Լրահոս
Օրվա լրահոսը

Քանակ արդեն կա, ընդհանուր որակն է պակասում

Փետրվար 26,2007 00:00

\"\"Օրերս մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց բռնցքամարտի հանրապետության պատանեկան առաջնությունը, որի արդյունքներով կազմավորվեց այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականի հիմնական կորիզը:

Առաջնությանը մասնակցեցին Երեւան քաղաքի, Շիրակի, Լոռիի, Աբովյանի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերի մարզադպրոցների եւ ակումբների կաշվե ձեռնոցի 157 պատանի վարպետներ: Մրցումների ավարտին ՀՀ սպորտպետկոմի օլիմպիական մարզաձեւերի համակարգման վարչության պետ Լեւոն Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց առաջնությունից ստացած իր տպավորությունները:

«Այս առաջնությունն ինքնանպատակ չէր կազմակերպվել: Առջեւում հուլիս ամսին Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին մեկ ամիս հետո հաջորդելու է նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությունը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում: Հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանն արդեն կողմնորոշվել է, թե ում է հրավիրելու մինչ այդ կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներին: Մեր պատանեկան հավաքականը նախ մարտ ամսին մեկնելու է Մոսկվա, որտեղ համատեղ մարզումներ եւ ընկերական մենամարտեր կկազմակերպի մարզաձեւի հարուստ ավանդույթներ ունեցող ռուսաստանյան դպրոցի, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում ավանդաբար ՌԴ մայրաքաղաք ժամանող այլ երկրների լավագույն բռնցքամարտիկների հետ: Այնուհետեւ թիմը կվերադառնա Հայաստան եւ նախապատրաստությունը կշարունակի Ծաղկաձորում:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, տպավորություններս որոշ առումով հակասական են: Ուրախացնում է, որ ընդլայնվում է առաջնության աշխարհագրությունը: Եթե սրանից մի քանի տարի առաջ, որպես կանոն, ռինգ էին մտնում հիմնականում մայրաքաղաքի, Գյումրիի եւ Վանաձորի ներկայացուցիչները, հիմա արդեն մասնակցում են նաեւ մյուս մարզերի պատանիները: Այս անգամ առաջնությանը մասնակցել ցանկացողների թվաքանակը գերազանցում էր ակնկալվող սահմանը, դրա համար էլ շատերին իրենց կարողությունը ցուցադրելու հնարավորություն ընձեռել չհաջողվեց: Ավելին, մարզերից ժամանած մարզիկներից ոմանք ոչ միայն գլխաքանակ են ապահովում, այլեւ դառնում են Հայաստանի չեմպիոններ ու մրցանակակիրներ, հաջող մասնակցություն ունենում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, իրենց տարիքային խմբի միջազգային մրցաշարերում՝ բարձրանալով պատվո պատվանդան: Անուններ այս պահին չթվարկեմ: Միայն ասեմ, որ 2005-ին Եվրոպայի պատանեկան առաջնությունում 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ նվաճելուց եւ թիմային 2-րդ տեղը գրավելուց մեկ տարի անց ընդամենը 1 «բրոնզով» տուն վերադառնալն արդեն մեզ չի բավարարում: Հիմա ցանկություն կա առնվազն կրկնել 2005-ի ցուցանիշը, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ գերազանցել: Դրա համար, իմ համոզմամբ, անհրաժեշտ է, որպեսզի տեղերում մարզիչներն ավելի մեծ տեղ տան բռնցքամարտիկների տեխնիկա-տակտիկական պատրաստվածությանը, առանձին հնարքների կատարելագործմանը: Իմ դիտարկումներով, առաջնությունում մասնակիցների ֆիզպատրաստականությունն այնքան էլ վատ չէր, սակայն մեծ մասին չէր բավականացնում դիմացկունությունը: Սրանք խնդիրներ են, առանց որոնց վերացման՝ միջազգային ռինգում լուրջ հաջողություններ ակնկալելն անիմաստ է: Պակաս կարեւոր չէ նաեւ մրցավարության ընդհանուր որակը: Ստացվել է այնպես, որ մեր մրցավարները այս կամ այն մարզական կազմակերպության, ընկերության, մարզադպրոցի անդամ են ու չեն կարողանում ռինգում անկողմնակալ լինել: Դա շատ է խանգարում մեր մարզաձեւի զարգացմանը: Պետք է ինչ-որ ելք գտնել: Ասենք, այդ ոլորտ ներգրավել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի երիտասարդ ուսանողներին: Թող խորամուխ լինեն մրցավարի պարտականությունների մեջ, ռինգում փորձ ձեռք բերեն: Իսկ լավագույններին կարելի է նաեւ նյութական խրախուսանքի արժանացնել»:

Խոսելով Հայաստանի մեծահասակների ազգային հավաքականի ծրագրերի մասին՝ պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Ներկայումս նրանք մինչեւ փետրվարի 28-ը ուսումնամարզական հավաք են անցկացնելու Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում: Մինչ այդ Ծաղկաձորում էին: Ազգային հավաքականի տարեկան օրացուցային պլանը խիստ ծանրաբեռնված է: Նրանք նախ մեկնելու են Իրան, որտեղ մասնակցելու են միջազգային մրցաշարի, տեղի բռնցքամարտիկների հետ անցկացնելու են համատեղ մարզումներ: Այնուհետեւ գնալու են Ֆրանսիա՝ նույնպես մրցաշարի եւ համատեղ հավաքների: Ապրիլի 10-15-ը նախատեսված է Հայաստանի առաջնությունը, որին հաջորդելու է եւս մի հավաք: Մրցաշարեր կան Չեխիայում, Դոնեցկում եւ այլուր: Դե, իսկ գլխավոր ստուգարքը լինելու է աշխարհի առաջնությունը, որը թեեւ այսօրվա դրությամբ նշանակված է Մոսկվայում, բայց հնարավոր է տեղափոխվի մեկ այլ տեղ: Սակայն որտեղ էլ այն անցկացվի, ըստ նախնական տեղեկատվության, այնտեղ յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղերը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են տալու: Նախատեսված է նաեւ վարկանիշային եւս երկու մրցաշար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել