Գիրք չորրորդ
Գլուխ իններորդ
ՌՈԼԱՆԴԻ ԵՐԳԸ
– Հեչ շինարարության վրա աշխատած կա՞ս,- հարցրեց Ռոլանդը.- տուն սարքած կա՞ս:
– Ինստիտուտի արձակուրդներին մի ամիս շինարարության վրա աշխատել եմ,- ասացի ես:
– Էդ հեչ,- ասաց Ռոլանդը.- տուն սարքելու պրոցեսին ծերից ծեր մասնակցած կա՞ս:
– Չէ,- ասացի ես.- չեմ մասնակցել:
– Որ մասնակցած ըլնեիր՝ կիմանայիր, որ տուն շինելու էդ սաղ պրոցեսի մեջ ամենակարեւորը տան հիմքը գցելու գործն ա:
– Հիմի արդեն իմացա:
– Դրանից հետո գալիս ա պատերը կանգնացնելու գործը,- ասաց Ռոլանդը:- Էս թանգարանի պատերի գործը շատ բարդ էր, որովհետեւ պատերը ծերից ծեր սրբատաշ են:
– Հա,- ասացի ես:
– Պատերից հետո գալիս ա կրիշը կապելու մոմենտը,- շարունակեց Ռոլանդը:
– Հետո՞,- հարցրի ես:
– Ամենավերջում պատերը ներսից գաջում ես, ու տունը պատրաստ ա,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- գաջելու գործն ամենադժվարը չի, բայց ամենաջանջալն ա, մանավանդ՝ էս թանգարանի դեպքում, որովհետեւ էս շենքի պատերի ծավալները շատ մեծ են:
– Հա,- ասացի ես,- հսկայական շենք ա:
– Հիմի հասկացա՞ր,- հարցրեց Ռոլանդը:
– Հա,- ասացի ես:
– Ի՞նչը հասկացար:
– Ամենավերջում պատերը գաջում ես, ու տունը պատրաստ ա:
– Լրիվ չես հասկացել,- ասաց Ռոլանդը:- Բայց դու մեղք չունես, որովհետեւ ես լրիվ չբացատրեցի:
– Ի՞նչը չբացատրեցիր:
– Ամենավերջում որ պատերը գաջում պրծնում ես, քեզ թվում ա, թե տունը պատրաստ ա,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- ու որ գաջի գործերը պրծած ես ըլնում, լարվածությունդ միանգամից թողում ա, ու մի տեսակ հանգստանում ես:
– Հետո՞,- հարցրի ես:
– Մի տեսակ հանգստանում ես ու մոռանում ես, որ պատերը փչելու, զուգարանի ու ներսի ուրիշ գործեր է՛լ կան, ու քանի որ հոգով արդեն հանգստացած ես ըլնում, էդ ամենավերջին գործերը կամ շատ դանդաղ ես առաջ տանում, կամ էլ վաբշե կիսատ ես թողում:
– Ո՞նց ես կիսատ թողում:
– Շատ հասարակ. ոնց որ Գեւորգն էս թանգարանի գործը կիսատ թողեց,- ասաց Ռոլանդը:- Գեւորգն էլ էր, չէ՞, գյուղացի:
– Գյուղացի՞ն ինչ կապ ունի,- զարմացա ես:
– Էս ասածներս մենակ գյուղի մարդկանց ա վերաբերում,- ասաց Ռոլանդը.- գյուղի մարդն առաջներում ո՛չ տան պատերն ա փչել, ո՛չ էլ տան մեջ զուգարան ա սարքել: Չտեսա՞ր, որ մեր տան պատերն է՛լ էր գաջած, բայց փչած չէր:
– Չէ,- ասացի ես.- ուշադիր չնայեցի:
– Այսինքն, որ պատերի, կրիշի ու գաջի գործերն անում պրծնում ենք, հետո ալարում ենք ներսի գործերն անենք ու ըտենց կիսատ թողած՝ շարունակում ենք դրսի՝ բաղչի զուգարանից օգտվել: Բայց քաղաքացիների մոտ լրիվ հակառակն ա:
– Ո՞նց ա հակառակը:
– Քաղաքացիների համար կարեւորը տան ներսի գործերն են՝ ռեմոնտի, զուգարանի ու բաղնիքի հարցերը:
– Էդ լա՞վ ա, թե՝ վատ:
– Լավի ու վատի հարց չկա,- ասաց Ռոլանդը.- ուղղակի ուզում եմ ասեմ, որ Գեւորգն է՛լ էր գյուղացի, դրա համար էլ՝ որ դրսի գործերը պրծավ, մի քիչ հանգստացավ:
– Բա ասում էիր՝ ռայկոմականներն էին խանգարում, որ գործը մինչեւ վերջ հասցնի:
– Էդ հարցի մի՛ կողմն ա,- ասաց Ռոլանդը.- հարցի մյուս կողմն էլ է՛ն ա, որ Գեւորգն էս հիմնական գործերը պրծնելուց հետո հոգեպես արդեն բավարարված էր, ու խիղճն էլ արդեն ահագին հանգիստ էր, ու որ Աշնակ մտնող տուրիստներն ու անծանոթները զարմացած հարցնում էին՝ էս ի՞նչ շենք ա, ու որ մերոնք ասում էին՝ Գեւորգ Չաուշի թանգարանն ա, ու որ տուրիստներն ու անծանոթները հարցնում էին՝ Գեւորգ Չաուշն ո՞վ ա, մեր բիձեքը հենց էդ հարցին էին սպասում, որ Չաուշի մասին իրանց սաղ իմացածն ու չիմացածը դատարկեին էդ անտեղյակ մարդկանց գլխներին, բայց…
– Ի՞նչ բայց:
– Բայց որ էդ տուրիստները ռուս կամ արտասահմանցի էին ըլնում, Գեւորգն ի՛նքն էր ոգեւորվում ու սկսում էր Գեւորգ Չաուշի մասին պատմել՝ ռուսներին ռուսերեն, մյուս օտարներին՝ անգլերեն:
– Ինքը անգլերեն գիտե՞ր:
– Էն էլ ո՜նց գիտեր,- ասաց Ռոլանդը:- Սկզբում լավ չգիտեր, բայց էս ամբողջ շինարարությանը զուգահեռ անգլերեն էր պարապում, ու որ շենքն արդեն էս վիճակով պատրաստ էր, ինքն արդեն տուրիստների հետ շատ վարժ անգլերեն էր խոսում:
– Էդքան շատ տուրիստ ա՞ գալի Աշնակ:
– Սկզբում մենք է՛լ էինք զարմանում. մտածում էինք՝ էս խի՞ են էդքան շատ գալի, բայց հետո հասկացանք, որ հատկապես սփյուռքահայերն էս թանգարանի մասին լսել են ու հենց էս թանգարանի համար են Աշնակ գալի:
– Հնարավոր ա:
– Ո՛չ թե հնարավոր ա, այլ՝ հենց ըտենց ա,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- Գեւորգն ուզում էր հայերեն, ռուսերեն ու անգլերեն բուկլետներ տպել տա Գեւորգ Չաուշի կյանքի մասին. տպարանի հետ արդեն պայմանավորվել էր:
– Էս շինարարությունն ինչքա՞ն ա տեւել:
– Ուղիղ տասը տարի: Գեւորգն իրա կարճ կյանքի վերջին տասը տարիների ամեն մի օրն ու ժամն էս թանգարանի գործին մատաղ արեց:
– Ափսոս, որ գործը կիսատ ա մնացել:
– Ճիշտը որ ուզում ես իմանաս, ինքը շատ էլ չէր վռազում:
– Ինչի՞ չէր վռազում:
– Որովհետեւ նյութերը քչություն էին անում:
– Ի՞նչ նյութեր:
– Թանգարանային նյութերը շատ քիչ էին,- ասաց Ռոլանդը.- Չաուշի անձնական իրերից ահագին բան արտասահմանից պիտի ուղարկեին, բայց ուշացնում էին, ավելի ճիշտ՝ ռայկոմականներն ինչքան կարային՝ խանգարում էին, որ էդ թանգարանային իրերը տեղ չհասնեն:
– Երեւի դրա համար էլ խեղճի սիրտը չի դիմացել,- ասացի ես:
– Որ հարցնում են՝ մենք է՛լ ենք էդ ձեւով բացատրում իրա սրտի չդիմանալը, բայց էդ հարցում իմ կարծիքը լրիվ տարբերվում ա մնացածների կարծիքից:
– Ինչո՞վ ա տարբերվում:
– Էդ իմ գյուտն ա,- ժպտաց Ռոլանդը:
– Ի՞նչ գյուտ,- զարմացա ես:
– Իմ բժշկական գյուտն ա,- հպարտ-հպարտ ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- Արմո ջան, ես բժիշկ չեմ, ճիշտ ա, բայց, փաստորեն, Գեւորգի էս օրինակի վրա բժշկական շատ ուժեղ գյուտ եմ արել:
– Ի՞նչ բժշկական գյուտ,- ծիծաղեցի ես:
– Մի՛ ծիծաղա,- ասաց Ռոլանդը:
– Էդ ի՞նչ բժշկական գյուտ ա,- ոչ մի կերպ չէի կարողանում ծիծաղս զսպել:
– Հռհռում ես, բայց հենց էս պահին իմ էդ գյուտի վրա թեկնածուական դիսերտացիա են գրում:
– Ո՞վ ա թեկնածուական դիսերտացիա գրում,- էլի չէի կարողանում ծիծաղս զսպել:
– Անունն ա թեկնածուական, բայց որ գրի պրծնի՝ միանգամից դոկտորի կոչում են տալու:
– Ո՞ւմ են դոկտորի կոչում տալու:
– Վերին Սասնաշենում Տարոն անունով մի հատ բժիշկ ընկեր ունեմ,- ասաց Ռոլանդը:- Տարոնին իմ էդ ուսումնասիրությունները պատմել եմ, ու հիմի ինքն իմ ուսումնասիրությունների հիման վրա իրա թեկնածուական դիսերտացիան ա գրում: Թեման էլ արդեն հաստատել ենք տվել:
– Ի՞նչ թեմա:
– Թեման սիրտն ա:
– Ո՞ւմ սիրտը:
– Մարդու: Իմ ուսումնասիրություններով ապացուցում եմ, որ մարդու սիրտը ոչ միայն լարվածությանը կարող ա չդիմանա, այլեւ՝ հանգիստ վիճակներին: Մեր Գեւորգի օրինակով էդ բանն ապացուցում եմ:
– Ո՞նց ես ապացուցում:
– Շատ պարզ,- ասաց Ռոլանդը:- Գեւորգը որ տասը տարի հոգեկան գերլարված վիճակներում էս թանգարանը սարքում էր, իրա սիրտն էդ գերլարված վիճակներին լավ էլ դիմանում էր. ինքը վաբշե սրտից ոչ մի բողոք չի ունեցել: Ուզում եմ ասեմ՝ էդ լարված վիճակներին լավ էլ դիմացավ:
– Բա ո՞ր վիճակներին չդիմացավ:
– Համեմատաբար հանգիստ վիճակներին:
– Ուզում ես ասես՝ հանգիստ վիճակները սրտի համար ավելի՞ վատ են,- հարցրի ես:
– Է՛դ չեմ ուզում ասեմ,- ասաց Ռոլանդը.- ուզում եմ ասեմ՝ մարդու սիրտը որ լարված վիճակներին ու լարված ռիթմերին ա վարժվում, էդ լարված վիճակներն ու ռիթմերը սրտի համար սովորական են դառնում:
– Հետո՞:
– Հետո որ էդ նույն սիրտը տեղափոխվում ու փոխադրվում ա սովորական նորմալ վիճակի մեջ, արդեն էդ նորմալ վիճակն ա իրա համար աննորմալ դառնում:
– Ո՞ւմ համար:
– Սրտի՛:
– Այսինքն, հիմի իմ ու քո սրտերն աննորմալ վիճակո՞ւմ են:
– Չես հասկանո՞ւմ, թե՞ դիտմամբ չես ուզում հասկանաս,- հարցրեց Ռոլանդը:
– Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում,- ասացի ես:
– Սիրտը որ լարված ռիթմերին ու լարված վիճակներին վարժվում ա, էդ լարված ռիթմերն ու լարված վիճակներն էդ սրտի համար մի տեսակ պահանջ են դառնում, այսինքն՝ էդ սիրտն սկսում ա էդ լարված ռիթմերին ու վիճակներին ներդաշնակ աշխատել, ու հետո որ ռիթմերն ու վիճակները ռեզկի փոխվում են, ինքը միանգամից անհարմար ու աններդաշնակ վիճակում ա հայտնվում:
– Ո՞վ ա աններդաշնակ վիճակում հայտնվում:
– Սի՛րտը:
– Ո՞ւմ սիրտը:
– Ուզած սիրտ,- ասաց Ռոլանդը:- Տվյալ դեպքում՝ Գեւորգի՛ սիրտը: Գեւորգը որ տասը տարի լարված ա ապրել, իրա սիրտը, փաստորեն, էդ լարված վիճակին ա վարժվել: Մարդ արարածն ինչ վիճակի վարժվում ա, է՛դ վիճակն ա իրա համար նորմալ դառնում: Հետո որ իրան միանգամից ուրիշ վիճակի մեջ ես դնում, կարող ա չդիմանա:
– Մարդ արարա՞ծը:
– Ձեռ ե՞ս առնում:
– Լրիվ լուրջ եմ հարցնում:
– Դու ձեռ առ,- ասաց Ռոլանդը.- հեսա որ Տարոնն էդ դիսերտացիան պաշտպանի, ու էդ գյուտը հաստատել տանք, էդ վախտ ձեռ կառնես:
– Ի՞նչ Տարոն:
– Էդ բժիշկ ընկերս: Հենց էդ գյուտը հաստատվեց, էդ սաղ ձեռ առնողներդ մզզալու եք:
– Ձեռ չեմ առնում,- ասացի ես:
– Բա ի՞նչ ես անում:
– Լավ չեմ հասկանում:
– Ի՞նչը լավ չես հասկանում:
– Հիմի էդ գյուտը քո՞նն ա, թե՞ էդ Տարոնինը:
– Փաստորեն, համահեղինակ ենք,- ասաց Ռոլանդը:
– Բայց, փաստորեն, դու ես, չէ՞, էդ գյուտն արել:
– Գյուտը ե՛ս եմ արել, ճիշտ ա, բայց գիտական հիմնավորումն ինքը պիտի տա,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- գիտական հիմնավորումն ու բացատրությունը շատ կարեւոր են:
– Գյուտն ավելի կարեւոր ա:
– Իզուր շիրա մի տուր,- ասաց Ռոլանդը.- ինձ ու Տարոնին էս հաշվով շատերն են ուզել կռվացնեն, բայց ոչ մի բան չի ստացվել:
– Էդ գյուտդ ե՞րբ ես արել:
– Գեւորգի մահից հետո ահագին վախտ էդ մասին մտածում էի, բայց ընդամենը վեց ամիս ա, ինչ Տարոնին ասել եմ: Վեց ամսվա մեջ ինքն ահագին գործ ա արել:
– Ի՞նչ գործ:
– Դիսերտացիայի թեման հաստատել ա տվել. էդ արդեն գործի կեսն ա:
– Ո՞նց ա գործի կեսը:
– Որ դիսերտացիայի թեման հաստատել են, էդ նշանակում ա՝ մեր էդ գյուտն ընդունում են:
– Բայց, իմ կարճ խելքով, նախ պիտի ձեր էդ գյուտն ընդունեին ու հաստատեին, հետո նոր՝ դիսերտացիայի թեման:
– Խելքդ հեչ էլ կարճ չի. պարզվում ա՝ ահագին բան ես հասկանում,- ասաց Ռոլանդը:
– Ի՞նչ եմ հասկանում:
– Էդ գյուտի հարցն ու դիսերտացիայի պաշտպանությունն իրար ահագին խանգարում են,- ասաց Ռոլանդը.- սկզբում գյուտը պիտի հաստատվի, հետո նոր՝ դիսերտացիան պաշտպանվի:
– Ես էլ եմ էդ ասում:
– Բայց էդ հարցն ավելի բարդ ա, քան՝ դու ես կարծում:
– Ինչո՞վ ա բարդ:
– Շատ ճիշտ ես ասում. սկզբում պիտի գյուտը հաստատվեր, հետո նոր՝ դիսերտացիայի թեման, բայց ուրիշ նրբություն կա:
– Ի՞նչ նրբություն:
– Հենց որ մեր էս գյուտի շուխուռը քցենք, իրանցով կանեն:
– Ի՞նչը իրանցով կանեն:
– Էդ գյուտը, ավելի ճիշտ՝ էդ գյուտի հեղինակային իրավունքը: Էդ գյուտի շուխուռն ընկավ թե չէ՝ իրանցով կանեն:
– Ո՞վ:
– Մաֆիան:
– Ի՞նչ մաֆիա:
– Համաշխարհային մաֆիան, ավելի ճիշտ՝ մասոնները:
– Մասոննե՞րն ինչ կապ ունեն:
– Աշխարհի գիտությունն իրանց ձեռն ա. գիտական սաղ գյուտերն իրանք են հաստատում,- հոգոց հանեց Ռոլանդն ու ավելացրեց.- կուզեն կհաստատեն, չեն ուզի՝ չեն հաստատի:
– Իրանց ուզելով ա՞:
– Հա,- ասաց Ռոլանդը.- փաստորեն, լրիվ իրանց ձեռն ա: Իրանք կարան էդ գյուտը վեկալեն ու իրանց անունով անեն:
– Բա ո՞նց եք անելու:
– Որոշել ենք էդ մաֆիային խաբս տանք,- խորամանկ ժպտաց Ռոլանդը:
– Ո՞նց եք խաբելու:
– Ոչ թե խաբելու ենք, այլ խաբս ենք տալու. դրանք տարբեր բաներ են,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- հենց որ դիսերտացիան լրիվ պատրաստ ըլնի, էդ վախտ արդեն գյուտի շուխուռը կգցենք: Այսինքն, մեր էդ գյուտի ու դիսերտացիայի հարցերը պիտի իրար զուգահեռ տարվեն, որ հենց մաֆիան ուզենա գյուտն իրանով անի, մենք արդեն պատրաստի դիսերտացիան դեմ տանք:
– Շա՜տ ուժեղ եք մտածել,- ասացի ես:
– Ձեռ ե՞ս առնում:
– Խի՞ ես մտածում, թե ձեռ եմ առնում:
– Եսիմ,- ասաց Ռոլանդը.- մարդ կա՝ ձեռ ա առնում. մեր էս գյուտը լուրջ չի ընդունում:
– Ո՞վ ա ձեռ առնում:
– Մի հոգի չի, որ ասեմ,- ասաց Ռոլանդը.- շատ են:
– Ո՞նց են ձեռ առնում:
– Թող ձեռ առնեն,- ասաց Ռոլանդը:- Իրանք հըլը չգիտեն, որ Պայքար Միսակիչին է՛լ ենք էս գործի մեջ խառնել:
– Պայքար Միսակիչն ո՞վ ա:
– Մեր Թալինի ռայկոմի առաջին քարտուղարն ա: Ինքն էլ ա արդեն էս գործից տեղյակ:
– Բա ասում ես՝ ռայկոմականները խանգարում են:
– Նայած՝ ինչին, նայած՝ ով, նայած՝ ում,- ժպտաց Ռոլանդն ու ավելացրեց.- դու մոռանում ես, որ էս գյուտի հարցը համ էլ քաղաքական հարց ա:
– Ինչո՞վ ա քաղաքական հարց,- զարմացա ես:
– Ուզած գյուտի հարց քաղաքական ա: Հիմի ուշադիր լսի, ասեմ՝ ինչով ա քաղաքական:
– Ուշադիր լսում եմ,- ժպտացի ես:
– Թե լուրջ չես լսելու՝ չասեմ,- ասաց Ռոլանդը:
– Լրիվ լուրջ եմ լսում:
– Գյուտերի հարցը պետությունների համար շատ կարեւոր հարց ա, մանավանդ՝ Սովետի համար:
– Հաստա՞տ:
– Կարաս չկասկածես: Մեր էս գյուտը Սովետի համար կոսմոս թռնելուն հավասար հարց ա:
– Լուրջ ե՞ս ասում:
– Իզուր ես զարմանում: Սովետի համար շատ կարեւոր ա, որ էս գյուտը մեր մոտ արվի, ո՛չ թե, ասենք, Ամերիկայում:
– Հասկանում եմ,- ասացի ես.- հեղինակության հարց ա:
– Ապրես,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- բայց մենակ հեղինակության հարցը չի. փողի հարց էլ կա:
– Ի՞նչ փողի հարց:
– Էդ գյուտը միլիոններ արժի:
– Էդ միլիոնները քեզ ու Տարոնին ե՞ն տալու:
– Էրեխա ե՞ս,- ժպտաց Ռոլանդը.- էրեւում ա՝ էս գյուտի մասշտաբները հեչ չես պատկերացնում:
– Պատկերացնում եմ:
– Որ պատկերացնեիր, չէիր մտածի, թե էդ սաղ փողը կարա ինձ ու Տարոնին բաժին հասնի:
– Բա ո՞ւմ ա բաժին հասնելու:
– Իմ ու Տարոնի անուններից առաջ առնվազն մի հատ բժշկության գծով ակադեմիկի անուն պիտի ավելացվի, ավելի ճիշտ՝ որպես էդ գյուտի հեղինակ սկզբում պիտի էդ ակադեմիկոսի անունը գրվի, հետո նոր՝ իմն ու Տարոնինը,- ասաց Ռոլանդն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ավելի ճիշտ՝ սկզբում Տարոնինը, հետո նոր՝ իմը:
– Հասկացա,- ասացի ես.- քո էդ գյուտն ուզում են իրանցով անեն:
– Լրիվ չես հասկացել,- ժպտաց Ռոլանդը:- Հետո որ էդ գյուտը Մոսկվա՝ հաստատման ուղարկեն, մի էրկու հատ էլ ռուս ակադեմիկի անուն կավելացնեն:
– Որպես ի՞նչ:
– Որպես էս գյուտի հեղինակներ, ավելի ճիշտ՝ որպես էս գյուտի հիմնական ու գլխավոր հեղինակներ:
– Բա դո՞ւք:
– Ես ու Տարոնը պիտի շատ գոհ ըլնենք, որ մեր անուններն էդ ակադեմիկոսների պոչից կպցնեն ու էդ միլիոններից մի թուլափայ էլ մեզ տան:
– Շատ անարդար ա,- անկեղծորեն վրդովվեցի ես:
– Ուրիշ վարիանտ չկա,- ասաց Ռոլանդը.- ես ու Տարոնը սաղ վարիանտները մեկ առ մեկ գցել-բռնել ենք:
– Տես՝ վերջում քո անունն արանքից չհանեն:
– Էրեխա չըլնես,- ժպտաց Ռոլանդը:- Ես որ չըլնեի, Տարոնն էս գործը վաբշե չէր կարա առաջ տաներ: Պայքար Միսակիչն անձամբ իմ խաթեր ա էս գործի մեջ մտել: Ինքը համ իմ գրածներն ա հավանում, համ էլ՝ շատ ազգասեր մարդ ա. ինչքան չըլնի՝ սասունցի ա:
– Ազգասիրությունն ի՞նչ կապ ունի:
– Ազգասիրությունն էնքանով կապ ունի, որ եթե ինքն էս գործին չխառնվի, ռուսներն էս գյուտը լրիվ իրանցով կանեն ու վերջում իմ, Տարոնի ու մեր էդ ակադեմիկոսի անուններն է՛լ արանքից կհանեն:
– Բա ասում ես՝ ռայկոմականներն ազգություն չունե՞ն:
– Միսակիչը նախ սասունցի ու հայ ա, հետո նոր՝ ռայկոմական,- ասաց Ռոլանդը:- Ինքը պիտի չերեզ մեր կենտկոմ ու չերեզ Դեմիրճյան բլոկ դնել տա, որ ռուսներն էդ բանը չկարենան անեն:
– Փաստորեն, էդ ակադեմիկոսների անուններն ավելացնելով՝ դու ու քո էդ Տարոնն է՛լ եք էդ կեղծիքներին մասնակից դառնում:
– Ուրիշ ճար չունենք,- ասաց Ռոլանդը.- որ էդ զիջումները չանենք, ավելի՛ վատ կըլնի:
– Ավելի վատը ո՞րն ա:
– Ավելի վատն էն ա, որ մասոններն իրանց շպիոնաժը կաշխատացնեն ու էս գյուտը լրիվ իրանցով կանեն:
– Ըսենց էլ ռուսնե՛րը լրիվ իրանցով կանեն:
– Որ թողենք՝ կանեն: Բա խի՞ եմ Միսակիչին էս գործին խառնել: Իմ ու Տարոնի ուզածն էն ա, որ գոնե մեր անունները մնան, ու մի քանի մանեթ էլ մեզ հասնի։ Հազար ու մի ծակուծուկ կա փակելու:
– Էդ մի քանի մանեթն ինչքա՞ն ա:
– Նայած թե՝ մեր գյուտը ո՞ր կարգի գյուտ կհաստատվի: Որ միջազգային առաջին կարգի գյուտ ճանաչվի, ահագին փող ա:
– Ահագին՝ ինչքա՞ն:
– Բերանս չի բռնում ասեմ,- ժպտաց Ռոլանդը։- Վախում եմ աչքով տամ. իմ աչքն ինձ շատ փիս ա կպնում:
– Էդքան մեծ փող ա՞:
– Որ միջազգային առաջին կարգը հաստատվի, միլիոնից ավել փող ա,- ասաց Ռոլանդը։- Դրա տասը տոկոսն է՛լ որ ինձ ու Տարոնին հասնի, էլի շատ մեծ բան ա:
– Հա,- համաձայնվեցի ես:
– Որ երկրորդ կարգի գյուտ հաստատվի, էլի շատ գոհ կըլնենք:
– Էդ երկրորդ կա՞րգն ինչքան ա,- հարցրի ես:
– Համարյա կես միլիոն.- ասաց Ռոլանդը:- Իմ ու Տարոնի փայը որ տասը տոկոս գցենք՝ էլի վատ չի:
– Հեչ վատ չի,- համաձայնվեցի ես:- Քեզ ու Տարոնին մարդա քսանհինգ հազար հասնում ա:
– Հա,- ասաց Ռոլանդը.- գոնե մեր էս չարչարանքն իզուր չի կորի:
– Քսանհինգ հազարը շատ մեծ փող ա,- ասացի ես:
– Ռուբլիով ե՞ս հաշվում,- խորամանկ ժպտաց Ռոլանդը:
– Բա ինչո՞վ հաշվեմ,- զարմացա ես:
– Դոլարով,- ժպտաց Ռոլանդը:
– Դոլարով որ հաշվեմ, ավելի՛ քիչ կստացվի,- ասացի ես.- դոլարը յոթանասուն կոպեկ չի՞:
– Վաթսունութ,- ասաց Ռոլանդը:
– Հա,- ասացի ես.- դոլարով, փաստորեն, ավելի՛ քիչ ա անում:
– Պաշտոնական կուրսով ե՞ս հաշվում:
– Բա ո՞նց հաշվեմ:
– Ձեռի վրի գնով հաշվի,- ասաց Ռոլանդը.- ձեռի վրա դոլարն ամենաքիչը չորս մանեթ ա։ Ընենց որ՝ էդ քսանհինգ հազարն ամենաքիչը չորս անգամ պիտի բազմապատկես:
– Որ բազմապատկեմ, հարուր հազար ա անում,- ասացի ես:
– Ամենաքիչը,- ասաց Ռոլանդը.- էն էլ՝ երկրորդ կարգի դեպքում: Առաջինի դեպքում կրկնապատիկ կըլնի:
– Բայց կարող ա պաշտոնական կուրսով հաշվեն ու ռուբլիով տան,- ասացի ես:
– Քեզ ա թվում,- ժպտաց Ռոլանդը.- բա Պայքար Միսակիչին իզուր ե՞մ էս գործին խառնել, ա՛յ խելոք: Միսակիչն էդ տեխնիկական կողմը լրիվ ապահովում ա, մենակ թե՝ առաջին կամ երկրորդ կարգ տան:
– Ուրիշ կարգ է՞լ կա,- հարցրի ես:
– Երրորդ կարգ էլ կա, բայց էդ ուղղությամբ հեչ չեմ էլ ուզում մտածեմ,- ասաց Ռոլանդը.- երրորդ կարգ որ տան, մարդս մի «Ժիգուլի» հազիվ անի:
– Դժվար թե երրորդ կարգ տան,- ասացի ես:
– Ես է՛լ եմ ըտենց մտածում,- ասաց Ռոլանդը.- կամ առաջին կարգ կտան, կամ էլ՝ էդ գյուտը վաբշե չեն հաստատի:
– Ո՞նց կարան չհաստատեն,- զարմացա ես:
– Մասոններն ամեն ինչ կանեն, որ էդ գյուտը Սովետի վրա չգրվի,- ասաց Ռոլանդը:
– Սովետն էլ ամեն ինչ կանի, որ էդ գյուտը հաստատվի,- ասացի ես:
– Խոսքը մեր մեջ, իմ հույսն է՛լ ա էդ,- ասաց Ռոլանդը:- Համ էլ, որ Պայքար Միսակիչն էս գործի մեջ ա, մի տեսակ արխային եմ:
– Պայքարը պարտավոր ա պայքարել,- ծիծաղեցի ես: