Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնում էր՝ չէ՞ր ասում

Փետրվար 26,2007 00:00

Արդյո՞ք կաշառակերությունը եւ հակաժողովրդավարությունը Հայաստանում սկսեցին ծաղկել 2006 թվականի մայիսից:

Փետրվարի 20-ին ավարտվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի այցը Եվրոպա ու ԱՄՆ: Երբ ծանոթանում ես ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնալ» պարբերականում պարոն Բաղդասարյանի հրապարակած հոդվածին, ակնհայտ է դառնում, թե հանուն նարնջագույն հեղափոխության՝ ինչ կարգի բարոյական զոհողություններ են պահանջվել երեք տարի ՀՀ իշխանության մաս կազմած եւ երեք տարի երկրի երկրորդ դեմք հանդիսացած նախկին պաշտոնյայից։

Եվ այսպես, ՕԵԿ նախագահը տվյալ հոդվածում ասում է, որ Հայաստանը տառապում է ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգից եւ լայնորեն տարածված կաշառակերությունից, ասում է, որ Հայաստանի քաղաքացիներն ու լրատվամիջոցները ազատ չեն եւ որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կառավարության մաս կազմող կուսակցությունները, հնարավոր է, դիմելու են կեղծիքների: Ասվածը, անշուշտ, 100 տոկոսանոց ճշմարտություն է: Սակայն նման հայտարարությունից ընդամենը երկու հետեւության կարելի է գալ. առաջին՝ այն ամենը, ինչի մասին այդ հոդվածում նշում է ՕԵԿ նախագահը, տեղի է ունեցել 2006-ի մայիսից հետո, երբ Բաղդասարյանը հրաժարական է տվել ԱԺ նախագահի պաշտոնից եւ իր կուսակցությամբ դուրս է եկել իշխող կոալիցիայից։ Տարբերակ երկրորդ. տարիներ շարունակ Արթուր Բաղդասարյանը ականատես է եղել երկիրը խժռող կոռուպցիային ու կաշառակերությանը, տեսել է, թե ինչպես է ճնշվում ազատ խոսքն ու մամուլը, բայց լռել է, որովհետեւ ինքը նույն այդ հանցագործ իշխանության մասն է կազմել: Ավելին, լինելով ԱԺ նախագահ, պարոն Բաղդասարյանը բազմաթիվ պաշտոնական այցեր է կատարել տարբեր երկրներ եւ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների ընթացքն ու եվրոպական կառույցներին ինտեգրվելու ջանքերը, արժեւորել է կոռուպցիայի դեմ տարվող կառավարության պայքարը եւ հույս հայտնել, որ սույն դրական զարգացումները շարունակվելու են։ Եթե ընդունենք, որ այժմ ՕԵԿ նախագահի կողմից իրավացիորեն մատնանշվող ախտերը գոյություն են ունեցել նաեւ մինչեւ 2006 թվականի մայիսը, եւ պարոն Բաղդասարյանը (որի ինտելեկտին չենք կասկածում) դրանք նկատել է, ապա ստացվում է, որ ԱԺ նախագահի կարգավիճակով իր բոլոր այցերի ժամանակ նա պարզապես մոլորեցրել է միջազգային կառույցներին եւ նրանց սխալ տեղեկատվություն է տրամադրել:

Մնում է միայն զարմանալ, թե ինչու արեւմտյան լրատվամիջոցները այդ պարզ, տրամաբանական հարցը չեն տալիս ընդդիմության հարգարժան ներկայացուցչին: Այսինքն՝ չեն հետաքրքրվում, թե ինչո՞ւ պարոն Բաղդասարյանն իր արդար բողոքի ձայնը չէր բարձրացնում այն ժամանակ, երբ նույն այդ հանցագործ իշխանության շատ կարեւոր եւ պատասխանատու մաս էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել