Ինչպես հայտնի է, թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մարտի 3-ին ԱՄՆ-ում չեմպիոնական գոտու պաշտպանության հերթական մարտն է անցկացնելու առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Բուրգոսի հետ:
Վիկը չի կասկածում ժամկետից շուտ տոնելիք իր հաղթանակին եւ Ամերիկայում ավելի հեռու գնացող նպատակներ ունի իրականացնելու: Նա մտադիր է մենամարտի հրավիրել նույն օրվա շոուի ծրագրի մեջ մտնող՝ WBC-ի չեմպիոնի կոչման համար առաջին կիսաթեթեւ քաշայիններ Իսրայել Վասկես-Ռաֆայել Մարկես հակամարտության հաղթողին: «Ես կհրավիրեմ եւ Վասկեսին, եւ Մարկեսին,- հայտարարել է վանաձորցին:- Բայց ես առաջ եմ նայում եւ չեմ ցանկանում մնալ իմ քաշային կարգում: Ես ցանկանում եմ միավորել թեթեւագույն քաշային կարգի բոլոր տիտղոսները, բայց եթե մյուս չեմպիոնները խուսափեն ինձ հետ մենամարտելուց, ավելի բարձր քաշային կարգ կբարձրանամ, որպեսզի կրկին դառնամ աշխարհի չեմպիոն: Ես ցանկանում եմ լինել աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ անկախ իմ քաշային կարգից»:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասնագետները ենթադրում են, որ Վիկը բարձր քաշ տեղափոխվելու մասին հայտարարելով՝ նկատի ունի WBC-ի եւ WBO-ի վարկածներով կրտսեր թեթեւ քաշային կարգում (մինչեւ 58,967 կգ) վարկանիշային դասակարգման ցուցակի 1-ին հորիզոնականն զբաղեցնող կոլումբիացի Մեննի Պակյաոյի (մականունը՝ Ավերիչ) հետ հանդիպելը, ով անցկացրած 48 մենամարտերից հաղթել է 43-ում (34-ը՝ նոկաուտով), կրել 3 պարտություն եւ 2-ն ավարտել ոչ-ոքի: