Հիվանդանոցները կոծկում են բժշկական սխալները
Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցում ծննդաբերող Կարինե Աթոյանը 2005-ի հոկտեմբերի 1-ին մահացավ: Երեխան նույնպես լույս աշխարհ չեկավ: Մոր եւ երեխայի մահվան մեջ մեղադրվում են հիվանդանոցի գինեկոլոգ Յուրա Նասիբյանն ու անեստեզիոլոգ (նարկոզի մասնագետ) Գագիկ Մելիքյանը: Վերջինս մեղադրվում է նրանում, որ վիրահատության համար տրված անզգայացման չափաբաժինը եղել է շատ եւ Կարինեին չի կարողացել թմրած վիճակից հանել, իսկ գինեկոլոգ Յուրա Նասիբյանն էլ մեղադրվում է երեխայի կյանքը չփրկելու համար: Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քննվում է նրանց գործը: Դեպքի առնչությամբ հրավիրված 4 տարբեր դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններ իրարամերժ կարծիքներ են հայտնում՝ վիճարկելով բժիշկների մեղավորությունը:
Մեր երկրում բժշկական սխալների պատճառով դժբախտ դեպքերի թիվը տարեցտարի ավելանում է: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը: Վիճակագրության համաձայն, Հայաստանում տարեկան գրանցվում է 10-15 դեպք, որով վիճարկվում է բժշկի կողմից հիվանդին ցուցաբերած ոչ ճիշտ բուժօգնությունը: Սակայն, ըստ Շոթա Վարդանյանի, իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է, եւ վիճակագրությունն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Պատճառն այն է, որ մեր երկրում ախտաբանական անատոմիաները, որոնք նախնական փորձաքննություն են անցկացնում եւ պարզում՝ մահացության մեջ բժշկի մեղավորությունը կա, թե ոչ՝ ենթարկվում են հենց հիվանդանոցներին եւ շատ հաճախ բժշկական սխալները հիվանդանոցի պատերից դուրս չեն գալիս: Ըստ Շ. Վարդանյանի, «դա սխալ է՝ կա՛մ պետք է առանձնացնեն, կա՛մ էլ ստեղծեն մի անկախ կառույց»: Նկատենք, որ գրեթե բոլոր զարգացած երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, դատական բժշկությունը եւ ախտաբանական անատոմիան գործում են որպես անկախ կառույցներ եւ մեկը մյուսի ենթակայության տակ չէ: Դա թույլ է տալիս, որպեսզի բժշկի մեղքը ջրի երես դուրս գա եւ մեղավորը պատժվի: Քանի որ մեր երկրում ախտաբանական անատոմիաներն անկախ չեն, վիճակագրության արձանագրած 10-15 դեպքից միայն 4-5-ի առնչությամբ է անատոմիան փորձաքննությամբ հաստատում բժիշկների մեղավորությունը եւ գործն ուղարկում դատարան: Բժշկական սխալների հետ կապված վիճակագրության արձանագրած փոքր ցուցանիշը նաեւ պայմանավորված է նրանով, որ հայերը սովորություն չունեն իրենց իրավունքները խախտվելու դեպքում դիմել համապատասխան մարմիններին. «Եթե բժշկի մեղքով հիվանդը կրկնակի է վիրահատվում, դրանից չի բողոքում, մինչդեռ եթե հիվանդը դիմի պատկան մարմիններին եւ ապացուցվի բժշկի մեղավորությունը՝ կպատժվի, ինքն էլ կստանա առողջությանը հասցված վնասի փոխհատուցում»:
Ըստ Շոթա Վարդանյանի, բժշկական սխալները հիմնականում թույլ են տալիս միջին եւ ավագ տարիքի բժիշկները, հիմնականում՝ վիրաբույժներ, վերակենդանացման, ինչպես նաեւ մանկաբարձության մասնագետներ: Երիտասարդ բժիշկները համեմատաբար քիչ են սխալներ անում: Բժշկական սխալների գերակշիռ մասը գրանցվում է մարզերի բուժհաստատություններում: «Բոլոր հագեցած կլինիկաները Երեւանում են, մարզերում հիվանդանոցներ կան, որտեղ համապատասխան մասնագետներ էլ չունեն: Ոչ մի բարձրակարգ մասնագետ 20-30 հազար դրամով մարզեր չի գնա ու այնտեղ չի աշխատի: Միշտ ասել եմ, որ մարզերի երիտասարդ բժիշկների սոցիալ-կենցաղային հարցերն անհապաղ պետք է լուծվեն, որպեսզի լավ մասնագետները շահագրգռվեն ու գնան մարզեր»,- ասում է Շոթա Վարդանյանը: Այսինքն՝ ըստ նրա, մարզերում բժշկական սխալների պատճառով դժբախտ դեպքերի թիվը մեծ է, որովհետեւ այնտեղ լավ մասնագետներն են քիչ: Իսկ մինչեւ հիվանդին մի հեռավոր գյուղից հասցնում են մայրաքաղաք, Շոթա Վարդանյանի խոսքերով՝ կամ ճանապարհին է մահանում, կամ էլ բժշկի օգնությունը լինում է ուշացած: