Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները չեն շտապում առաջադրվել

Փետրվար 27,2007 00:00

\"\"Իսկ «մեծամասնական» 8 ընտրատարածքներում առաջադրվել է 9 թեկնածու

Երեկ մեկնարկել է առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի եւ անհատների առաջադրման հայտեր ներկայացնելու փուլը: Սակայն, ԿԸՀ մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ, համամասնական ընտրակարգով առաջադրման համար որեւէ կուսակցություն հայտ չէր ներկայացրել:

Առաջադրումների առաջին օրն առանձնապես ակտիվություն չեն դրսեւորել նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող անհատները: Երեկ թվով 41 մեծամասնական ընտրատարածքներից առաջադրումներ են եղել միայն 8-ում:

Մայրաքաղաքի թիվ 2 ընտրատարածքում՝ Նոր Նորք, առաջադրման հայտ է ներկայացրել «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար, 46-ամյա Արշակ Սուրենի Բակլաչյանը: Վերջինս առաջադրվել է իր գլխավորած կուսակցության կողմից: Սպասվում էր, որ այս ընտրատարածքում կառաջադրվի նաեւ ԵԿՄ վարչության անդամ Ղուկաս Ուլիխանյանը: Երեկ, սակայն, նա իր առաջադրման առնչությամբ հստակ որոշում դեռ չէր ընդունել:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրման հայտ է ներկայացրել ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, անկուսակցական Հակոբ Վարդանեսի Հակոբյանը՝ «Լեդի Հակոբ»:

Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում առաջադրման հայտ ներկայացրած առայժմ միակ թեկնածուն ԱԺ անկուսակցական պատգամավոր, գործարար Խաչատուր Ալբերտի Սուքիասյանն է:

Աշտարակի թիվ 14 ընտրատարածքում առաջադրման հայտ է ներկայացրել «Աշտարակի հիվանդանոց» ՓԲԸ աշխատակից, վնասվածքաբան, օրթոպեդ 37-ամյա Գագիկ Էդիկի Օհանյանը: Վերջինս անկուսակցական է եւ առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ:

Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում եւս երեկվա դրությամբ միայն մեկ թեկնածու է առաջադրման հայտ ներկայացրել: Ինչպես սպասվում էր, այս ընտրատարածքում բանակից վերջերս զորացրված գեներալ Սեյրան Սարոյանի հետ իր ուժերն է չափելու ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը՝ «Ճոյտ»:

Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում երեկ առաջադրման հայտ են ներկայացրել միանգամից երկու գործող պատգամավորներ՝ անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը եւ անկուսակցական, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանը՝ երկուսն էլ քաղաքացիական նախաձեռնությամբ: Ըստ որոշ տեղեկությունների, այս ընտրատարածքում սպասվում է նաեւ «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի կողմից հովանավորվող Վահան Մխիթարյանի առաջադրումը: Վերջինս անտառտնտեսության պետ է:

Արթիկում՝ թիվ 36 ընտրատարածք, երեկ առաջադրված միակ թեկնածուն ՀՀ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, անկուսակցական Մխիթար Նորիկի Վարագյանն է: 2003թ. ընտրությունների ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանել էր ՀՀԿ-ն: Այս անգամ, բացի այն, որ Մ. Վարագյանն առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, ՀՀԿ-ն էլ, ըստ մեր աղբյուրների, մտադիր չէ պաշտպանել նրա թեկնածությունը: Բանն այն է, որ ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածության համաձայն, այս ընտրատարածքը, այսպես ասած՝ թողնված է ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածուն այս ընտրատարածքում նախկին պետավտոտեսուչ Մուշեղ Պետոյանն է: Հայտնի է նաեւ, որ այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ Մուշեղ Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է Սյունիքի մեծամասնական ընտրատարածքներին, ապա, ինչպես եւ ակնկալվում էր, թիվ 37 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու հայտ է ներկայացրել «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Նրա թեկնածությունն առաջադրել է հարազատ կուսակցությունը: Այս ընտրատարածքում առաջադրման ծրագրեր ունի նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, բայց երեկ նա դեռ հայտ չէր ներկայացրել:

Հանրապետության մնացած 33 ընտրատարածքներում երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել