Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ «ՊՏՈՒՂՆԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ»

Փետրվար 26,2007 00:00

\"\"Ըմբշամարտի որոշ մարզիչների համոզմամբ, պետությունն ու օլիմպիական կոմիտեն իրենց ըստ արժանվույն չեն գնահատում:

Հանրապետությունում մարզաշխարհի աշխատողների, հատկապես գործող բարձրակարգ մարզիկների ու նրանց մարզիչների նյութական վիճակը բարելավելու նպատակով վերջին տարիներին գործնական քայլեր արվել են: Եղած հնարավորությունների չափով բարձրացվել է մարզիչների աշխատավարձը, իսկ հավաքական թիմերի անդամների համար, ովքեր նախապատրաստվում են օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, սահմանվել են ամենամսյա հավելավճարներ: Վերոնշյալ մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները, հավաքականների ու անձնական մարզիչներն այդ ամենից բացի տարեվերջին արժանանում են ՀՀ նախագահի դրամական պարգեւներին: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նրանց, բացի դրամական խոշոր խրախուսանքներից, մեքենաներ, իսկ կարիքավորներին՝ բնակարան է նվիրում:

Սակայն ըմբշամարտի մարզիչների մի ստվար բանակ, հատկապես նրանք, ովքեր մարզում են հիմնականում պատանիներին, տրտնջում են, որ իրենց աշխատանքն ըստ արժանվույն չի գնահատվում: Գյումրիի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն, միջազգային կարգի մրցավար Գեւորգ Ալեքսանյանն այդպես մտածողների համոզմունքը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Երբ պատանի ըմբիշը դառնում է հանրապետության չեմպիոն, ընդգրկվում հավաքական եւ նրա առջեւ արդեն բացվում են միջազգային ասպարեզներ տանող դռները, օլիմպիական կոմիտեն միայն մարզիկին է ամենամսյա հավելավճար սահմանում՝ նրա սննդի կալորիականությունը բարձրացնելու, ընտանիքի հոգսերը մի փոքր թեթեւացնելու համար: Բայց չէ՞ որ հաջողության հասած այդ մարզիկը պարտական է նախ եւ առաջ իր անձնական մարզչին, ով առնվազն 5-7 տարի ամեն օր իր սանի հետ հավասար, եթե չասենք ավելի, քրտինք է թափել՝ մինչեւ հասցրել է այդ մակարդակին: Եվ դա այն դեպքում, երբ մարզադպրոցի մարզչի աշխատավարձն ընդամենը 20-25 հազար դրամ է ու նա էլ, որպես ընտանիքի հայր, նաեւ իր երեխաների ապրուստը հոգալու պարտավորություն ունի: Այստեղ է, որ վիրավորվում է անձնական մարզչի արժանապատվությունը: Եվ մեր լավ մասնագետների մեջ կորչում է ոգեւորությունը, շատերը հարկադրված սկսում են մտածել գործը փոխելու կամ երկրորդ տեղ էլ աշխատանքի ընդունվելու մասին, մի բան, որից տուժելու կամ արդեն տուժում է առաջին հերթին սպորտը:

Հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը, որ երիտասարդական եւ մեծահասակների հավաքական թիմերում անձնական սան ունեցող մարզիչները ամսական հավելավճար ստանում են, իսկ պատանիներինը՝ ոչ: Ճիշտ է, եթե պատանի ըմբիշը աշխարհի, Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճում, պետականորեն սահմանված նրան հասանելիք պարգեւագումարի 50 տոկոսի չափով անձնական մարզիչն էլ է խրախուսվում, բայց այս դեպքում էլ պարզ չէ, թե ի՞նչ սկզբունքով է այդպես որոշվել:

Մարզիչների համոզմամբ, իրենք էլ պետք է նյութապես կայուն վիճակում լինեն: Կարող եք ասել, թե, ասենք, Եվրոպայի չեմպիոն աճեցրած անձնական մարզիչը բավականին պատկառելի գումար է ստանում: Այո, ստանում է, բայց՝ տարվա մեջ մեկ անգամ: Եվ բացի դա, այդ գումարն այնքան էլ մեծ չէ: Պատկերացրեք, որ մարզադպրոցում մարզիչն իր խմբի մեջ տեսնում է մեծահասակների Եվրոպայի, աշխարհի կամ օլիմպիական ապագա չեմպիոնին: Բնական է, որ նա իր այդ սանի հետ մի 10-15 տարի ամեն օր անհամեմատ ավելի քրտնաջան է աշխատելու՝ հույս փայփայելով, որ երազանքն իրականանալու դեպքում վերջապես ինքն էլ նորմալ պարգեւատրում կստանա: Բայց երբ գալիս է չարչարանքի պտուղները քաղելու ժամանակը, Աստված մի արասցե, մարզիկը վնասվածք է ստանում՝ հարկադրված պետք է թողնի մեծ սպորտը կամ էլ որոշում է այլեւս չմարզվել: Կստացվի, որ մարզչի տարիների չարչարանքը ջուրը պետք է ընկնի ու ինքը պետք է հայտնվի կոտրած տաշտակի առջեւ:

Դրա համար է, որ մարզիչները (խոսքս ոչ թե համատարած բոլորի մասին է, այլ նրանց, ովքեր առաջին անգամ մարզաձեւ ոտք դրած երեխաներից չեմպիոններ ու մրցանակակիրներ են աճեցնում, ազգային հավաքականներին կադրեր մատակարարում) ցանկանում են ինչ-որ չափով իրենց ապահովված զգալ՝ մեկ կամ երկու պատանի չեմպիոն պատրաստած լինելու համար ամենամսյա հավելավճար ստանալով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել