Զանգվածային լրատվամիջոցներ: Սպիտակ-վարդագույն-դեղին Սկիզբը՝ փետրվարի 17-ին:
ՍՍՀՄ փլուզումը շրջադարձային է եղել նաեւ Հնդկաստանի ԶԼՄ-ների համար՝ նշանավորելով այս դաշտի ազատականացման սկիզբը: Մինչեւ դա, ինչպես լրագրության պատմության մասնագետներն են միահամուռ նշում, բախտորոշ է եղել 1984-ը՝ Ինդիրա Գանդիի սպանության տարեթիվը, երբ նրա որդի Ռաջիվը մոր մահվան հանգամանքներն իմացել է օտար ռադիոձայներից եւ, վարչապետի պաշտոնում փոխարինելով նրան, մեղմել է գրաքննությունը:
Այժմ Հնդկաստանում պետական ու հանրային լրատվամիջոցները խիստ փոքրաթիվ են, բազմանալու միտում ունեն համայնքայինները:
Երկրում գործում է 325 հեռուստաընկերություն՝ մեծ մասամբ համազգային սփռման, որոնցից… 64-ը՝ զուտ լրատվական։ Վերջիններս որակապես իրարից առանձնապես շատ չեն տարբերվում, եւ իրենք՝ հնդիկներն էլ չէին կարողանում դրանց առատության պատճառը բացատրել։ Որքան էլ որ ոչ հիմնավոր՝ ավելի հաճախ հիշատակվում էր «Ես ումից եմ պակաս, որ լրատվական ալիք չբացեմ» շարժառիթը…
Հեռարձակման հաճախականությունները տրամադրվում են այնպիսի մեխանիզմով, որ օտարերկրյա ալիքներն ուղղակի մուտքի հնարավորություն չունենան: Վերահեռարձակվող ալիքների մեջ գերակշռում են ամերիկյանները, որ ունեն իրենց հնդկական տարբերակները: Մինչդեռ Հայաստանում, ուր վախով են խոսում գլոբալիզացիայի մասին եւ բնազդաբար զգում, բայց չեն կարողանում ձեւակերպել, որ գլոբալիզացիան ամերիկյան է, CNN-ը վերահեռարձակվում էր միանգամայն «մաքուր» ձեւով: Դրան հակադրվող մեր որոշ հեռուստաալիքներ, արդեն բացահայտորեն գերապատվությունը տալով ռուսական գլոբալիզացիային, ցուցադրում են սովետական (ռուսական) ֆիլմեր, բացում են ռուսերեն լրատվական թողարկումներ, այսինքն՝ գերադասում են թաքնվել անցյալում՝ մտավոր քաջությունը չունենալով ընդունելու, որ սովետական (ռուսական) կենցաղային մակարդակը պարտվել է ամերիկյանին, «Մոսֆիլմը»՝ Հոլիվուդին, Իոսիֆ Կոբզոնը՝ Էլվիս Փրիսլիին:
Հնդկաստանում մեծաքանակ են նաեւ կաբելային ալիքները, որոնց նկատմամբ անցած աշնանը կինոքննություն մտցվեց, որպեսզի բռնություն ու սեքս պարունակող կադրեր ցույց չտան։ Դա ողջունեցին հանրային սփռման ալիքները, որոնց հանդեպ նման վերահսկողություն ավելի վաղուց կար: Կարգավորող մարմնի հետ նրանց համաձայնության գլխավոր պատճառը երեւի թե մրցակցությունն է, քանի որ վերը նշված տեսարանները գրավում են հեռուստադիտողներին, բայց կինոքննությունն արդարացված է առաջին հերթին երկրի բազմավանդությամբ։ Եթե հնդիկները (ուհիները) տարեցտարի թեթեւացնում են իրենց հանդերձները տեսահոլովակներում, մահմեդականների հայացքների փոփոխությունը նույն ուղղությամբ չի ընթանում՝ հաճախ նրանց մղելով մինչեւ հեռուստատեսության արգելման ծայրահեղություն, ինչը տեղի ունեցավ Աֆղանստանում թալիբների օրոք։
Հնդկաստանում որոշ սահմանափակումներ կան նաեւ մամուլի համար։ Օրինակ՝ կառավարությունը, իր տեղեկատվական անվտանգությունը պաշտպանելով, չի թույլատրում միջազգային կամ արտասահմանյան լրատվական գործակալություններին անմիջականորեն հնդկական թերթերին ինֆորմացիա փոխանցել. դա պետք է արվի հնդկական լրատվական գործակալությունների միջոցով։
Չնայած հեռուստատեսությունների բազմացմանը, թերթերի տպաքանակը ոչ թե նվազել է վերջին տասնամյակում, այլ՝ աճել։ Հնդկաստանում լույս է տեսնում քառասունվեց հազար անուն թերթ՝ հարյուր լեզվով: Հնդիկները թերթ կարդում են մեզանից ավելի շատ, մանավանդ, եթե հաշվի առնենք իրենց գրագիտության ցածր տոկոսը։ Ամենախոշոր պարբերականների տպաքանակներն ահռելի են՝ 24 մլն, 17 մլն (աշխարհի ամենամեծ անգլիալեզու թերթը՝ «Հինդուստան թայմզը»)……Իհարկե, դրա շնորհիվ թերթերը գովազդային գրավչությունը ունեն, ինչը գցում է դրանց գինը։ 32 էջանոց թերթը 12-15 դրամով է վաճառվում: Ճիշտ է, փոխարենը Հայաստանում կա չհաշվարկված «ստվերային» ընթերցող՝ աղետի գոտում մարդիկ կրպակներից թերթերը «վարձով» են վերցնում 10-20 դրամով…
Հետազոտողները համարում են, որ վերջին տարիներին Հնդկաստանում ԶԼՄ-ների դերը մեծացել է։ Լրագրողները մի քանի կաշառասուն նախարարների են բացահայտել, որոնք կա՛մ ազատվել են աշխատանքից, կա՛մ ազատազրկվել: Ինձ հաջողվեց ուղիղ եթերում դիտել իշխող Կոնգրես կուսակցության ղեկավար Սոնիա Գանդիի մեկժամանոց հարցազրույցը (նա շատ հազվադեպ է հյուրընկալվում ԶԼՄ-ներին), որտեղ լրագրողը նրան հարցրեց նման մի կուսակից նախարարի մասին: Գանդին ցավ հայտնեց պատահածի համար՝ որեւէ փորձ չանելով մեղքը բարդել լրագրողների վրա:
Թերթերին հաջողվել է նաեւ ստիպել ոստիկանությանը նոր քննություն սկսել սպանությունների մի քանի աղմկահարույց գործերի առթիվ, որոնք ժամանակին կոծկվել են, որովհետեւ իրական մեղավորները մեծահարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են եղել:
Մեր օրաթերթերը հնդկականների համեմատ թվում են հեռուստատեսությունների կցորդ: Նրանք ավելի հաճախ ոչ թե լուր, այլ լուրի մեկնաբանություն են տպում։ Եթե ընդդիմությունն իշխանությանը կծելու առիթ չունի, կարող է, ասենք, չհայտնել Ժակ Շիրակի Հայաստան այցելելու լուրը, որը խոշոր իրադարձություն է ցանկացած երկրի համար։ Նույնը ավելի մեծ չափով վերաբերում է իշխանական մամուլին։ Իմ այս դիտարկումից ելնելով՝ վերջերս գովեցի մի թերթի խմբագրի տեղեկատվական քաղաքականությունը, բայց պարզվեց, որ նա էլ հայտարարել է, «որ եթե նախագահը մեզնից թղթակից չտանի որեւէ տեղ, մենք չենք լուսաբանի այդ այցելությունը»։ Որքան էլ որ դրդապատճառները հասկանալի են, սա արտառոց մոտեցում է։
Հանուն արդարության պետք է ասել, որ իրականում հնդկական 32 էջանոց թերթի 8-10 էջն է նյութ, մնացածը գովազդներ, հայտարարություններ են: Ընդ որում, մամուլը չափազանց մեծ տեղ է տալիս «աստղային» նորություններին ու թեմաներին եւ՛ հավելվածների տեսքով, եւ՛ թերթերի վերջին էջերով: Մեր թերթերն ավելի լուրջ են, շատ տեղ են տրամադրում քաղաքականությանը: Ավելի լուրջ էին մինչեւ վերջերս նաեւ հեռուստատեսությունները, բայց հիմա այնքան շատ են խոսում, թե որ կինոաստղն ինչքան փող ստացավ, ինչեր առավ, որ թվում է դա ամենահրատապ խնդիրն է սովետական բնակարաններում մի կերպ ջեռուցման հարցերը լուծող մեր բնակչության համար:
Ակնհայտ հակասություն կա հնդկական իրականության եւ լրագրության տեսության մեջ, որին երկիրը դավանում է շուրջ կես դար, նույնիսկ արտահանում՝ օտարերկրյա լրագրողների վերապատրաստման միջոցով: Խոսքը «զարգացման լրագրություն» կոչվող ուղղության մասին է, որը քարոզում է մասնավորապես Զանգվածային հաղորդակցության հնդկական ինստիտուտը: Այս լրագրությունը պահանջում է ամբողջովին կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք հատուկ են նորանկախ երկրներին զարգացման փուլում՝ աղքատության հաղթահարում, անգրագիտության վերացում, կանանց իրավահավասարություն, ջուր, էլեկտրականություն, փախստականներ եւ այլ սոցիալական խոցելի խմբեր, թվային տեխնոլոգիաների տարածում: Սա էլ իր հերթին գալիս է հաղորդակցության տեսության մեջ ընդունված «զարգացման պարադիգմից», ըստ որի հնարավոր է կառավարության միջոցով, արեւմտյան, ասենք՝ ամերիկյան մոդելների տեղայնացմամբ, արդյունաբերականացմամբ եւ ԶԼՄ իր ժամանակին կարեւորագույն միջոցի՝ ռադիոյի օգնությամբ կառուցել նոր երկիր։
Կեսդարյա վաղեմության այս տեսությունը, որի հեղինակները ամերիկացի գիտնականներ Լերներն ու Շրամն են, ըստ էության, անհաջողության մատնվեց ամբողջ աշխարհում։ Փորձը ցույց տվեց, որ մի երկրում ժողովրդավարությունը հաղթում է, բայց տնտեսությունը չի զարգանում, մի ուրիշ տեղ արդյունաբերական հեղափոխություն է տեղի ունենում, բայց բռնապետություն է հաստատվում։
Այլ խնդիր է, որ միգուցե մեզ էլ «անցումային լրագրության» ուսուցում է հարկավոր, որովհետեւ մեր պայմաններն էլ այս կողմից են առանձնահատուկ, եւ լրագրությունը երբեմն չի հասցնում իրականության հետեւից:
Ճիշտ է, բարդությունն այն է, որ «զարգացման» եւ «անցումային տնտեսության» թեմաները հետաքրքիր չեն որպես ընթերցանության նյութ, որքան էլ որ լրագրողները ջանան մասնավոր պատմություններով լսարանին վերապրելու դրդել: Վերլուծաբանները հնդկական ԶԼՄ-ների ներկա «զվարճանքային» պատկերը նրա վճարունակ հիմնական պատվիրատուի՝ միջին դասի «ամերիկանացմամբ» են բացատրում, երբ ստորին խավերն «աֆրիկականանում» են: Սա խոսուն ապացույցն է այն բանի, որ եթե Հնդկաստանի անկախության հենարան միջին խավն է դիմազրկվում, մեր երկրում առավել եւս համադարման չէ միջին խավի ձեւավորումը հարկա-մաքսային ահաբեկչության պայմաններում:
Երբ նկատում ենք «զարգացման լրագրության» հեռանկարայնությունը Հնդկաստանում, պետք է հաշվի առնենք, որ տնտեսության լուսաբանումը հիանալի վիճակում է: «Ֆայնենշըլ թայմզի» նմանությամբ բազմաթիվ «վարդագույն» օրաթերթեր ու տնտեսական հանդեսներ կան: Չնախապատրաստված ընթերցողը կարող է շփոթության մատնվել նույնիսկ անգլիալեզու պարբերականներում, քանի որ այնտեղ կհանդիպի երկու նոր թվի, որոնց բացատրությունը դասական բառարանում չեն գտնի: Մեղավորը նորից Հնդկաստանի մասշտաբներն են: Մշտապես խոշոր թվերի հետ գործ ունենալիս հազարը, միլիոնն ու միլիարդը քչություն են արել, եւ շրջանառության մեջ է դրվել «լաքշ» բառը, որ նշանակում է հարյուր հազար, ինչպես եւ «քրորը»՝ որպես տասը միլիոն։
4 խոշոր հեռուստաընկերություն եւս զբաղվում է զուտ տնտեսությամբ։ Սա արդեն տուրք չէ նորաձեւությանը, սա նշանակում է, որ վերլուծելու եւ քննարկելու նյութ կա, որը չի կարող սահմանափակվել «դե, շաքարավազը սրանն է, բենզինն ու հացահատիկը՝ նրանը» կարգի հաստատումներով: