Հարցականները մնացին
66 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ. ահա այսպիսի քվեարկությամբ երեկ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց երկքաղաքացիությանն առնչվող օրենսդրական փաթեթը: Ինչպես միշտ՝ քվեարկությունը չանցավ առանց կեղծիքների. դահլիճում ներկա չլինելով՝ օրենքին կողմ «քվեարկեցին» մասնավորապես Գրիգոր Մարգարյանը, Արտակ Սարգսյանը, Սերյոժա Աբրահամյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը թեեւ ներկա էր դահլիճում՝ չմասնակցեց քվեարկությանը: Իսկ Սամվել Նիկոյանը քվեարկեց ձեռնպահ: Նրանք այն 4-5 պատգամավորներից էին, որոնք առաջարկներ էին ներկայացրել այս փաթեթի վերաբերյալ: ՀՅԴ պատգամավորները չէին ներկայացրել եւ ոչ մի առաջարկ: Սակայն երեկ դժգոհեցին, երբ քվեարկությունից առաջ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ի հետ քաղաքական համաձայնության արդյունքում նոր դրույթ է մտցվել փաթեթ, ըստ որի՝ քվեարկելու իրավունք կունենան միայն Հայաստանում հաշվառված, այսինքն՝ գրանցում ունեցող երկքաղաքացիները: Պարզվեց, որ փոխարենը փաթեթից դուրս է մնացել ՀՀԿ-ի առաջարկած եւ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կառավարության կողմից ընդունելի համարված մեկ այլ դրույթ, ըստ որի՝ երկքաղաքացիները չեն կարող մասնակցել մեծամասնական ընտրակարգով ընտրություններին: «Այդ սահմանափակումն ընդունել էինք հաշվառում չունեցող անձանց համար,- «Առավոտին» պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:- Երբ վերացնում ենք հաշվառում չունեցող անձանց՝ քվեարկություններին մասնակցելու հնարավորությունը, բնականաբար, չկա նման սահմանափակման կարիքը»:
Մինչեւ քվեարկությունն էլի շարունակվում էր բովանդակային քննարկումը: Ասենք, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը հետաքրքրվեց, թե հաշվառում ունենալը ենթադրո՞ւմ է, թե երկքաղաքացիները պիտի գրանցված լինեն նաեւ զինկոմիսարիատներում: Պարզվեց՝ այո: Կամ՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը դարձյալ դժգոհեց, որ ընտրություններ չեն անցկացվելու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում եւ արտերկրում գտնվող մեր քաղաքացիները զրկվելու են քվեարկելու իրենց իրավունքից: Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց իր կարծիքը, թե դիվանագետները կունենան հեռակա քվեարկության հնարավորություն: