Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԻՄԵՔ «ՇԱՐՄԻ» ՆԱՏԱՅԻՆ»

Փետրվար 26,2007 00:00

Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հարցազրույցները համաձայնեցնում է «Շարմի» հետ:

1938 թ. կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի հիմնած Հայաստանի պետական ջազային նվագախումբը առաջինն էր տարածաշրջանում։ Անդրկովկասում նրանից հետո սկսեցին ստեղծվել նման նվագախմբեր: Կոմպոզիտորն այն ղեկավարեց մինչեւ 1956թ., որից հետո գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնեց Կոնստանտին Օրբելյանը։ Ընդ որում, նվագախումբը, ի տարբերություն մեր օրերի, այն տարիներին ուներ դրույքով աշխատող մեներգիչներ։ Ավելին՝ Հայաստանի ջազ-նվագախմբի հետ երազում էին բեմ բարձրանալ ռուսաստանյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Իրինա Պոնարովսկայան եւ այլք։ Իր արվեստում բծախնդիր Կ. Օրբելյանը՝ լսելով, օրինակ, Իրինա Ալեգրովային, նրան այդպես էլ չի ընդունել նվագախումբ։

1990-ականների սկզբներին, երբ Կ. Օրբելյանը տեղափոխվեց ԱՄՆ, իրեն արժանի փոխարինող տեսնում էր միայն կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին: Սակայն վերջինս չէր կարող ղեկավարել Երգի պետական թատրոնը եւ միաժամանակ՝ ջազ-նվագախումբը։ Շոու-բիզնեսում այդ թվականներին արդեն ճանաչված Արթուր Գրիգորյանի «դաբրոյով» էր, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Արմեն Մարտիրոսյանը։

Վերջինս օրերս մերժեց «Առավոտին» հարցազրույց տալ, ասելով՝ «նախ պիտի դիմեք «Շարմի» Նատային (խոսքը «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրենի օգնական Նատալյա Ղազանչյանի մասին է – Ս. Դ.) եւ նախօրոք հարցերն էլ իրեն տրամադրեք»։ «Շարմի» Նատային, բնականաբար, չդիմեցինք, որովհետեւ ջազ- նվագախումբը պետական է եւ ոչ թե «Շարմ» ընկերության հիմնածը կամ դուստր-ձեռնարկությունը: Երկրորդ, ուզում էինք Արմեն Մարտիրոսյանից անձամբ ճշտել՝ 1997թ. ստանձնելով Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ինչո՞ւ առայսօր չի հրավիրել ոչ մի ասուլիս եւ հանրությանը չի տեղեկացրել իրենց գործունեության մասին: Ինչո՞ւ է մինչ օրս նվագախումբը հատուկենտ մենահամերգներ ունեցել կամ 1997-ից ի վեր ինչո՞ւ է հանդիսատեսին ներկայանում հիմնականում նվագակցողի կարգավիճակով՝ ապահովելով, օրինակ, Շուշան Պետրոսյանի կամ մեկ ուրիշի մենահամերգները։ Իսկ ցանկացած մենահամերգ, այն էլ՝ նման կոլեկտիվի ընկերակցությամբ, ուր աշխատում են հանրապետության լավագույն երաժիշտները, թանկ հաճույք է յուրաքանչյուր երգիչ-երգչուհու համար։ Գուցե գեղարվեստական ղեկավարը մտավախությո՞ւն ունի, որ գործիքային երաժշտությամբ իրենք հանդիսատես չեն հավաքի, դրա համար էլ համագործակցում է երգիչների հետ: Այդ դեպքում ինչո՞ւ մշակույթի նախարարությանը չի դիմում մեներգիչների հաստիքներ ներմուծելու համար: Այս հարցերի պատասխանն էինք ակնկալում պրն Մարտիրոսյանից:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը տեղեկացրեց, որ այժմ 25 երաժիշտներից բաղկացած նվագախումբը տարեկան պետության կողմից ստանում է սուբսիդիա՝ 9 մլն 711500 դրամ, իսկ դա բավարար չէ անգամ աշխատավարձերի համար: Ուստի նվագախումբը պարտավոր է համերգների հասույթից ստացված գումարով լրացնել բացը: Իսկ համերգները, առանց սեփական մեներգիչների, գուցեեւ չարդարացնեն Ա. Մարտիրոսյանի հույսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել