Ուսանողների կարծիքներն այդ հարցում
հակասական են
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության կողմից անցկացված «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» թեմայով հարցումների արդյունքներին առայժմ արձագանքել է միայն Երեւանի պետական ագրարային համալսարանը (ԵՊԱՀ): Ըստ վերոնշյալ հետազոտության, ագրարայինում կոռուպցիան 96% էր գնահատվել: Բուհից առաջարկեցին, որ ինքներս էլ հարցումներ անցկացնենք իրենց ուսանողների շրջանում:
Մեր այցելության ժամանակ անասնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները կես կատակ-կես լուրջ ասացին, որ իրենց բուհը ոչ թե 96, այլ 102%-ով է կոռումպացված: Սակայն շփման ընթացքում, որին ներկա էին նաեւ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանը եւ դասախոս Անի Խուդավերդյանը, երիտասարդների գնահատականները հետզհետե մեղմացան: Քննարկման սկզբում ուսանողները պնդում էին, որ առանց ծանոթի եւ գումարի դժվար է քննություն ստանալը: Նրանք դժգոհում էին հատկապես ոչ մասնագիտական առարկաների առատությունից, որոնք անհնար է սեղմ ժամկետում պարապել: Որոշ ուսանողներ էլ բուհում եղած կոռուպցիոն դրսեւորումները դասախոսների սոցիալական վիճակի հետ էին կապում: Եղան նաեւ կոշտ արձագանքներ՝ թե սխալ հասցեով ենք եկել եւ իրենց բուհում կաշառակերության նշույլ անգամ չկա: Բուհի դասախոսների անկաշառության մասին արտահայտվողները, ի տարբերություն կոռուպցիոն դրսեւորումների մասին խոսող ուսանողների, այդպես էլ չցանկացան իրենց անունները հրապարակել(՞): Մեր հարցին՝ կա՞ մեկը, ով երբեւէ գումարով գնահատական է ստացել, միայն Տիգրան անունով մի ուսանող դրական պատասխանեց, որից հետո կուրսեցիները նրան «ապուշ» եւ «հիմար լակոտ» անվանեցին: Իսկ մեկ այլ ուսանող՝ Սերոժ Սերոբյանը, թեմայից շեղելով, խորհուրդ տվեց. «Այլ բուհերի կոռուպցիայի մասին գնացեք նյութեր հավաքեք: Տեղեր կան՝ 400-500 դոլար են պահանջում գնահատականի համար: Մեզ մոտ այդ գումարները մի քանի զրոյով պակաս են, պարզապես մեր անունն է դուրս եկել»:
Մեզ հաջողվել է պարզել, թե ինչ «սակագներ» են գործում այս համալսարանում: Աղբյուրն էլ նույն բուհի ուսանողներն են, որոնց անունները հասկանալի պատճառով չենք հրապարակում:
Օրինակ, մասնագիտական քննությունները ԵՊԱՀ -ում 20000 դրամ արժեն, ոչ մասնագիտականները՝ 15000, ստուգարքները 3000-10000 դրամով են նշանակվում, իսկ կուրսայինները ամբիոնից «պատվիրվում» են 5000 դրամով, իսկ 10000 դրամով՝ նշանակվում: Պրակտիկայի հաշվետվություններն էլ կարել է ձեռք բերել 10000 դրամով եւ գնահատվել եւս 5000 ավելացնելու դեպքում: ԵՊԱՀ ուսանողները հավաստիացնում են, որ 100000 դրամով հնարավոր է կիսամյակին հրաժեշտ տալ առանց «լիկվիդների»:
Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, սակայն, պնդում է, որ իր ձեռնարկած որոշ միջոցառումների արդյունքում վերջին տարիներին իրենց բուհում կոռուպցիան նվազագույնի է հասցվել. «Մեզ մոտ արդեն քանի տարի է, ինչ քննաշրջանն ավարտելուց հետո դասախոսների մասին ուսանողները անանուն հարցաթերթիկներ են լրացնում: 12 հարցերի միջոցով նրանք գնահատում են դասախոսների մասնագիտական եւ մարդկային որակները, այդպիսով ձեւավորելով վերջիններիս կիսամյակային ռեյտինգը: Երբ նկատում ենք, որ նույն դասախոսը մի քանի անգամ ցածր է գնահատվում, լուրջ զրույցներ ենք ունենում նրա հետ եւ զգուշացնում, որ եթե ցանկանում է շարունակել աշխատանքը մեր բուհում, պետք է բավարարի ուսանողներին՝ որպես դասախոս, դաստիարակ եւ մարդ: 18 դասախոս արդեն հեռացել է բուհից: Եվ ես ոչ մի կասկած չունեմ, որ ուսանողները օբյեկտիվ են գնահատել նրանց: Ունեմ նաեւ հատուկ մատյան, որտեղ գրանցված են մեր ուսանողների դիտողություններն ու առաջարկները»:
Ագրարայինի ռեկտորը նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտի հետ քառամյա ծրագիր են իրականացնում, որի շրջանակներում նախատեսված է 2007-ի մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ տարբեր համալսարանների 10 փորձագետների կողմից անցկացնել լայնամասշտաբ մոնիտորինգ, որտեղ նաեւ կոռուպցիայի մասով ուսումնասիրություններ կլինեն:
Չենք կարող չնշել, որ «Առավոտին» եւ ուսանողական հ/կ-ին բուհ հրավիրելը եւ կոռուպցիայի խնդիրները բաց ու անկաշկանդ քննարկելն արդեն իսկ դրական երեւույթ է եւ շահեկանորեն տարբերում է տվյալ բուհը մնացածներից: