Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում պեսիմիստական բաներ ասել»

Փետրվար 26,2007 00:00

\"\"Երեկ հայտարարեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ բողոքեց ամեն ինչից

Երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին: Նա խոսեց ազգային զարթոնքի ձեռքբերումների «փոշիացումից», քաղաքականությունից, մտավորականության խնդիրներից, մշակութային դաշտում տիրող վիճակից եւ համարյա ամեն ինչի համար մեղադրեց ԶԼՄ-ներին: «Ես չեմ ուզում պեսիմիստական բաներ ասել, բայց ստիպված եմ փաստել, որ մեր մշակույթի նկատմամբ այսօր նիհիլիստական վերաբերմունք է ձեւավորվել: Պետությունը կանգնած չէ մտավորականի թիկունքին, ամեն ինչի համար ասում է՝ միջոցներ չկան: Այդ պատճառով էլ մակերեսային անարժեք հեղեղները եկան-անցան արժեքավոր մշակույթի վրայով, եւ լավ է, որ չկարողացան խորտակել այն»,- ասաց Ռ. Դավոյանը: Առանց անուններ տալու՝ բանաստեղծը հայտարարեց. «Ոմանց ձեռնտու է, որ ասեն՝ մշակութային լուրջ արժեքներ այսօր չունենք: Եթե անուններ տամ, լրագրողները կչարաշահեն այս խնդիրը: Բայց մի օր լուրջ զրույցի ժամանակ հիմնավորելով ամբողջը՝ կբերեմ-կդնեմ մեջտեղ»: Բանաստեղծը նեղացած է ժողովրդից, որ չի գնահատում իր մտավորականին. «Ինչո՞ւ է ժողովուրդն անընդհատ ասում՝ ո՞ւր են մեր մտավորականները: Ասում է, որ գանք-խոսենք, դո՞ւրս տանք դեսից -դենից, արդյունքում ինքը գնա իր անելիքն անի, իսկ դուք՝ լրագրողներդ, ձեր ուզա՞ծը գրեք… Հիշում եմ, մի անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը գնացել էր Արագածոտնի մարզ ժողովրդի հետ հանդիպման, նրան հարցրել էին՝ դահուկ քշողները հովանավորվում են նախագահի կողմից, շախմատիստներին էլ Սերժ Սարգսյանն է հովանավորում, ինչո՞ւ ֆուտբոլին էլ տեր չեք կանգնում: Նախագահը խոստացել էր, որ ֆուտբոլն էլ կհովանավորի: Ցավում եմ, որ այդ հանդիպման ժամանակ չգտնվեց մի մարդ, որը ասեր՝ մշակույթ ենք ուզում, մշակույթն էլ հովանավորեք»:

Ռ. Դավոյանը կարծում է, որ ԶԼՄ-ների ղեկավարները չեն պահանջում լրագրողից մշակույթ լուսաբանել(՞). «Խմբագիրներին միայն հետաքրքրում է, թե իր լրագրողը որ քաղաքական լիդերի հետ է հանդիպել, ինչ սենսացիոն նյութեր է բերել: Իսկ մշակույթի պահանջ ունեն միայն քաղաքականությունից դուրս գտնվող մաքուր, ազնիվ մարդիկ»: Լրագրողները Ռ. Դավոյանին հիշեցրին իր քաղաքական անցյալը, մասնավորապես՝ դաշնակցական լինելը: Նա ասաց, որ ՀՅԴ անդամությունն իր համար զուտ գաղափարական խնդիր է: Ռ. Դավոյանը նշեց, որ չնայած այս ամենին, ինքը լավ բանաստեղծություններ է գրել, 30000-40000 տպաքանակով տպագրված իր գրքերի համար ժամանակին հերթեր են գոյացել գրախանութներում. «Ես 15 տարի ընթերցող եմ դաստիարակել, իսկ նրանք, ովքեր ձեւավորեցին Հայաստանի Հանրապետությունը, քանդելու քաղաքականություն են տարել: Այսօր էլ բոլորը խոսում են համակարգային փոփոխություններից, բայց դա նրանց համար ընդամենը ծայրամասից կենտրոն տեղափոխվելու պես մի բան է»: Ռ. Դավոյանն ասաց, որ այս պահին չի ցանկանում ԱԺ պատգամավոր դառնալ, բայց եթե զգա, որ իր անհրաժեշտությունը կա՝ անպայման կփորձի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել