ. «Այնպիսի ազգանուններ են, որոնք ինձ ոչինչ չեն ասում»:
Հիշեցնենք, որ ժամանակին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր, որ «թռիչքների» նման կարգը հարվածում է ավագ դպրոցի հեղինակությանը, որովհետեւ պարզել էր, որ վաղաժամկետ քննություններ հանձնողների ցանկում հայտնված երեխաներից շատերը բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են, ովքեր սովորում են էլիտար դպրոցներում: Պրն Մկրտչյանը նաեւ փորձել էր կասեցնել «թռիչքների» այդ գործընթացը, ինչը, սակայն, հանդիպել էր արդարադատության նախարարության դիմադրությանը: